44-օրյա պատերազմում Էջմիածնի «քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների հարազատներն արդեն շուրջ երկու ժամ փակ են պահում Բաղրամյան պողոտան։
Նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ պնդելով՝ իրենց զավակներին գտնելու ուղղությամբ ոչինչ չի արվում։
«Քիմիկների զորամասի» գործն ընթացքի մեջ է, մեղադրյալի աթոռին են Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը։ Նրանք մեղադրանքը չեն ընդունում։
Ըստ մեղադրանքի՝ Մակարյանի և երկու հրամանատարների պատճառով են ավելի քան վաթսուն զինվորականները հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ Զանգելանում․ 44-օրյա պատերազմի ժամանակ, հոկտեմբերի 21-ին Աբգարյանի խումբը՝ 62 պայմանագրայիններ, Զանգելան մեկնելու առաջադրանք են ստացել Մակարյանից, հասել են քաղաքի դպրոցի մոտ, երբ ժամեր առաջ արդեն Զանգելանի բարձունքների վրա ադրբեջանցիներն էին նստած։ 62 զինվորականներից միայն 22-ն են դուրս եկել շրջափակումից, մնացած 40-ի մի մասը սպանվել է, 23 հոգի մինչև այժմ անհետ կորած է համարվում։
Անհետ կորածների ծնողների հարցերը, թե որտե՞ղ են իրենց զավակները, ինչո՞ւ պետություն ջանք չի գործադրում նրանց գտնվելու վայրը իմանալու և նրանց հայրենիք վերադարձնելու համար, արդեն երկու տարի անպատասխան են մնում։