«Զանգեզուրյան միջանցքի» բացումը խաղաղության հաստատման կարևոր պայման է, Բաքվում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը։
«Այդ միջանցքը խաղաղության, բարգավաճման և զարգացման ճանապարհ է տարածաշրջանի երկրների համար՝ Ադրբեջանի և Հայաստանի, այդ թվում՝ Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի համար։ Միաժամանակ այն կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման համար։ Հուսով ենք, որ Հայաստանը չի անսա երրորդ կողմերից եկող կեղծ լուրերին և կյանքի կկոչի խաղաղության և զարգացման ծրագիրը», - ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, ասել է Թուրքիայի իշխող ուժի բարձրաստիճան ներկայացուցիչը` հավելելով․ - «Զանգեզուրի միջանցքի աշխատանքները ադրբեջանական կողմից ավարտվել են, Հայաստանի սահմաններին մնում են աշխատանքներ, որոնք անհրաժեշտ է ավարտին հասցվեն։ Հուսով ենք, որ մոտ ապագայում կիրականացվի»։
Օքթայը նաև հայտարարել է, թե Անկարան աջակցում և միանում է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջին: «Մենք պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց դա անում ենք Ադրբեջանի հետ միասին», - շեշտել է Թուրքիայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչը:
«Զանգեզուրի միջանցքի» բացման մասին պաշտոնական Բաքվի հայտարարություններին ի պատասխան՝ Երևանը մշտապես շեշտել է, որ «միջանցքային տրամաբանություն բանակցություններում չկա»՝ ընդգծելով՝ հաղորդակցային ցանկացած ուղի պետք է լինի տվյալ երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո, և գործի հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա:
Սահմանադրության փոփոխության Բաքվի պահանջին ի պատասխան էլ պաշտոնական Երևանը պնդում է՝ Սահմանադրության փոփոխության հարց խաղաղության պայմանագրի նախագծում չկա, իսկ միմյանց սահմանադրություններում տարածքային պահանջների կնճռոտ խնդիրը մեկընդմիշտ կարող է լուծել հենց խաղաղության պայմանագիրը։