Երևանը Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարց չի բարձրացնում և գտնում է, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության կարիք այդ համատեքստում չկա, խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ՀՀ-ն, սակայն, Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու հարց չի բարձրացնում», - նշեց Փաշինյանը՝ թվարկելով դրա համար 2 պատճառ։
Ըստ նրա՝ նման պահանջը նախ փակուղի կմտցնի խաղաղության գործընթացը, երկրորդը՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը՝ արդարացնելու համար պայմանագրի իրագործման ձախողումը։
Նիկոլ Փաշինյանը մեջբերեց նաև խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասի մեկ այլ հոդված, համաձայն որի՝ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, չունեն տարածքային պահանջներ միմյանցից։
Բաքուն տևական ժամանակ է՝ բարձրացնում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը, հայ պաշտոնյաները նախ հակադարձում էին, թե դա Երևանի ներքին գործն է, հետո՝ թե Սահմանադրությունն ու դրանում հիշատակված Անկախության հռչակագիրը նույնական չեն, այժմ էլ հղում են անում Սահմանադրական դատարանի որոշմանը:
Նախօրեին, սակայն, Ադրբեջանի նախագահը կրկնել է՝ «Սահմանադրության տեքստում առկա տարածքային պահանջներն Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր խոչընդոտն են»։