«Սա միշտ եղել է համայնքի ղեկավարի սենյակը, սա էլ կառուցված է համայնքի ղեկավարի տեղակալի համար». - երկուսուկես տարի Լյուդվիգ Գյուլնազարյանը՝ «Քաղաքացիական պայմանագրից», Փարաքարի համայնքապետի տեղակալն էր, այսօրվանից համայնքապետի կաբինետ կմտնի:
Փարաքարում շուրջ երկուսուկես տարի առաջ «Դավիթ Մինասյան» դաշինքի ու «Քաղաքացիական պայմանագրի» ավագանին որոշեց կառավարման հինգ տարիները կիսել՝ Մինասյանը հիմա հեռանում է, հավանաբար՝ դեպի տեղակալի սենյակ:
«Անչափ շնորհակալ եմ, միասին ի գործ», - հայտարարեց Գյուլնազարյանը:
Փարաքարը հարևան 8 գյուղերի հետ խոշորացված համայնք է։ 21 թվականին ավագանու ընտրություններն այստեղ ավարտվեցին երեք ուժերի հաղթանակով։ Իսկ համայնքապետի ընտրությունն արտառոց ընթացք ստացավ՝ երկու համայնքապետ ընտրվեց։
«Ապրելու երկիր» կուսակցությունն ավագանու իր 10-հոգանոց խմբակցությամբ Վոլոդյա Գրիգորյանին ընտրեց, հեռացավ, հետո «Քաղաքացիական պայմանագրի» ու «Դավիթ Մինասյան» դաշինքի ավագանու անդամները համատեղ 11 ձայներով ընտրեցին Դավիթ Մինասյանին։ Մինասյանն ու Գրիգորյանն իրենց համայնքապետեր հռչակեցին։ Գրիգորյանը նույնիսկ հանդիսավոր պայմաններում երդվեց։
Դատարանն ավագանու այդ նիստն անվավեր ճանաչեց։ Երկարատև բողոքի ակցիաներ էին։ Ընտրություններում մյուս երկու թեկնածուներին ձայների մեծ տարբերությամբ հաղթած «Ապրելու երկիր» խմբակցության կողմնակիցները Փարաքարից նաև Կառավարության շենք հասան՝ նոր ընտրություններ նշանակելու պահանջով: Մարդիկ արդար չէին համարում, որ երկու ուժեր ձայները միավորում ու հաղթում են առաջին տեղը գրաված թեկնածուին։
Ի վերջո, երկու ուժերի կոալիցիան 11 ձայնով Մինասյանին ընտրեց, իսկ Գրիգորյանն իր ղեկավարած «Ապրելու երկիր» խմբակցության 10 անդամներով արդեն երկուսուկես տարի բոյկոտում է ավագանու նիստերը։ Համայնքի կառավարումը չի տուժել, վստահեցնում է արդեն նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանը. - «Չի մասնակցում թող չմասնակցի»:
«Ապրելու երկիր» կուսակցությունից Փարաքարի ավագանու խմբակցությունը ղեկավարող Վոլոդյա Գրիգորյանից «Ազատություն»-ն այսօր մեկնաբանություն չկարողացավ ստանալ: 9 համայնքներից 7-ում Գրիգորյանը հաղթել էր և այժմ խոշորացված համայնքի կառավարմանը չի մասնակցում։
Նորընտիր Գյուլնազարյանն ասում է՝ լավ կլիներ որ գային. - «Իմ դիրքորոշումն ա՝ ընդհանուր բարիդրացիական ֆոնի վրա կառավարել մեր համայնքը: Դա բերելու ա համայնքի բարգավաճման»:
Որ խոշորացված համայնքում արտահերթ ընտրություններ են, հարևան Մերձավանում, օրինակ, չգիտեին. տոնը միայն Փարաքարում էր.
«Աչքներս լույս, գերգերազանց մարդ ա...»:
«Մեր ժողովրդի ծոցից դուրս եկած լավ բալիկներ են...»:
Գովում էին Լյուդվիգ Գյուլնազարյանին ու Դավիթ Մինասյանին, որ միմյանց փոխարինելով կառավարում են համայնքը. - «Փայլեցին երկնակամարում, հասան պիկ գագաթին և դեռ կշարունակեն իրենց աշխատանքը...»:
Փարաքարցիներն ասում են՝ ջրամատակարարման խողովակներ են փոխել, լուսավորվել են համայնքները: «Ասֆալտապատվեց ամենաբարձր մկարդակի ասֆալտով». - այս ընթացքում վարորդները փորձում էին շրջանցել գյուղի գլխավոր փողոցի քարուքանդ հատվածները։