Մատչելիության հղումներ

Ոչ մեկ էլ մեզ չի ընդունում, ոչ մեկ էլ մեզ չի ուզում լսի. անհետ կորած զինծառայողի ծնող


Երևանի գլխավոր փողոցներից մեկը՝ Բաղրամյան պողոտան այսօր ավելի քան ութ ժամ փակ էր։ Անհետ կորած զինծառայողների ծնողները վաղ առավոտից փակել էին պողոտան՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի հետ հանդիպում, որն այդպես էլ չկայացավ։

«Փակում ենք մի պահանջով, որ Փաշինյանը մեզ ընդունի, մեր հարցերին պատասխան տա։ Բայց իրա պետքը չի, ընդհանրապես պետքը չի», - «Ազատությանն» ասաց ծնողներից մեկը։

Հարցին, թե վերջին շրջանում կառավարության ներկայացուցիչների հետ որևէ հանդիպում կամ քննարկում եղե՞լ է, մեր զրուցակիցը արձագանքեց. - «Ոչ մեկ էլ մեզ չի ընդունում, ոչ մեկ էլ մեզ չի ուզում լսի։ Ի՞նչ պատասխան տան։ Կարա՞ն։ Իրանց միսիան կատարեցինք, էլ ի՞նչ պատասխան տան։ Չէ, պատասխան չունեն տալու, դրա համար էլ չեն ընդունում։ Իրանց էլ թվում ա, թե հեսա սենց կգան, կհոգնեն, կթողնեն կգնան ու ֆսյո... Չե'նք հոգնելու, չե'նք գնալու։ Գալո'ւ ենք, ամեն օր էլ պայքարելո'ւ ենք»։

Այստեղ էին, մասնավորապես, Էջմիածնի «Քիմիկների զորամասի» զինծառայողների ծնողները։ Այդ զինծառայողները պատերազմի ժամանակ ուղևորվել էին Արցախ՝ մարտական առաջադրանք կատարելու։

«Էջմիածնի քիմիկներից 35-ն էլ անհետ կորած են։ Մենք ունենք գերությունից վերադարձված հինգ հոգի, որոնք ամեն դեպքում իրանց ցուցմունքների մեջ էլ ասում են, որ տեսանք ոնց տարան։ Որ տարել են, ուրեմն հետևողական էղեք, թող բերեն։ Իրանց միակ լոզունգն ա՝ աշխատում ենք։ Ո՞ւր ա ձեր աշխատածի արդյունքը... ցույց տվեք, մի բան բերեք ցույց տվեք, ասեք՝ մենք էսքան աշխատել ենք... Ո՞ւր ա։ Էրկու տարի ինը ամիս ա աշխատո՞ւմ են», - վրդովվում էր ծնողներից մեկը։

Անհետ կորածների հարազատները մի քանի օր առաջ ևս Բաղրամյան պողոտայում էին՝ կրկին նույն պահանջով, սակայն վարչապետը նրանց չընդունեց։ Հայտարարել էին, որ կսպասեն որոշ ժամանակ, հետո, եթե արձագանք չլինի, կրկին կգան Բաղրամյան։

Ժամը երեքից հետո նրանց հետ բանակցությունների եկավ փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը։ Ուժայինները պահանջում-հորդորում էին ազատել պողոտան, իսկ ծնողները մինչև վերջին պահը պնդում էին, որ շարունակելու են փակ պահել Բաղրամյանը, քանի դեռ իրենց պահանջը չի կատարվել։ Նրանց ցանկանում էն, որ վարչապետն իրենց ներկայացնի, թե ինչ է արվում իրենց զավակներին գտնելու համար։

Վարչապետի հետ հանդիպում չեղավ։ Փոխոստիկանապետը ծնողներին միայն առաջարկեց ընդունել իր աշխատասենյակում, սակայն նշեց, որ ոչինչ խոստանալ չի կարող։ Ծնողները միմյանց հետ քննարկեցինք, բանակցեցին և ի վերջո որոշեցին բացել պողոտան։

Մինչև այդ ոստիկանության ներկայացուցիչներն ասում էին, որ եթե պողոտան չբացվի, իրենք ուժ կկիրառեն։ Անգամ ժամանակ էին նշել, տասը րոպե էին տվել ծնողներին։ Բայց ուժային որևէ գործողություն այսօր չեղավ։

«Ինքը ասեց՝ էթանք իմ մոտ, նստենք զրուցենք, մի քիչ հասկանանք, քննարկենք... բայց ես էս պահին, մեր ժողովուրդը ուզում ա հասկանա իրա էս քայլով ինչը ինչ ա ուզում ասի։ Եվս մեկ ինչ-որ ընթանց, ինչ-որ փափուկ բա՞րձ, թե՞ ինչ-որ գործողություն։ Միևնույն ա, ժողովուրդ, մենք էսօր էստեղ ենք, կարանք մի ժամ հետո մի ուրիշ տեղ ըլնենք, էրկու ժամ հետո ուրիշ տեղ ըլնենք, լուսադեմին Երևան - Հոկտեմբերյան միջպետական ճանապարհը փակենք... Ընենց չի, որ մեր քայլերը պիտի ասենք, թե մենք ինչ ենք անելու», - ասաց ցուցարարներից մեկը։

Կկատարվի՞ արդյոք ծնողների պահանջը։ Աշխատանքային օրվա ավարտին այդպես էլ հայտնի չդարձավ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG