Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը Փարաքարում արտահերթ ընտրությունների կողմ է


Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետի պաշտոնը 11 օր է թափուր է։ Ավագանին վաղը նիստ կհրավիրի ու կորոշի՝ երբ են նոր ղեկավար ընտրելու։ Ընդդիմադիր «Ապրելու երկիր» խմբակցությունը կողմնակից է, որ ոչ թե ընտրված ավագանու կազմից թեկնածու առաջադրվի, այլ արտահերթ ընտրություններ անցկացվեն։

«Մեր դիրքորոշումն այն է, որ պետք է տեղի ունենան նոր ավագանու ընտրություններ ժողովրդի կողմից ընտրված, որովհետև այս ձևավորված ավագանին, ցավոք, այնպիսի միջավայրում աշխատեց այս տարիների ընթացքում...արդեն խնդրահարույց է նման կազմով շարունակելը», - «Ազատությանն» ասաց կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Լյուդվիգ Գյուլնազարյանը համայնքապետի պաշտոնից հեռացավ սկանդալային պատմությամբ։ Նա մասնակցել էլ Երևանում նոյեմբերի 16-ի աղմկահարույց վիճաբանությանը, որն ավարտվել էր սպանությամբ։ Ինքն էլ էր հրազենային վնասվածք ստացել։ Դեպքից երկու օր անց հրաժարական տվեց իշխող »Քաղքացիական պայմանագրի» անդամը։

Հարցին, թե ինչ ծրագրեր կան իշխող թիմում, արդեն ունե՞ն թեկնածու, ավագանու ՔՊ-ական անդամ Արաքսյա Վարդանյանն ասաց՝ դեռ չունեն որոշում. «Մենք օր սահմանելուց հետո խմբակցությունում որոշում կկայացնենք»։


Համայնքապետի ընտրություններում վարչապետ Փաշինյանի թիմը Փարաքարում պարտվել էր։ Ամենաշատ ձայնը ստացել էր »Ապրելու երկիր» կուսակցությունը։ Իշխող ուժին համայնքապետի պաշտոնը մեծ դժվարությամբ բաժին հասավ՝ ՔՊ-ն ու «Դավիթ Մինասյան» դաշինքը միացան ու որոշեցին հերթով կառավարել համայնքը։ Սկզբում Դավիթ Մինասյանը ընտրվեց ու երկուսուկես տարի ղեկավարեց, ապա աթոռը փոխանցեց իշխանական Լյուդվիգ Գյուլնազարյանին, որը հինգ ամիս կառավարեց։ Երկու թեկնածուն էլ պաշտոնից հեռացան քրեական գործերով, բայց շարունակում են ավագանու անդամներ լինել։

«Ըստ էության, քանի որ պայմանավորվածություն ունեինք, որ հաջորդ երկուսուկես տարին մենք էինք ղեկավարելու, հետևաբար թեկնածու առաջադրելու պարագայում, կլինի մեր թեկնածուն», - ասաց Արաքսյա Վարդանյանը։

Չնայած ընդդիմադիրները նոր ընտրությունների կողմնակից են ու բոյկոտում էին ավագանու նիստերը, վաղվա նիստին կմասնակցեն, քանի որ տեխնիկական հարց է քննարկվելու։ Դավիթ Մինասյանը պաշտոնից հեռանալուց մեկ ամիս անց կալանավորվել էր։ Ըստ Քննչական կոմիտեի՝ ծառայողական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Ապա ազատ արձակվեց սահմանափակումներով։ Դատարանը թույլ չի տալիս, որ նա մասնակցի նիստերին, փոխանցեց նրա փաստաբանը։

Եթե Դավիթ Մինասյանը նիստին չմասնակցի, իշխող դաշինքի ու ընդդիմության ձայները կհավասարվեն, և թեկնածու ընտրելը կբարդանա։ Մեսրոպ Առաքելյանը ենթադրում է, որ իշխանականներին չի հաջողվի եղած կազմից թեկնածու ընտրել։

XS
SM
MD
LG