Եթե Շուռնուխի նորակառույց տների բանալիները հանձնելիս վարչապետ Փաշինյանը բնակիչներին երջանկություն ու բախտավորություն էր մաղթում՝ ազդարարելով Շուռնուխի նոր կյանքի մասին, ապա Փաշինյանի հրաժարականը պահանջող Բագրատ սրբազանը, երեկ այդ նորակառույց տներն օրհնելիս անվտանգության մասին էր խոսում։
2020 թվականի պատերազմից հետո տունը կորցրած և 3.5 տարի անց միայն նորակառույց տան բանալին անձամբ Փաշինյանից ստացած տիկին Նաթելային երեկ Բագրատ սրբազան էր հյուրընկալվել։ Անվտանգություն մաղթելուց բացի ընդդիմադիր շարժման առաջնորդը նաև հիշեցրեց, թե ինչի հետևանքն է այդ գեղեցիկ նորակառույց տունը։
«Դժբախտաբար, որքան էլ ինքը գեղեցիկ ու լավն է, այդուհանդերձ, այն մեծ կորստի հետևանքն է, որ այսօր ոչ միայն դուք, այլ մենք բոլորս ենք կրում», - նշել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Հայկական Շուռնուխ գյուղը 2 մասի կիսվեց 2020 թվականի պատերազմից ,ի քանի ամիս անց՝ 2021-ի հունվարին, երբ Սյունիքում սկսվեցին սահմանային ճշգրտումները: Գյուղի ներքևի թաղամասը՝ 12 տուն անցավ Ադրբեջանին, թե ինչ իրավական փաստաթղթերի հիման վրա, մինչև հիմա պարզ չէ։ Շուռնուխցիները զրկվեցին իրենց տներից՝ վարձակալությամբ ապրելով շուրջ 3.5 տարի։
Անցած շաբաթավերջին Սյունիքի մարզում գտնվող Բագրատ սրբազանը երեկ այցելեց նաև շուռնուխցի 74-ամյա Անահիտին։ Նրա տունը ևս անցել է ադրբեջանցիներին։ 3.5 տարի ապրել է գյուղում գտնվող անբարեկարգ մի տանը, որի հարևանությամբ ծածանվում է ադրբեջանական դրոշը։ Սրբազանի հետ զրույցում նա պնդում էր՝ իրենց տներն ադրբեջանցիներին չպետք է անցնեին։
«Իրանցը չպիտի լիներ, որովհետև իրանք ստեղից 89 թվի մայիսին դուրս են եկել բոլորը իրանց տների ապրանքներով, տների վարձն էլ ստացել են ու գնացել են, հիմա ինչի՞ համար են եկել: Մինչև ե՞րբ պետք է հանձնի, ես չեմ հասկանում: Ափսոս էն օրը չթողեցին ես խոսեմ իր հետ, արգելեցին», - ասաց նա:
Երկու շաբաթ առաջ Շուռնուխ կատարած այցից հետո կառավարության տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես Փաշինյանից իր տան բանալիներն է ստանում նաև տիկին Անահիտը։ Վարչապետը 74-ամյա տիկնոջը մաղթում էր, որ շատ թոռներ ունենա։
Այսօր մեզ հետ զրույցում էլ տիկին Անահիտը պնդեց, թե ցանկացել է խոսել Փաշինյանին հետ, բայց այդ պահին չեն թողել, ասել են՝ ժամանակը չէ։ Թե ո՞վ էր արգելել, 74-ամյա կինը չցանկացավ նշել։
Շուռնուխից հետո Բագրատ արքեպիսկոպոսն այցելեց Գորիս
Շուռնուխից հետո Բագրատ արքեպիսկոպոսն այցելեց Գորիս, որտեղ նրան դիմավորեց համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Գորիսեցիների հետ հանդիպմանը Բագրատ սրբազանն անդրադարձավ սահմանազատման կամ ինչպես է նա էր ձևակերպում «սահմանահանձնման» գործընթացին՝ ընդգծելով, որ Տավուշից առաջ Շուռնուխում էին մարդկանց տները հանձնում ադրբեջանցիներին։
«Հիմա եկել է Տավուշ, վաղը հասնելու է Տիգրանաշեն, դարձյալ վերադառնալու է Սյունիք, Գեղարքունիք: Երբ այսպես քարտեզը դնում ենք մեր աչքերի առջև, ի՞նչ ենք տեսնում, տեսնում ենք մեր երկրի կառուցվածքի փոփոխություն, անվտանգային համակարգի լրիվ ջախջախում», - նշեց Բագրատ սրբազանը:
Փաշինյանի հրաժարականը պահանջող արքեպիսկոպոս Գալստանյանի հետ Սյունիք էին մեկնել նաև Դիվանագետների համահայկական խորհրդի մի շարք անդամներ։ Նրանցից պաշտոնաթող դիվանագետ Վահագն Մելիքյանը գորիսեցիների հետ հանդիպմանը վստահեցնում էր՝ նույնիսկ այս անդառնալի թվացող իրավիճակում հնարավոր է գործընթացի սառեցման միջոցով հաջողություններ ունենալ։ Մելիքյանի խոսքով՝ այն ինչ կատարվեց Տավուշում, դոմինոյի էֆեկտով հասնելու է Սյունիք։
«Հակառակորդի ախորժակը, իրենց ախորժակը Սյունիքն է, էն քաղաքականությունը, ինչ որ տանում են օրվա իշխանությունները, սա է համար մեկ սպառնալիքը Հայաստանին, նույնիսկ պատերազմը չի, հավատացեք, էս իշխանություններն իրականացնում են ծրագիր՝ հաջորդաբար, ինստիտուցիոնալ հենքով գնում ենք առաջ: Եթե սրա դիմացը չառնվի, ես ձեզ վստահեցնում եմ՝ վաղը Սյունիքը չի լինելու, իսկ էդ գործընթացները շատ արագ են գնում», - ասաց պաշտոնաթող դիվանագետը:
Վարչապետը մինչդեռ պնդում է՝ Սյունիք կատարած այցը քաղաքական կեղծիքի բացահայտման մեծ միջոցառում էր, որը ցույց տվեց, որ իշխանությունը ճիշտ ճանապարհով է ընթանում, մարդիկ սպասում են սահմանազատման իրենց հերթին։