Մատչելիության հղումներ

«Շարժումը 2018-ից հետո ամենազանգվածայինն էր, բայց չդարձավ համաժողովրդական՝ քաղաքական բաղադրիչը թույլ էր». Սուրենյանց


Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ելույթ է ունենում հանրահավաքում, Երևան, հունիս, 2024թ.
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ելույթ է ունենում հանրահավաքում, Երևան, հունիս, 2024թ.

Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող Բագրատ սրբազանն ինչո՞ւ նահանջեց հրապարակային հավաքներից ու վերադարձավ եկեղեցու բակ։ Քաղաքական ուժերի հետ փակ քննարկումներում ի՞նչ էր խոստացել, ու արդյոք սպասո՞ւմ էին այսպիսի եզրահանգում մայիսի 9-ի բազմամարդ հավաքից մեկուկես ամիս անց։ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը, որ շարժման առաջնորդին հաճախ է հանդիպել ու նրա հրավիրած փակ հանդիպումներին էլ մասնակցել, կարծում է՝ այս պայքարի քաղաքական բաղադրիչն է թույլ։

«Էս շարժման մեջ ամենալուսավոր կետը հենց շարժման առաջնորդն է: Քաղաքական բաղադրիչը բավականին թույլ է: Դրա համար էլ ինքը լինելով 2018-ից հետո ամենազանգվածային շարժումը, այնուամենայնիվ, համաժողովրդական շարժում չդարձավ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սուրենյանցը:

Որպեսզի այդպիսին դառնա, իշխանության դեմ պայքարի դուրս եկած արքեպիսկոպոսը, ըստ Սուրենյանցի, պետք է հստակ քաղաքական գնահատական տա նախկին իշխանություններին. - «Ի դեպ, եթե հստակ և օբյեկտիվ գնահատակն տրվի, իշխանության էն նախկինների հետ կապելու թեզը կջախջախվի»:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մշտապես հայտարարել է՝ պաշտոնաթող նախագահները շարժման հետ կապ չունեն, թեև նրանց հանդիպել է։ Անցումային կառավարություն էլ, եթե հաջողվեր, պետք է վերկուսակցական լիներ։

«Ես եթե սրբազանի փոխարեն լինեի, կհայտարարեի շատ ուղիղ, առանց քաղաքավարական ենթատեքստի, որ այս շարժման միջոցով որևէ նախկին նախագահ կամ նրա հետ փոխկապակցված անձ իշխանության չի գալու», - ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավարը:

Ըստ Սուրենյանցի՝ նաև պետք է մարդկանց հստակ ներկայացնեին՝ Փաշինյանին փոխարինելու դեպքում անվտանգության խնդիրների ինչպիսի լուծումներ են պատկերացնում. - «Տեսեք, երկու ֆոբիա ունի էս ժողովուրդը, երկու կոճակ կա, որի վրա Նիկոլ Փաշինյանը սեղմում է, նույնիսկ երեք՝ մեկը նախկիններն են, մեկը պատերազմն է, մեկը Ռուսաստանն է: Ուրեմն, պետք է այնպիսի բանաձևեր գտնել, որպեսզի էս ֆոբիաները հասարակության մեջ դուրս գան»:

«Ես խորապես վստահ եմ և հավատացնում եմ, որ Բագրատ սրբազանը չի ուղղորդվում նախկին համակարգի որևէ սեգմենտի կողմից, բայց ես չեմ կարող նույնքան վստահ պնդել, որ նախկին համակարգի սեգմենտները էս առումով իրենց շատ բարեխիղճ են պահում», - նշեց ընդդիմադիր գործիչը:

Շարժման առաջնորդն անցած շաբաթ հայտարարեց, որ հրապարակից, փողոցից հեռանում են իրենց պայքարը վերաձևակերպելու ու վերադասավորելու նպատակով։ Սրբազանի խոսքով՝ պայքարի երկրորդ խաղակեսն են սկսում, առաջինը հունիսի 12-ին՝ ոստիկանության ու ցուցարարների բախումներով ավարտվեց, երբ հարյուր մարդ տուժեց։

«Մտքներովդ չանցնի, որ սա, այս փուլը նահանջի փուլ է: Ոչ, այս փուլը վերակազմակերպելու փուլ է», - ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Պայքարի առաջին փուլն էլ շարժման նախաձեռնող կազմում խաղաղ չավարտվեց։ Խմբի անդամ Սուրեն Պետրոսյանը, որ հունիսի 12-ից անհետացել էր, երեկվանից սկսել է խոսել իրենց հակասությունների մասին։ Մեղադրում է, թե խորհրդարանական ընդդիմությունը բացասական ազդեցություն է ունենում շարժման հեղինակության վրա։

«Ես որևիցե պրոցեսում կատեգորիկ, տեսականորեն անգամ չեմ կարող լինել, որտեղ կարող է ինչ-որ մի ձև լինի շանս, որ կարող է վերարտադրվի պառլամենտական ընդդիմությունը՝ մեկ: Չի կարող էդպիսի բան լինի», - հայտարարեց Պետրոսյանը:

Խորհրդի նախաձեռնող խմբից Գառնիկ Դանիելյանը Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունից է, դաշնակցական, Պետրոսյանը նրա ու Բագրատ սրբազանի հետ է Տավուշից քայլերթով Երևան հասել։ Մայիսի 9-ին հրապարակում շարժման առաջնորդը հանձնարարեց խորհրդարանական ուժերին վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել, բայց նրանց բացասական ազդեցության մասին Սուրեն Պետրոսյանը հրապարակային երեկվանից է սկսել խոսել։ Հնարավո՞ր է՝ վերադասավորումից հետո ինքն էլ չլինի այս պայքարում, ուղիղ չի խոսում այս մասին։

Մինչև փողոցից հեռանալն էին իշխանականները հայտարարում՝ շարժումը մարելու է, ու իշխանության հրաժարականի պահանջը կեղծ օրակարգ է։

«Քաղաքացիական պայմանագրի» թե՛ վարչապետի թեկնածուն, թե՛ Կառավարության կազմը իրա ժողովրդի կողմից ունի աջակցություն», - հայտարարել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Գուցե հարթակը փոխվի, գուցե՝ առաջնորդությունը, բայց Փաշինյանի իշխանության դեմ շարժումն, ըստ Սուրենյանցի, չի մարի, ամեն պահի կարող է ակտիվանալ։ Սրբազանի պայքարը, նրա կարծիքով, հենց դա ցույց տվեց, որ Փաշինյանի իշխանությունից դժգոհողների թիվը մեծացել է։

«Իմփիչմենթն ու հրաժարական պարտադրելը չստացվեց՝ պետք է փորձել արտահերթ ընտրություններին հասնել, եթե դա էլ չի ստացվի, ողբերգություն չկա՝ պետք է կազմակերպվել, ինստիտուցիոնալիզացվել և 2026 թվի ընտրություններում փորձել հաջողության հասնել», - նշեց Սուրեն Սուրենյանցը:

Ընդդիմադիր առաջնորդն այս շաբաթ հայտարարեց, որ տարբեր խմբերի հետ հանդիպումները շարունակելու է, բայց իր սկսած պայքարը շարունակելու հստակ քայլեր չի ներկայացրել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG