Ընդդիմադիր «Հայաքվե» նախաձեռնությունն այսօր հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց Գլխավոր դատախազություն։ Պնդում են, որ Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ի՝ վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների հանրահավաքի ժամանակ, ոստիկանությունը բազմաթիվ խախտումներ է թույլ տվել։
«Եղել է ոստիկանության ղեկավարության կողմից կանխամտածված սադրանք խաղաղ հավաքի ընթացքը խաթարելու, խաղաղ հավաքն անկարգությունների վերածելու ու ճնշելու նպատակով», - ասաց նախաձեռնության ղեկավար Ավետիք Չալաբյանը:
Մինչ իշխանության ներկայացուցիչները համաչափ և պրոֆեսիոնալ են գնահատում ոստիկանության այդ օրվա գործողությունները, ընդդիմադիր նախաձեռնության ղեկավար Ավետիք Չալաբյանն ընդգծեց՝ բացի ակնհայտ դեպքերից, երբ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, բռնության ենթարկեց ցուցարարներին, իրենք այլ դրվագներ են հավաքագրել, որոնց տեսագրությունները ներկայացրեցին դատախազություն։
«Ի սկզբանե խաղաղ հավաքի հարևանությամբ ներկա են եղել ոստիկանության զորքեր, ոստիկանության մասին օրենքով և ոստիկանական զորքերի մասին օրենքով ոստիկանական զորքերի ներկայությունը խաղաղ հավաքի հարևանությամբ արգելվում է։ Ոստիկանական զորքերը կարող են ներգրավվել միայն զանգվածային անկարգությունների առաջացման դեպքում, ընդ որում, եթե ոստիկանության այլ ուժերը և ԱԱԾ ուժերը իրենց սեփական ուժերով ընդունակ չեն այդ զանգվածային անկարգությունները կանխելու և դադարեցնելու», - ընդգծեց Չալաբյանը։
Մյուս դրվագն, ըստ ընդդիմադիր գործչի, հավաքի ընթացքում ոստիկանական պատից այն կողմ սկսված սադրանքներն էին. - «17:30-ից սկսած ոստիկանական պատի կողմից սկսվել են սադրանքներ խաղաղ ցուցարարների նկատմամբ, մասնավորապես ձեզնից ովքեր այնտեղ ներկա ու ականատես են եղել, տեսել եք, թե ինչպես է ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների ուղղությամբ նետվում տաբեր իրեր, մասնավորապես, շշեր, որը ոստիկանության ոչ մի գործառույթի մեջ չի մտնում: Դա արվել է ցուցարարներին սադրելու նպատակով»:
Ընդդիմադիրները պնդում են, որ իրենց հավաքը խաղաղ էր, ոստիկանությունն է սադրել ցուցարարներին, որ հավաքը վերածի քաոսի։ «Հայաքվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանն էլ հավելեց՝ իրականում իրավապահներից որևէ ակնկալիք չունեն, բայց սպառելու են բոլոր ատյանները, որ դիմեն Եվրոպական դատարան։
«Նիկոլ Փաշինյանն իր բռնության, հակաօրինական գործունեությանը մասնակից է դարձրել պետական համակարգին, մասնակից է դարձրել ոստիկանությանը, ոստիկանության առանձին ստորաբաժանումների, մասնակից է դարձրել Քննչական կոմիտեին ընտրովի արդարադատություն իրականացնելու իմաստով», - նշեց նա:
Սողոմոնյանը կրկնեց «Տավուշը հանուն հայրենիքի շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պնդումը, թե հունիսի 12-ին տեղի ունեցածը նման էր 2008-ի մարտի 1-ին։
«Մարտի 1-ին 10 զոհ է եղել, հունիսի 12-ին, բարեբախտաբար, զոհ չի եղել, բայց գործելակերպի առումով արդյոք դա նույնը չէ: Այսինքն՝ պետք է զոհ լիներ, որպեսզի արդարադատություն լիներ», - նշեց «Հայաքվե»-ի անդամը:
ՔԿ-ից պնդում են՝ «Հայաքվե»-ի մատնանշած ենթադրյալ խախտումները քննում են դեռ հունիսի 14-ին հարուցված քրգործի շրջանակում
Ընդդիմադիր շարժման անդամները պահանջում են քրեական գործ հարուցել խոշտանգման, ոստիկանության կողմից լիազորություններն անցնելու և հավաքները խոչընդոտելու հոդվածներով։
Ընդդիմադիրների այս մեղադրանքներին Ներքին գործերի նախարարությունից պատասխանում են՝ Քննչական կոմիտեում կա հարուցված քրեական գործ, որն էլ քննության արդյունքում կպարզի իրականությունը։ Քննչականից էլ «Ազատությանը» փոխանցեցին՝ «Հայաքվե»-ի մատնանշած ենթադրյալ խախտումները քննում են դեռ հունիսի 14-ին հարուցված քրեական գործի շրջանակում։ Այն հարուցվել է բռնության զուգորդմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով, բայց այս պահին որևէ ոստիկանի մեղադրանք չի ներկայացվել։
Ավելին, Քննչականն, ուսումնասիրելով այդ օրվա կադրերը, պնդում է՝ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, խուլիգանություն, ընդ որում, ի տարբերություն ոստիկանների գործողությունները քննող գործի, այս մեկով արդեն 16 մեղադրյալ կա։
Ըստ իրավապահների, ակցիայի մի խումբ մասնակիցներ չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանությունն ու տարածքում հատուկ պահպանության ենթակա օբյեկտների անվտանգությունն ապահովող իրավապահների օրինական կարգադրություններին, խմբով ճնշում են գործադրել ոստիկանների նկատմամբ, փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը՝ այդ ընթացքում շշեր, տարբեր առարկաներ նետելով ոստիկանական շարքերի ուղղությամբ: