Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում երրորդ անգամ պատարագ մատուցվեց

Կիրակի օրը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում անցկացված պատարագին մոտ 2000 հազար հայ ուխտավորներ են մասնակցել աշխարհի տարբեր ծայրերից։

Պատարագը, որը թուրքական կառավարության կողմից իրականացված վերանորոգումից հետո հայկական եկեղեցում անցկացվում է երրորդ անգամ, մատուցել է Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը։

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, Եկեղեցու ներսում մի քանի տասնյակ մարդ է տեղավորվել․ ուխտավորների մեծ մասը աղոթել է դրսում։

Հայ հոգեւորականները, ուխտավորները աղոթել են աշխարհի խաղաղության համար այս օրերին, երբ Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի հետեւանքով հազարավոր մարդիկ են զոհվել, վտանգված է, մասնավորապես, այնտեղ գտնվող մեծաթիվ հայ համայնքը։

ԱՄՆ-ի Հայոց արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը աղոթք է կարդացել Վանի երկրաշարժի եւ Սիրիայի հակամարտության զոհերի համար։

Հայկական եկեղեցին Աղթամար կղզում կառուցվել է 10-րդ դարում։ 2005-07 թվականների ընթացքում եկեղեցին վերականգնվեց թուրքական կառավարության կողմից եւ Հայոց ցեղասպանությունից գրեթե մեկ դար անց այն վերաբացվեց, սակայն որպես թանգարան, այլ ոչ թե եկեղեցի եւ թուրքական իշխանությունները տարվա մեջ ընդամենը 1 օր՝ Սուրբ խաչի տոնին են թույլ տալիս եկեղեցում հոգեւոր արարողություն անցկացնել։

Եկեղեցու վերանորոգումը օգուտներ է բերում Վանի նահանգին։ Թուրքիայի զբոսաշրջության նախարարության տվյալներով, անցած 2010 թվականին 30 հազար ուխտավորներ են այցելել եկեղեցի։ Նույնքան այցելություններ են կատարվել նաեւ անցյալ տարի՝ 2011-ին։

Your browser doesn’t support HTML5

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում երրորդ անգամ պատարագ մատուցվեց