Երևանը կրկին խոսում է խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտությունից, Արևմուտքը՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից, Բաքուն շարունակ կրկնում է նախապայմանները։
Հայ - ադրբեջանական կարգավորումը Միրզոյան-Բերբոք երեկվա հանդիպման թեմաներից էր: Գերմանիայի արտգործնախարարը Բաքվում ընթացող Կլիմայի գագաթնաժողովին մեկնելուց առաջ երեկ երեկոյան կարճատև կանգառ կատարեց Երևանում: Արտգործնախարարությունը հաղորդեց, որ Արարատ Միրզոյանը նրան պատմել է խաղաղության պայմանագրի նախագծի վերջնականացման աշխատանքների մասին՝ ընդգծելով դրա ստորագրման կարևորությունը, խոսել ապաշրջափակման օգուտներից՝ թե՛ տարածաշրջանի, թե՛ դրանից դուրս երկրների համար:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է Հայաստանի կառուցողական մոտեցումը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում՝ որպես խաղաղության օրակարգի, ինչպես նաև ավելի լայն աշխարհագրությամբ տնտեսական փոխկապակցվածության խթանման կարևոր բաղադրիչ, ասված է հաղորդագրությունում:
Տեսախցիկների առջև Բերբոքը միջնորդական ջանքերի մասին չխոսեց, ինչպես ձևակերպեց՝ ինքը այցով չի ժամանել, այլ կանգառ է կատարել տարածաշրջանում ժողովրդավար գործընկեր երկրում:
Հարավային Կովկասում խաղաղության հարցը մեկ շաբաթում երկու անգամ քննարկել են նաև ԱՄՆ և Թուրքիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները՝ դեմ առ դեմ և հեռախոսով:
Արդեն համաձայնեցված 16 կետերով պայմանագիր ստորագրելու Երևանի նախաձեռնությունը Բաքուն մերժեց: Դրանից հետո բանակցությունները կրկին ամբողջական փաթեթի համաձայնեցմանը վերադարձան:
Հայ - ադրբեջանական վերջին դեմ առ դեմ բանակցությունները երկրների ղեկավարների մակարդակով են անցկացվել՝ մոտ մեկ ամիս առաջ: Չնայած Երևանն ու Բաքուն այդ օրը հայտարարեցին, որ արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել խաղաղության համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետներում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով, Միրզոյանն ու Բայրամովը դեմ առ դեմ այդ օրից չեն հանդիպել, բայց խաղաղության պայմանագրի նախագծի փոխանակում եղել է: Նոյեմբերի 5-ին Երևանը Բաքվից առաջարկներ ստացավ, պատասխանեց շատ արագ՝ վարչապետն այդ մասին հայտարարեց մեկ շաբաթ անց:
Ու մինչ Հարավային Կովկասում խաղաղության հարցը ակտիվորեն նաև միջազգային խաղացողներն են քննարկում, Ադրբեջանից վերստին հնչում է նույն՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների պահանջը, ինչպես ձևակերպել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություններից միանշանակորեն հրաժարվելու համար։
«Նույնիսկ եթե կողմերին հաջողվի համաձայնեցնել խաղաղության պայմանագրի տեքստը, անհրաժեշտ է, որ Հայաստանի իրավական և սահմանադրական դաշտը համապատասխանեցվի դրան, որպեսզի պայմանագիրը կարողանա կիրառվել ոչ միայն գործող, այլև ապագա կառավարությունների օրոք», - հայտարարել է Ամիրբեկովը:
Հայաստանցի պաշտոնյաները պնդում են՝ Սահմանադրության փոփոխության հարց խաղաղության պայմանագրի նախագծում չկա, իսկ միմյանց սահմանադրություններում տարածքային պահանջների կնճռոտ խնդիրը, ըստ Հայաստանի վարչապետի, մեկընդմիշտ կարող է լուծել հենց խաղաղության պայմանագիրը։
Չնայած բանակցվող փաստաթղթից ապաշրջափակման կետը հանվել է, բայց կողմերը քննարկումները չեն դադարեցնում։ Երևանն էր նախօրեին առաջարկներ արել, բայց դատելով Ադրբեջանի արտգործնախարարի արձագանքից՝ Բաքվում դրանք մեծ ոգևորությամբ չեն ընդունվել։ Ինչպես խաղաղության պայմանագրի նախագծի դեպքում, այս առաջարկներն էլ ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն ամբողջությամբ չեն գաղտնազերծում։
Հունգարական թերթին տված հարցազրույցում ադրբեջանցի պաշտոնյան նաև ապաշրջափակման շահավետությունից է խոսել՝ կրկին օգտագործելով «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։
«Մեզ համար այն կարևոր է, քանի որ կապահովվի Ադրբեջանի հիմնական մասի կապը Նախիջևանի հետ։ Հայաստանին այն հնարավորություն կտա դուրս գալ տարածաշրջանային մեկուսացումից և մասնակցել տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը։ Զանգեզուրի միջանցքը կարող է դառնալ նաև Միջին միջանցքի այլընտրանքային ճանապարհ», - ասել է Ամիրբեկովը:
Հայկական կողմը մերժում է միջանցքային տրամաբանությանը, իսկ «Զանգեզուրի միջանցք» տերմինը կիրառող Ադրբեջանն այս տարիներին առանց ստուգումների անցում է պահանջում Սյունիքով դեպի իր էքսկլավ Նախիջևան։ Դիրքորոշման մեղմացման մասին, համենայն դեպս՝ հրապարակային, չի հայտարարվել։