Մատչելիության հղումներ

Ընդդիմության պայքարը տեղափոխվել է երկրորդ՝ ավելի վճռական փուլ. Գառնիկ Դանիելյան


Ընդդիմության պայքարը տեղափոխվել է երկրորդ՝ ավելի վճռական փուլ, պնդում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը։ «Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով՝ իրենք հիմա քննարկում են շարժման բացթողումներն ու պայքարն ավելի համակարգային դարձնելու հարցը։ Դանիելյանը հերքում է, թե Տավուշից մեկնարկած շարժումը մարում է։

«Անցած շաբաթը շատ հագեցած օրակարգ ենք ունեցել, Սուրբ Աննա եկեղեցում մեր հավաքներն են տեղի ունենում շաբաթը 2 անգամ, տարբեր տիպի քննարկումներ են տեղի ունենում», - նշեց նա:

Հիմա մարզային այցելություններն են շարունակում, ինքն այս օրերին Տավուշում է լինելու՝ տեղում իրավիճակին ծանոթանալու։ Դանիելյանն ասում է՝ վերահաստատվել են սահմանազատման վերաբերյալ իրենց մտավախությունները։ Ըստ պատգամավորի՝ դա Ադրբեջանի նախագահի հայտարարություններն են փաստում. Ալիևը հիմա էլ Երևանի հետ նոր համաձայնության առաջարկ է արել՝ հիմնական սկզբունքների նախաստորագրում, սակայն կրկին Հայաստանի մայր օրենքը փոխելու պայմանով։

«Էդ մտավախությունները, ցավոք սրտի, վերահաստատվել են՝ Ադրբեջանի պահանջների հետ կապված: Սա Տավուշի տարածքների միակողմանի զիջում էր, Ադրբեջանը չի պատրաստվում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել», - ասաց պատգամավորը:

Սահմանազատման կասեցման պահանջով Տավուշից մեկնարկած շարժումը չի դադարեցրել նաև քաղաքական հանդիպումները։ Երեկ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մի շարք կուսակցությունների անդամների հետ է փակ հանդիպում անցկացրել։ Ըստ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի՝ քաղաքական ուժերին առաջարկել են ոլորտային ծրագրեր մշակել, առաջարկներ ներկայացնել ու ներգրավվել ձևավորված խմբերում՝ գյուղատնտեսությունից մինչև անվտանգություն, արտաքին քաղաքականություն։

«Ծրագրեր են մշակելու, լուծումներ են առաջարկելու, ոչ միայն լինելու է քննադատություն գործող իշխանություններին, իրենց վարած քաղաքականությանը, այլ ցույց ենք տալու նաև տարբեր ոլորտների հետ կապված մեր տեսլականն ու մեր պատկերացումները, լուծումները», - ասաց Դանիելյանը:

Շարժմանն աջակցող ուժերից «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն ասում է՝ իրենց գլխավոր նպատակը շարունակում է մնալ հանրության լայն զանգվածների համախմբումը։ Մինչ իշխանությունները համարում են, որ վարչապետի հրաժարականի պահանջը կեղծ օրակարգ է և շարժումն էլ մարել է, Առաքելյանը հակադարձում է. - «Շարժման մարտավարական փոփոխություններ կան, նույնիսկ եթե տեղի են ունեցել ինչ-որ թերացումներ, որոնք այս պահին ակցիաների տեսանկյունից զիջում են մայիս ամսվա ակցիաներին, չի նշանակում, որ այս դժգոհությունը նվազել է: Այսինքն՝ որ իշխանությունները ասում են՝ շարժումը մարել է, շարժման մարելը չպետք է կենտրոնում վերցնենք, արդյո՞ք հասարակության դժգոհությունն իշխանությունից նվազել է, իհարկե չի նվազել, ցավոք, գնալով խորանում է»:

Շարժման ներկայացուցիչները դեռ չեն հստակեցնում, թե արդյոք վերսկսելու են փողոցային ակտիվ պայքարը և երբ։ Ընդդիմադիր շարժումը հանրահավաքներն ու անհնազանդության ակցիաները դադարեցրեց հունիսի 12-ին Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցած ընդհարումից հետո, որի ընթացքում ոստիկանությունը հավաքը ցրելու համար լուսաձայնային նռնակներ կիրառեց։ Այդ օրը հարյուր մարդ տուժեց։

XS
SM
MD
LG