Մատչելիության հղումներ

Ռուս-ուկրաինական «սննդային պատերազմը» շարունակվում է


Արդեն երկրորդ օրն է՝ Ուկրաինայում կոմունիստները ստորագրություններ են հավաքում հանրաքվեի դնելու հարցը, թե որ ուղով է գնալու երկիրը՝ եվրաինտեգրման, թե՝ Ռուսաստանի առաջարկած Մաքսային միության:

Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Պետր Սիմոնենկոն՝ ընդգծելով, որ ժողովուրդն ինքը պետք է որոշի իր երկրի արտաքին քաղաքական ուղղությունը:

Իսկ ճիշտ ճանապարհը, ըստ կոմունիստների, մեկն է.- «Ռուսատանի, Բելառուսի ու Ղազախստանի հետ Մաքսային միությունը, որը ոչ միայն մեզ կվերադարձնի եղբայրական ժողովուրդների ընտանիք, այլև հրաշալի հեռանկարներ կբացի տնտեսական ու քաղաքական ասպարեզում»,- հավաստիացնում են նախաձեռնության հեղինակները:

Փորձագետները, այդուամենայնիվ, փաստում են, որ այս հարցում կոմունիստները բավական ուշացել են, և դժվար թե հասցնեն հանրաքվեի անցկացման համար ընթացակարգերն ավարտել մինչև նոյեմբեր, երբ, ինչպես ակնկալվում է, պաշտոնական Կիևը Վիլյնուսում կստորագրի Եվրամիության Ասոցիացման համաձայնագիրն ու Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը: Փոխարենը բավական ակտիվ և հապճեպ է գործում Ռուսաստանի սանտիարահիգիենիկ ծառայությունը, որը մեկը մյուսի հետևից արգելում է ուկրաինական ապրանքների մուտքը ռուսական շուկա։

Շաբաթներ առաջ Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն անպետք որակեց տասնամյակներ շարունակ անարգել վաճառվող ուկրաինական «Ռոշեն» ընկերության կոնֆետները, ավելի վաղ՝ Ռուսաստանի կառավարությունը հրաժարվեց քվոտաներ տրամադրել Ուկրաինայից առանց մաքսատուրքերի ներկրվող խողովակների համար, ինչը մեծ հարված հասցրեց ուկրաինական «Ինտերփայփ» ընկերությանը:

Փորձագետները պնդում են, թե այս որոշումները քաղաքական ենթատեքստ ունեն և մեկ նպատակ՝ պատժել Ուկրաինային եվրաինտեգրման ճանապարհն ընտրելու համար:

«Ես մտավախություն ունեմ, որ սա դեռևս վերջը չէ․որքան մենք ավելի մոտենանք վիլնյուսյան գագաթնաժողովին, այնքան ավելի հաճախակի կդառնան ոչ ստանդարտ իրավիճակները Ուկրաինայի համար»,- երկու շաբաթ առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր Ուկրաինայի նախկին արտգործխնախարար Վոլոդիմիր Օհրիզկոն և նկատել՝ «Ռոշեն»-ի կոնֆետներից առաջ եղան խողովակները, դրանից հետո կլինի պանիրը, հետո՝ մեկ այլ բան:

Փաստորեն, նախկին արտգործնախարարի կանխատեսումներն իրականացան, և այսօր արդեն ռուսական կողմը հայտարարում է, թե արգելված հավելումներ են գտնվել ուկրաինական մի շարք պանրատեսակներում ու տավարի մսում: Առայժմ սրանց ներմուծումը չի արգելվել, սակայն սահմանվել է խիստ հսկողություն, ինչը նշանակում է, որ ռուսական լաբորատորիաներում այլևս պետք է ստուգման ենթարկվի ողջ արտադրանքը և ոչ թե դրանցից ընտրողաբար վերցվող նմուշը, ինչպես նախկինում:
Սեփական երկրում ուկրաինական արտադրանքի համար խոչընդոտներ սահմանելուց բացի պաշտոնական Մոսկվան նույնն է պահանջում նաև Մաքսային միության անդամ մյուս պետություններից: Այսօր, մասնավորապես, Ղազախստանի առողջապահության նախարարությունը պաշտոնապես հաստատել է, որ հատուկ նամակ է ստացել «Ռոսպոտրեբնադզոր»-ից՝ ուկրաինական «Ռոշեն» կոնֆետների ներմուծումը արգելելու խնդրանքով: Ու թեև Ղազախստանի համապատասխան մարմինները ամիսներ առաջ արդեն քննության էին ենթարկել ուկրաինական կոնֆետներն ու որևէ անհանգստացնող բան չէին հայտնաբերել, այդուամենայնիվ, այս նամակից հետո որոշել են կրկնել փորձաքննությունները, հաղորդում են ղազախական լրատվամիջոցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG