Ուկրաինայի դեմ «մաքսային պատերազմը» պատգամ է բոլոր նախկին ԽԱՀՄ հանրապետություններին

ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյան

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ռուսաստանի կողմից ուկրաինական սահմանին մաքսային ռեժիմի խստացումն այսպես մեկնաբանեց Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
Հայաստանի քաղաքական դաշտում մտահոգություններ են հնչում, որ վերջին շրջանում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ կիրառվող տնտեսական ճնշումները կարող են առաջիկայում կիրառվել նաև Հայաստանի նկատմամբ՝ նպատակ ունելով խոչընդոտել Եվրամիության հետ մեր երկրի հարաբերությունների զարգացմանը և հարկադրել Երևանին ի վերջո անդամակցության հայտ ներկայացնել ստղեծվելիք Եվրասիական միություն:

Ուկրաինական ապրանքները, հիշեցնենք, հուլիսից սկսած խստագույն ստուգումների են ենթարկվում Ռուսաստանի հետ սահմանին: Մոսկվայից հայտարարում են, թե նպատակ կա ավելի մանրակրկիտ կերպով ստուգել Ուկրաինայից ներմուծվող ապրանքները, քանի որ դրանցից մի քանիսում հայտնաբերվել են առողջությունը վնասող նյութեր: Սակայն Կիևի ներկայացմամբ` ռուսական կողմի քայլերի հետևանքով փաստացի արգելվել է ուկրաինական շատ ապրանքների մուտքը ռուսական շուկա:

Իսկ այդ շուկան կարևոր է ուկրաինացի արտահանողների համար, և եթե իրավիճակը չփոխվի, ապա, ըստ լրատվամիջոցներում հայտնված գնահատականի, ուկրաինական կողմի կորուստները այս տարվա երկրորդ կեսին կարող են հասնել մինչև 2.5 միլիարդ դոլարի:

Կիևում համոզմունք են հայտնում, թե իրական պատճառը Եվրամիության հետ Ուկրաինայի զարգացող հարաբերություններն են, ինչից ծայրաստիճան դժգոհ են Մոսկվայում: Սպասվում է, որ այս նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության անդամ երկրների գագաթնաժողովում հետխորհրդային երկրներից Հայաստանը, Վրաստանը և Մոլդովան նախաստորագրելու են, իսկ Ուկրաինան արդեն ստորագրելու է Ասոցացման համաձայնագիրն ու Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագիրը:

Մինչդեռ, գաղտնիք չէ, որ Կրեմլում հետխորհրդային երկրներին տեսնում են Եվրասիական միության կազմում: Բանն անգամ հասավ այնտեղ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը հրապարակավ հայտարարեց, որ եթե Ուկրաինան ստորագրի Եվրամիության հետ վերահիշյալ փաստաթղթղերը, ապա Ռուսաստանն ավելի կխստացնի մաքսային ռեժիմը:

Ինչպես Ուկրաինայի, այնպես էլ մեր երկրի պարագայում Ռուսաստանը հանդիսանում է թիվ մեկ առևտրային գործընկերը: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, այս տարվա առաջին վեց ամիսներին մեր երկիրը Ռուսաստան է արտահանել ավելի քան 143.4 միլիոն դոլարի ապրանք, ինչը մոտ 20 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ազգային ժողովի պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չբացառեց, որ նույնպիսի սցենար կիրառվի նաև Հայաստանի նկատմամբ: «Ռուսաստանի պետության կողմից սա պատգամ է բոլոր նախկին խորհրդային հանրապետություններին` որ տեսեք ինչ կանեմ: Այո, բացառել չի կարելի, որովհետև Ռուսաստանն այսօր որևէ պարտնյորի հետ կանխատեսելի չի գործում»:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյան

Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Վահագն Խաչատրյանը, մինչդեռ, կասկած չունի, որ նույն լծակը Ռուսաստանը կօգտագործի Հայաստանի դեմ` եթե նշված փաստաթղթերը նախաստորագրվեն:

«Որովհետև Հայաստանն այսօր Ռուսաստանի հետ այլ ռեժիմով է աշխատում: Բայց երբ Հայաստանը մտնի այլ տնտեսական համակարգի մեջ, որտեղ այլ մաքսային ռեժիմներ են գործում, այդ դեպքում Ռուսաստանը իսկապես կարող է դիմել այդ քայլին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստարկեց Խաչատրյանը:

Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը (ՀՀԿ), սակայն, կարծիք հայտնեց, թե Ռուսաստանը տարբերակված մոտեցում կցուցաբերի Հայաստանի նկատմամբ:

ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյան (ՀՀԿ)

«Այս երեքը [Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան] հստակ հայտարարել են, որ իրենց ստրատեգիական նպատակը Եվրամիությանն անդամակցել է: Հայաստանը երբեք դա չի ասել. մենք ասել ենք, որ ընթանում ենք եվրաինտեգրացման ճանապարհով, բայց Եվրամիության անդամ դառնալու ձեւակերպում մենք երբեք չենք ունեցել, և այդ հարցը մեր քաղաքական օրակարգում ուղղակի չկա», - պարզաբանեց իշխող կուսակցության ներկայացուցիչը` հավելելով. - «Բացի այդ Հայաստանը Ռուսաստանի հետ հանդիսանում է ռազմաքաղաքական մի կառույցի՝ ՀԱՊԿ-ի անդամ, ինչը չկա Մոլդովայի, Ուկրաինայի ու Վրաստանի պարագայում»: