Օրինականությունը պետք է բխի իրավունքից
Ըստ 170-էջանոց ծավալուն զեկույցի, որը կազմել են գիտնականներ Գյունեյ Ջյուքսուն եւ Օհանես Քըլիչդաղը, թուրքաբնակ հայերը պետությունից ոչ թե հանդուրժողականություն, այլ իրավունքների ապահովում են պահանջում։
«Խտրականության դեմ պայքարում կա մի բան, որը երբեւէ չպետք է օգտագործել, սակայն մշտապես օգտագործվում է, երբ խոսում ենք Օսմանյան կայսրության մասին, դա հանդուրժողականությունն է, որը հատուկ էր այս տարածքներում դարերի ընթացքում կողք-կողքի ապրող տարբեր դավանանքների եւ մշակույթների մարդկանց հարաբերություններին», - ասվում է TESEV-ի զեկույցում։
Քըլիչդաղի համոզմամբ, «հանդուրժողականություն» հասկացությունը ակամա «բարեհաճության» տրամադրություն է հաղորդում ցածրաստիճան եւ չսիրված հպատակների նկատմամբ բարձրաստիճան իշխանության դրսեւորած հարաբերություններին։
«Օրինականությունը պետք է բխի իրավունքից, այլ ոչ թե հանդուրժողականությունից», - զեկույցում նշել է հայազգի գիտնականը, որի համոզմամբ, այսօր Թուրքիային անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որում պետք է բացառվեն ազգային-մշակութային նախապատվությունները։
«Իրավահավասար քաղաքացիության ըմբռնումն է կարեւոր», - ասել է Քըլիչդաղը։
«Զաման» պարբերականի փոխանցմամբ, զեկույցը անցյալ եւ այս տարի տեղի ունեցած աշխատանքային չորս խորհրդակցությունների ընթացքում կազմել է թուրքահայերի մի խումբ, որի կազմում են եղել ուսուցիչներ, լրագրողներ, գիտնականներ, տարբեր հիմնադրամների եւ կառույցների ղեկավարներ։
Զեկույցում կա հինգ ենթաբաժին` ա. Հայկական ինքնությունը եւ խտրականությունը, կրթությունը, բ. Պատրիարքությունը եւ Պատրիարքի ընտրությունները, գ. Կրոնի ազատության ոտնահարումը եւ կրոնական իրավունքները, դ. Հիմնադրամներ եւ ընկերակցություններ. իրավական կարգավիճակը եւ գույքի տնօրինման եւ կազմակերպական խնդիրներ, ե. Պատմական դիմակայություն, Հայաստանը եւ Սփյուռքը։
Անհրաժեշտ է պետության ուղղակի աջակցությունը
Զեկույցի հեղինակների համոզմամբ, բավական չէ, որ իշխանությունները վերացնեն արգելքները, որոնք խոչընդոտում են հայերի ինքնության եւ մշակույթի պահպանումը կամ սահմանափակում են կրթական հնարավորությունները։
Հիմա անհրաժեշտ է պետության ուղղակի աջակցությունը Թուրքիայում հայոց կրթությունն ու մշակույթը փրկելու համար։
Քըլիչդաղն ասում է, թե զեկույցի վրա աշխատած բոլոր մասնակիցներն ընդունում են, որ անցած տասնամյակում Թուրքիայում դրական տեղաշարժ է գրանցվել, սակայն կառավարության նախաձեռնությունները հիմնականում գնահատվում են որպես մակերեսային եւ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը նոր քվեներ ապահովող քայլեր։
Ամբողջ այդ գործընթացը բացառապես կախված է վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի անձից եւ կամքից։ Իբրեւ օրինակ է բերվում Վանում Աղթամարի եկեղեցու խնդիրը. եկեղեցին չի տրվել Հայոց պատրիարքարանին. այնտեղ ընդամենն արտոնվել է տարին մեկ անգամ պատարագի մատուցում։
TESEV-ի զեկույցում այսպիսի գնահատական է տրված. - «Հայոց համայնքը, որը Թուրքիայի հասարակությունում խուսափել է տեսանելիությունից եւ հանրապետության տարիների խտրականության քաղաքականության եւ մոտեցման պատճառով ինքնամեկուսացվել է, 1990-ականների կեսերից սկսել է բարձրաձայնել իր խնդիրները, իսկ 2000-ական թվականներին մեկնարկած ժողովրդավարացման գործընթացում պահանջում է հավասար քաղաքացիություն եւ հայոց ինքնության հարգում»։
«Հայը» վիրավորական բառ է
Զեկույցի հեղինակների փոխանցմամբ, մտահոգիչ է Թուրքիայում հայերի ընկալումը եւ «հայ» բառը որպես վիրավորանք կիրառելը։
«Երբ որեւէ հայ ի հայտ է գալիս հասարակական կյանքում, նրան ընկալում են որպես թուրքահայերի կամ ընդհանրապես ամբողջ հայության հավաքական ներկայացուցիչ կամ խոսնակ։ Երբ հայը մասնակցում է հեռուստաբանավեճի, նրա արտահայտած կարծիքն ըմբռնում են որպես համայն հայության տեսակետ, դա նաեւ թուրքահայերի վրա է ազդում, ուստի, նրանք առավել զգուշավոր են լինում իրենց մեկնաբանություններում»։
Զեկույցում ասվում է, որ «հայ» բառն իբրեւ վիրավորանք ժամանակ առ ժամանակ ոչ միայն շարքային մարդիկ, այլեւ պետական պաշտոնյաներ եւ քաղաքական գործիչներ են օգտագործում։
«1997 թվականին, Թանսու Չիլերի վարչապետության օրոք, ներքին գործերի նախարար Մերալ Աքշեները` «Ճշմարիտ ուղի» կուսակցությունից, Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլահ Օջալանին անվանել է «հայի ծնունդ», այդ միջադեպը Թուրքիայում առ այսօր չեն մոռացել։ Իսկ տարիներ առաջ Իզմիրից ընտրված պատգամավոր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Չանան Անթմանը նախագահ Աբդուլա Գյուլին է անվանել «հայ», նախագահն էլ դա իսկապես ընկալել էր որպես վիրավորանք եւ դատական գործ հարուցել»։
1915. Անհրաժեշտ է եղածի համար հատուցում
Զեկույցում կան հասարակական կազմակերպություններին, մամուլին եւ համալսարաններին հասցեագրված կոչեր։ Դրանցից մեկը վերաբերում է «1915 թվականի դիմակայությանը»։
«Շարունակվում է դիմակայությունը պատմության այն մութ էջի հարցում, երբ Օսմանյան կայսրության վերջին փուլում տեղի է ունեցել հայության զանգվածային ոչնչացում։ Անհրաժեշտ են շոշափելի քայլեր ոչ միայն այս փաստերը բացահայտելու, այլեւ եղածի համար հատուցում ապահովելու, դարմանելու ուղղությամբ», - ասվում է զեկույցում։
Այդ փաստաթղթում կան նաեւ հայությանը հասցեագրված ուղերձներ եւ առաջարկներ։
Դրանցից մեկի համաձայն, «կրավորական դիրքորոշման եւ Պատրիարքարանի գործերին միջամտելու փոխարեն անհրաժեշտ է բարձրաձայնել հարցերը, ընդարձակել դրանց լուծմանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունները»։
Թուրքիային պետք է նոր Սահմանադրություն
Վերլուծության մեջ խորհրդարանին, քաղաքական կուսակցություններին, կառավարությանը եւ պետական ապարատին առաջարկվում է ընդունել նոր Սահմանադրություն, որը կընդգրկի իրավահավասար քաղաքացիության հստակ ձեւակերպում։
Առաջարկվում է մշակութային բազմազանության հարգումը ճանաչել որպես սահմանադրական սկզբունք։ Առաջարկվում է վերախմբագրել Քրեական օրենսգրքի 216 հոդվածը եւ կանխել ու պատժել «ատելության հրահրումը»` որպես ոչ միայն վտանգավոր հասարակական կյանքի եւ խաղաղության համար, այլ` սկզբունքորեն ընդհանրապես վտանգավոր։
Հայկական դպրոցները, ինչպես նաեւ այլ փոքրամասնությունների ուսումնական հաստատությունները, պետք է ստանան մշտական հատուկ կարգավիճակ, եւ նոր օրենքներում պետք է իշխի «դրական խտրականության» սկզբունքը։
Պետք է սահմանվի, որ Հայաստանից ժամանած երեխան կարող է կրթություն ստանալ իր լեզվով։
Պատրիարքարանին` իրավական կարգավիճակ
Պատմության դասագրքերը պետք է մաքրվեն «ատելություն եւ թշնամանք հրահրող մեկնաբանություններից եւ հայերի նկատմամբ խտրականությունից»։
Կրոնի, աղոթավայրերի եւ հոգեւոր սպասավորների պատրաստման հարցում պետք է ապահովվի հավասարությունը մահմեդականների հետ։
Կառավարությունը պարտավոր է ի կատար ածել վարչապետ Էրդողանի 2011 թվականի մայիսի 13-ի հանձնարարականը ոչ մահմեդական փոքրամասնությունների խնդիրները վերացնելու մասին։
Ստամբուլում Հայոց Պատրիարքարանը պետք է ստանա իրավական կարգավիճակ։ Փոքրամասնությունների հարցերը վերանայող խորհրդում եւ Փոքրամասնությունների վարչությունում պետք է ընդգրկվեն նաեւ ոչ մահմեդականները։
Իշխանությունները պետք է ստեղծեն համապատասխան մթնոլորտ, որը կնպաստի պատմագրության հարցում գաղափարախոսական սահմանների վերացմանը, ճանապարհ կհարթի գիտական հետազոտությունների համար, կվերացնի դատական պատիժը Թուրքիայում օտարալեզու հրապարակումների թարգմանության եւ հրատարակման համար։
Արձանագրությունների վավերացում եւ Դինքի սպանության բացահայտում
Զեկույցում ասվում է նաեւ, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կնպաստի երկու երկրների հարաբերությունների բարելավմանը։
Նշվում է, որ անհրաժեշտ է ավելի խորը եւ հիմնավոր անցկացնել լրագրող Հրանտ Դինքի սպանության հանգամանքների խորհրդարանական հետաքննությունը, պետք է բացահայտվեն բոլոր դավադիրներն ու պատասխանատուները։
Ուղիղ հեռարձակում