Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը մեկնում է Մինսկ


Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է ԱՊՀ-ի գագաթնաժողովին, արխիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է ԱՊՀ-ի գագաթնաժողովին, արխիվ
Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը մեկնում է Բելառուս։ Երկրի ղեկավարի գրասենյակի փոխանցմամբ` Սարգսյանը Մինսկում մասնակցելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի նիստերին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Նախօրեին ռուսական «Իզվեստիա»-ն, մեջբերելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովի խոսքերը, գրել էր, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը, որի մաս են կազմում Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները, մի շարք հարցերի հետ պետք է քննարկի նաև Եվրասիական տնտեսական գոտու մաս կազմելու Հայաստանի հայտը։ Նրա խոսքով՝ սա հանդիպման ամենակարևոր հարցերից մեկն է լինելու։

Երկուշաբթի օրը Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ-ի երկրների լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ թեև մոտ ապագայում Հայաստանը Մաքսային միությանը չի կարող անդամակցել, բայց առաջիկայում կայանալիք ԱՊՀ-ի երկրների և ԵվրԱզԷՍ-ի անդամ պետությունների գագաթնաժողովում այս թեման կարող է բարձրացվել։ Լուկաշենկոն չէր բացառել, որ Մինսկում Մաքսային միությանը միանալու Հայաստանի մտադրության մասին փաստաթուղթ կստորագրվի։

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դժվարացավ ասել՝ արդյոք կստորագրվի ինչ-որ փաստաթուղթ Մինսկում։ Նրա կարծիքով՝ Լուկաշենկոյի հայտարարությունները իրար հակասում են, ամեն դեպքում, եթե ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի էլ, ապա այն ոչ թե իրավական, այլ միայն քաղաքական պարտավորություններ կդնի Հայաստանի առջև։

«Իրականում եթե ինչ-որ մի փաստաթուղթ լինի, դա չի նշանակի Հայաստանի վերջնական անդամակցության հարցի ձևավորում, որովհետև հասկանում եք, որ մի երկրի համար, որը չունի ցամաքային մաքսային սահման այդ միության հետ, շատ դժվար է պատկերացնել, թե հնարավոր է երկու-երեք շաբաթվա ընթացքում ինչ-որ մի լուծում առաջարկել, որը այդ հարցը կներառի և կլուծի այդ հարցը», - ընդգծեց Մինասյանը:

Վերլուծաբան Ստեփան Գրիգորյանի կարծիքով էլ՝ Հայաստանի կողմից Մինսկում ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվի։ Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում կքննարկվի Հայաստանի Մաքսային միություն մտնելու հայտը։ Գրիգորյանը հատկապես ուշադրություն հրավիրեց Լուկաշենկոյի այն հայտարարության վրա, որ Հայաստանը պետք է մի շարք ընթացակարգերով անցնի, որպեսզի կարողանա անդամակցել Մաքսային միությանը։ Սա, վերլուծաբանի կարծիքով, նսեմացուցիչ է։

«Եթե Հայաստանը ներկայացնում է հայտ, հայտարարություն է անում, որ ուզում է Մաքսային միություն մտնել, չի բացառվում, որ այդ բարձրագույն խորհրդում կքննարկվի այդ հարցը, ու այդ երեք երկրների ղեկավարները պետք է ոչ թե որոշում ընդունեն, այլ, իմ կարծիքով, իրենք կընդունեն հռչակագիր, հռչակագրի պես մի բան կընդունեն, ասենք՝ իրենք համաձայն են, համաձայն չեն, թե ինչ-որ մի բան», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG