Մատչելիության հղումներ

Սեպտեմբերին կրկին պատարագ կմատուցվի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում


Թուրքիայում նախապատրաստվում են սեպտեմբերի 11-ին երկրորդ անգամ պատարագ մատուցել Վանի հայկական Սուրբ Խաչ եկեղեցում։

Ինչպես փոխանցում է «Հյուրիեթ»-ը, նախապատրաստական այդ աշխատանքներին աջակցում են նաեւ իշխանությունները։ Վանի նահանգապետարանը, մասնավորապես, մի շարք միջոցառումներ է ձեռնարկում, այդ թվում՝ նոր եւ ավելի մեծ կառամատույց է կառուցում՝ ակնկալվող հյուրերին հարմարավետ պայմաններով ընդունելու համար։

Տասնամյակների դադարից հետո անցած տարի վերակառուցված եկեղեցում մատուցված պատարագին ավելի քան 7000 մարդ մասնակցեց։ Այս տարի եւս Թուրքիայի իշխանությունները մեծ ակնկալիքներ ունեն։

Վանի նահանգապետ Մյունիր Քարալօղլուն, մասնավորապես, «Հյուրիեթ»-ին ասել է, թե իրենք այս տարի հայազգի հյուրեր են սպասում նաեւ Իրանից: Բացի այդ, դեռեւս օգոստոսից կղզի այցելող հյուրերի թիվը սկսել է ավելանալ։

«Նախորդ տարիների համեմատ այս տարվա առաջին վեց ամսիներին զբոսաշրջիկների թիվը արդեն ռեկորդային ցուցանիշների է հասել», - ասել է նահանգապետը՝ նկատելով. - «Անշուշտ, այցելողները միայն հայեր չեն, այլ զբոսաշրջիկներ՝ աշխարհի տարբեր անկուններից»։

«Հյուրիեթ»-ը գրում է, որ սեպտեմբերին կայանալիք պատարագին նախապատրաստվում է նաեւ Պոլսո Պատրիարքարանը. պատարագը մատուցելու է փոխպատրիարք Արամ Աթեշյանը։ Ի տարբերություն անցած տարվա, սակայն, այս անգամ հոգեւոր դասը պատարագին մասնակցելու պաշտոնական հրավեր չի ուղարկելու ո՛չ Հայաստան, ո՛չ էլ սփյուռքահայ համայնքներ։

Հիշեցնենք` անցած տարի Թուրքիայից ուղարկված հրավերը Հայաստանի աշխարհիկ ու հոգեւոր իշխանությունները չընդունեցին՝ պատճառաբանելով, թե պաշտոնական Անկարան դրժել է խոստումն ու եկեղեցու գմբեթին խաչ չի տեղադրել։

Անդրադառնալով այդ մեղադրանքներին՝ Վանի նահագապետը «Հյուրիեթ»-ին ասել է. - «Անցած տարի հայկական սփյուռքը նաեւ պնդում էր, թե թուրքական իշխանությունները երկրորդ անգամ այլեւս այս եկեղեցում պատարագ չեն թույլատելու, խաչն էլ չի տեղադրվելու։ Սակայն, ինչպես տեսնում եք, թե՛ խաչն է տեղադրվել, թե՛ երկրորդ պատարագը թույլատրվել։ Այնպես որ, խաչի շուրջ անցած տարվա բանավեճերը անիմաստ էին»։

Թուրք պաշտոնյան «Հյուրիեթ»-ին նաեւ ասել է, թե նահանգապետարանը ֆինանսավորում է ստացել միջազգային կառույցներից, ինչի հաշվին առաջիկայում վերականգնվելու է նաեւ Չարփանակ՝ Կտուց կղզում գտնվող հայկական միջնադարյան վանական համալիրը։ Նորոգման աշխատանքները, ըստ նախագապետի, կսկսվեն մի քանի ամսից: Դրանց ավարտին եկեղեցին կգործի որպես թանգարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG