Մատչելիության հղումներ

Ռուս - ուկրաինական «կարամելա-շոկոլադային պատերազմ»


Ուկրաինա - «Ռոշեն» ընկերության քաղցրավենիքը Կիևի խանութներից մեկում, հուլիս, 2013թ․
Ուկրաինա - «Ռոշեն» ընկերության քաղցրավենիքը Կիևի խանութներից մեկում, հուլիս, 2013թ․

Ուկրաինական ապրանքի վրա Ռուսաստանում սահմանված այս արգելքը Կիևում շատերն են քաղաքական համարում:

Ուկրաինայում տասնամյակներ շարունակ արտադրվող և գովազդվող «Ռոշեն» ընկերության քաղցրավենիքի համը այսուհետ Ռուսաստանում չեն զգա: Շաբաթվա սկզբին Ռուսաստանի Դաշնության գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն հայտարեց, թե ուկրաինական կոնֆետներն այլևս ռուսների քիմքին հարմար չեն, և որ դրանց ներկրման վրա արգելք է սահմանվել՝ որակի հարցում թույլ տրված շարունակական խախտումների համար:

«Ռոշեն»-ի ներկայացուցիչները, մինչդեռ, հետևողականորեն պնդում են, որ ռուսական շուկայում աշխատելու ավելի քան 15 տարիների ընթացքում «Ռոսպոտրեբնադզոր»-ից կամ որևէ այլ մարմնից երբևէ բողոք կամ զգուշացում չեն ստացել:

Հատկանշական է, որ այսպես կոչված կարամելա-շոկոլադային այս պատերազմը սկսվեց Ռուսաստանի նախագահի Ուկրաինա կատարած վերջին այցից հետո, որի ընթացքում Վլադիմիր Վլադիմիրովիչն այդպես էլ չկարողացավ Կիևի համաձայնությունը ստանալ իր նախաձեռնած Մաքսային միությանը միանալու հարցում: Եվ պատահական չէ, որ հիմա ուկրաինական ապրանքի վրա սահմանված այս արգելքը Կիևում շատերն են քաղաքական համարում:

«Ռուսաստանը հասկանում է, որ Ուկրաինայի իշխանությունը նոյեմբերին Վիլնյուսի գագաթնաժողովում, այդուամենայնիվ, ստորագրելու է Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագիրը, և հենց դրանով է բացատրվում Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի քաղաքականության այժմյան փոփոխությունը՝ եթե Ուկրաինան ընտրում է եվրոպական առևտրային ինտեգրացիան, ապա անհրաժեշտ է ճնշել այդ երկրին տնտեսական և առևտրային լծակների օգնությամբ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է քաղաքագետ Վադիմ Կարասևը:

Ընդ որում, Ուկրաինայի նախկին արտգործնախարար Վոլոդիմիր Օհրիզկոյի համոզմամբ, այդ ճնշումները առաջիկայում, ամենայն հավանականությամբ, է՛լ ավելի են սաստկանալու:

«Իմ կարծիքով, Օնիշչենկոյի արած հայտարարության մեջ պատահական ոչինչ չկա: «Ռոշեն»-ից առաջ եղան խողովակները, դրանից հետո պանիրը կգա, հետո՝ էլի ինչ-որ բան: Սա տեղավորվում է միևնույն քաղաքականության մեջ, և ես մտավախություն ունեմ, որ սա դեռևս վերջը չէ․ որքան մենք ավելի մոտենանք Վիլնյուսյան գագաթնաժողովին, այնքան ավելի հաճախակի կդառնա ոչ ստանդարտ իրավիճակների հնարավորությունը Ուկրաինայի համար», - նշել է նախկին արտգործնախարարը:

Հիշեցնենք՝ անցած ամիս էլ Ռուսաստանը հրաժարվեց քվոտաներ տրամադրել Ուկրաինայից առանց մաքսատուրքերի ներկրվող խողովակների համար, ինչը մեծ հարված հասցրեց ուկրաինական «Ինտերփայփ» ընկերությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG