37-ամյա Արիստակեսի ձայնը ծնողները վերջին անգամ հոկտեմբերի 20-ին՝ 44-օրյա պատերազմի ծանր օրերին են լսել: Հրաչիկ Վարդանյանն ու Լյուդմիլա Կոստանյանը չորս տարի անց էլ անհետ կորած որդու ներկայությունը զգում են։ Նրա զինվորական համազգեստը մնացել է ճիշտ նույն տեղում, ինչպես որ իր ձեռքով թողել էր։
«Վայեննի կուրտկեն [զինվորական բաճկոնը՝ ռուս. - խմբ.] տենց հանել քցել էր կողքիս սիդելնիկին, ըտենց էլ մնում ա սիդելինիկի վրա, հլը որ ձեռ չեմ տվել: Իրա մագնիտաֆոնն էլ չեմ միացրել մինչև հիմի ավտոյի միջի։ Ոնց որ իմ տղու հոտն առնեմ», - ասում է հայրը:
Որդու բացակայությունը հերիք չէր, քանի տարի է նաև Էջմիածնի «քիմիկների զորամասի» քրեական գործի խրթին կծիկում են հայտնվել։ Արիստակեսն այդտեղ էր ծառայում։
Ըստ իրավապահների՝ 2020 թվականին Գլխավոր շտաբի պետի այժմ նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանից «քիմիկների զորամասի» 62 պայմանագրայիններ արդեն գրավված Զանգիլան մեկնելու առաջադրանք էին ստացել և շրջափակման մեջ հայտնվել։ Խմբի մի մասը սպանվել էր, մյուսները՝ գերեվարվել, իսկ 23 զինծառայողի գտնվելու վայրը մինչև այսօր անհայտ է։
2020-ի պատերազմից հետո ընտանիքի դժբախտությունները շարունակվել են։ Քույրը երկար ժամանակ եղբոր մասին տեղեկությունների փնտրտուքով շրջել է Հայաստանի ամբողջ տարածքով, բայց մեկ տարի անց մահացել է գլխուղեղի կաթվածից։ Երկու տարի առաջ էլ գյուղ վերադառնալու ճանապարհին ավտովթարի զոհ է դարձել Արիստակեսի եղբայրը՝ ընտանիքի միջնեկ որդին։
Մոր համար ամենածանրը որդու ճակատագիրն անհայտ լինելու հանգամանքը գիտակցելն է։ Մահացած մյուս երկու զավակների շիրիմները կան, գնում է, լաց լինում, կարոտն առնում, իսկ ավագ որդու գտնվելու վայրի մասին միայն շշուկներ են պտտվում։
«Ճիշտ ա` երկուսն անհայտ չեն, հայտնի բացակայողներ են, գիտեմ, որ բացակա են ինձանից, տեղները գիտեմ՝ գնում եմ, լաց եմ լինում, հանգստանում եմ։ Ես իրանց նկարների հետ ուրիշ ձև եմ խոսում, բայց իմ բալի նկարների հետ մի ուրիշ ձև: Ուղղակի խնդրում եմ, աղաչում, եթե հնարավոր է՝ մի զանգ, մի ձայն, որ իմանամ իմ Արեսը գալու է: Թող գա՝ թող մի ոտքը չլինի, թող թևը չլինի, ես տեր եմ», - ասում է Լյուդմիլա Կոստանյանը:
Հրաչիկ Վարդանյանը պատմում է՝ Զանգիլանում զոհված զինվորներից մի քանիսի ոսկրերն էին գտել-բերել, հաստատել էին նաև իրենց որդու ԴՆԹ նույնականացման արդյունքները, որին հավատալ չեն ուզում. - «Ընդեղից, որտեղ հուղարկավորել էին մեր տղերքին, հանին բերին 14 մեշոկ՝ ոսկորներ, դե ուրիշ բան չկար: Լրիվ դուրս էկավ ԴՆԹ արդյունքները։ Իմ անվան տակ բան չկար, որովհետև ես էի գնացել արյուն տվել Երևանի գլխավոր մորգում: Հետո տարի ութ ամիս հետո թե որտեղից ի հայտ եկավ, ես էլ չհասկացա, թե իբր ԴՆԹ ունես: Հա, լավ, ասում եմ, տարիուկես հետո որտեղի՞ց ԴՆԹ»:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակը սեպտեմբերին հայտնել էր, որ Ադրբեջանը բռնի անհետացման է ենթարկել հոկտեմբերի 21-ին Զանգիլանում մարտական գործողությունների մեջ գտնվող 23 զինվորականի և մեկ քաղաքացիական անձի:
Արմավիրի Հացիկ գյուղում Վարդանյանների տնից ոչ հեռու նույն անորոշ սպասումով ապրում են Նորայր Նահապետյանի ընտանիքի անդամները։ 27-ամյա սպան վիրավորվել է մարտի դաշտում։ Ընտանիքը պատմում է՝ իր հրամանատարության տակ կռվող զինվորներին թվացել է, թե զոհվել է, ու նահանջել են նրան միայնակ թողնելով։ Սակայն մարտական գործողությունների ավարտից հետո, երբ զինծառայողները վերադարձել էին Նորայրի մարմնի հետևից, նա այլևս այնտեղ չի եղել։ Ընտանիքի անդամների համար մինչև հիմա առեղծված է Նորայրի հանկարծակի անհետացումը։
«Չգիտեմ, ու ոչ մեկից էլ հույս չունենք՝ ոչ մեր կառավարությունից, ոչ մեկից, ոչ մի հույս չունեմ», - ասում է մայրը՝ Ալվարդ Գրիգորյանը:
Նորայրի մոր խոսքով՝ Ազգային անվտանգության ծառայությունը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն պարբերաբար հարցումներ են ուղարկում Ադրբեջանին, սակայն պաշտոնական Բաքուն պնդում է՝ 23 գերեվարված հայերի թվում Նորայրը չկա:
ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը դեռ հոկտեմբերին հայտարարել էր, որ սպասվում է գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում Բաքվի հետ: Սակայն այդ բանակցությունները դեռ տեղի չեն ունեցել։ «Ազատության» հարցմանը ԱԱԾ-ից պատասխանել են, թե հնարավոր հանդիպման մասին կհայտնեն «ըստ անհրաժեշտության»:
Ազգային անվտանգության ծառայությունից նաև չեն հստակեցրել՝ արդյոք Բաքուն համաձայնե՞լ է հնարավոր հանդիպման առաջարկին, որի մասին ադրբեջանական աղբյուրներում տեղեկություն նույնպես չկա։
Նորայրի կնոջը՝ Անի Բաբասյանին լուրերի բացակայության այս շղթան է առաջին հերթին ստիպում մտածել, որ ամուսինը գերության մեջ է. - «Մտածում եմ՝ որ ոչ մի բան չկա, ուրեմն հաստատ ինքը էնտեղ ա՝ ո՛չ ԴՆԹ-ի պատասխաններ, ո՛չ որոնողական աշխատանքներից ոչ մի բան: Դրա համար հիմնվում եմ, որ ինքը հաստատ գերի ա»:
Նորայրի ու Անիի տղան ծնվել է պատերազմից հետո։ Արդեն չորս տարեկան Մարկը հայրիկի մասին միայն լսել է։ Ավագ քույրը՝ Ալվարդը հորը հիշում է, հարցեր տալիս, որոնց պատասխաններն իրենք էլ չունեն:
«Շատ շատ ա հիշում, լացում ա՝ պապան ո՞ւր ա, ե՞րբ ա գալու։ Ժամանակ ա եղել, որ քնից հելել ու սկսել ա լացել՝ պապային եմ ուզում։ Ու մենք նույնիսկ չգիտենք էրեխուն ինչ պատասխան տանք, որովհետև մենք նույնպես չգիտենք ինչ ա կատարվում, ուր ա, որտեղ ա, երբ կգա», - ասում է Անի Բաբասյանը:
Հարևան Արիտիմետ գյուղում է բնակվում «քիմիկների զորամասից» անհետ կորած զինծառայող Սարգիս Սաղաթելյանի ընտանիքը։ Մայրը մի մտքով է քնում ու արթնանում՝ որտե՞ղ է որդին:
«Գիտե՞ք, ինձ արդեն մնացել ա մի բան՝ ռեալ ստույգ պատասխան իմ տղայի համար, էլ բան չեմ ուզում, ուզում եմ ուղղակի պատասխան իմ տղայից, որովհետև չեղավ, էսքան ժամանակ ոչ մի տեղից ոչ մի բան», - ասում է Սաթենիկ Սաղաթելյանը:
Չնայած բարկությանն ու անորոշությանը՝ տիկին Սաթենիկը հրաժեշտ է տալիս ժպիտով ու խոստանում, որ երբ Սարգիսը վերադառնա, կհավաքվեն բոլորով, մի լավ սեղան կգցեն։ Միայն թե վերադառնա, կրկնում է մայրը։
Սոնա Հովսեփյան