Մատչելիության հղումներ

Մոսկվան «առեւտրային պատերազմ» է սկսում Կիևի դեմ


«Մաքսային պատերազմ՝ Մաքսային միության փոխարեն», «Ռուսաստանը տնտեսական շրջափակման է ենթարկում Ուկրաինային», «Մոսկվան առեւտրային պատերազմ է սկսում Կիևի դեմ». այսպես են արձագանքել ուկրաինական և ռուսական թերթերը՝ մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության՝ երեկ ընդունած որոշումը:

Առայժմ անհայտ պատճառներով ու առանց որևէ նախազգուշացման ընդունված այդ որոշմամբ, մասնավորապես, ռուսական կողմը մեկ օրում շտապ կարգով փոփոխություններ է մտցրել սեփական փաստաթղթերում և Ուկրանիայից ներմուծվող ողջ արտադրանքը ներառել «ռիսկային» խմբում: Իսկ սա, ըստ գործարարների, նշանակում է, որ այսուհետ ուկրաինական բոլոր բեռները՝ առանց բացառության, մանրազնին ստուգումներ են անցնելու սահմանին, ստիպված են լինելու օրեր շարունակ սպասել հերթում, արդյունքում՝ սննդամթերքը փչանալու է, մատակարարումն ուշանալու, իսկ տնտեսությունը միլիարդավոր դոլարների կորուստներ է կրելու:

Ռուսական կողմը մինչև այս պահը որևէ կերպ չի մեկնաբանում Ուկրաինայի դեմ ընդունված այս որոշումը, մինչդեռ փորձագետներն այստեղ հստակ քաղաքական ենթատեքստ են տեսնում՝ հիշեցնելով, որ մի քանի ամսից Ուկարինան Վիլնյուսում փաստաթղթեր է ստորագրելու եվրոպական ինտեգրացիայի վերաբերյալ:

«Սա աննախադեպ որոշում է, այսչափ խիստ սահմանափակումներ դեռևս չեն եղել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է Մոսկվայի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Ալեքսեյ Պորտանսկին՝ հավելելով. - «Ռիսկային խմբում է հայտնվել ուկրաինական ողջ արտադրանքը, ինչի համար պետք է լինեն լրջագույն հիմնավորումներ, մինչդեռ այդպիսի որևէ նախազգուշացում չի հնչել: Ուստի, կամա-ակամա սկսում ես մտածել, որ այս ամենի պատճառը քաղաքականությունն է և դեպի Եվրամիություն գնալու՝ Ուկրաինայի որոշումը»:

Հիշեցնենք՝ ռուսական շուկայում ուկրաինական արտադրանքի համար «սև օրեր» սկսվեցին նախագահ Պուտինի՝ Կիև կատարած վերջին այցից հետո, որի ընթացքում, ինչպես փորձագետներն են պնդում, Վլադիմիր Վլադիրմիրովիչին այդպես էլ չհաջողվեց համոզել Ուկրաինային միանալ իր առաջարկած Մաքսային միությանն ու Եվրասիական դաշինքին: Այցի ավարտին Պուտինը հրապարակավ հայտարարեց, թե Մոսկվան պատրաստ է հարգանքով ընդունել Ուկրաինայի ցանկացած որոշում, հարցն այն է, թե որքանով կկարողանան կողմերը այդ որոշումից հետո փոխշահավետ կերպով համագործակցել:

«Հիմա, ակնհայտորեն, ռուսական կողմը որոշել է հստակ ցույց տալ, թե ինչպես են զարգանալու առևտրատնտեսական հարաբերությունները` եթե Ուկրաինան ընտրություն կատարի Եվրոպայի օգտին: Ընդ որում` ցույց տալ բավական կոպիտ և բիրտ մեթոդներով», - ասում է տնտեսագետ Ալեքսեյ Պորտանսկին:

«Ամիսներ առաջ արդեն Մոսկվան հայտարարում էր, որ Եվրոպայի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելուց հետո ուկրաինական ապրանքների ներմուծումը ռուսական շուկա էականորեն կրճատվելու է: Սակայն փաստն այն է, որ այդ բիրտ մեթոդները կիրառվում են այսօրվանից արդեն», - ընդգծում է Կիևի փորձագիտական կենտրոններից մեկի տնօրեն Իգոր Շևելյովը:

Նշենք, որ Պուտինի՝ ուկրաինական այցից և Կիևի համաձայնությունը չստանալուց ընդամենը մեկ օր անց «Ռոսպոտրեբնադզորը» առանց որևէ նախազգուշացման արգելանք սահմանեց ուկրաինական կոնֆետների՝ «Ռոշեն» ընկերության արտադրանքի վրա: Ընդ որում, փորձագետները ամենևին պատահական չեն համարում, որ «ռուսական արջի» առաջին «հարվածն» իջավ հենց այս ընկերության վրա:

««Ռոշեն»-ի սեփականատերը՝ Պյոտր Պորոշենկոն, ակտիվ քաղաքական գործիչ է, ով Յուշչենկոյի ու Յանուկովիչի վարչակազմերում զբաղեցրել է արտգործնախարարի և էկոնոմիկայի նախարարների պաշտոնները, և երկու դեպքում էլ աչք է ընկել որպես Ռուսաստանի առաջարկած Եվրասիական միությանը Ուկրանայի անդամակցության կատաղի հակառակորդ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստում է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, ում համոզմամբ, «Ռոշեն»-ի նկատմամբ սահմանված արգելանքը ուղերձ է ուկրաինացի բոլոր գործարարներին ու առաջին հերթին՝ կառավարությանը:

Նշենք, որ Կիևում ռուսական կողմի ճնշումները համահավասար քննադատության են ենթարկել թե' իշխող Ռեգիոնների կուսակցությունը, թե' ընդդիմադիր «Ուդար»-ը: Մեծամասնության ներկայացուցիչ, պատգամավոր Վլադիմիր Օլիյնիկը, մասնավորապես, հայտարարել է, թե այս քայլերը նպատակ ունեն ոչ քաղաքակիրթ ճանապարհով Ուկրաինային շեղել դեպի Ռուսաստանի առաջարկած Մաքսային միություն: Ընդդիմադիր ճակատում էլ Կրեմլի գործողությունները համեմատել են նախորդ դարից ժառանգած պատժամիջոցների ու ցարական նկրտումների հետ:

Դատապարտող հայտարարությամբ են հանդես եկել նաև մի շարք ուկրաինական կազմակերպություններ: Գործատուների ֆեդերացիան, մասնավորապես, կոչ է արել կառավարությանը պատասխան քայլեր ձեռնարկել և արգելանք սահմանել Ռուսաստանից ներկրվող ապրանքների վրա: Պաշտոնական Կիևը, սակայն, կարծես թե դեռ չի շտապում կտրուկ քայլերի դիմել:

«Ուկրաինայի կառավարությունը առաժմ փորձում է համաձայնության գալ Ռուսաստանի հետ, վաղը Մոսկվայում նախատեսված են բանակցություններ՝ կոնկրետ «Ռոշեն» կոնֆետների ներմուծման հետ կապված, և կարծես թե մինչև այդ բանակցությունները պաշտոնական Կիևը զերծ է մնում աղմկոտ հայտարարություններից», - պարզաբանում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության ղեկավար Մարիանա Դրաչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG