Մատչելիության հղումներ

ԱԱԾ ներկայացուցչի հետ հանդիպումը չի գոհացրել «քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողներին


Անահիտ Ադոյան, անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանը մայրը
Անահիտ Ադոյան, անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանը մայրը

44-օրյա պատերազմում Էջմիածնի «քիմիկների զորամասի» տղաների մի մասը այդպես էլ ռազմաճակատից չվերադարձավ։

Անհետ կորած զինվորների ծնողները, հարազատները նախապես հայտնել էին, որ այսօր պետք է հանդիպում ունենան Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արմեն Աբազյանի հետ, սակայն ավելի քան երկուս ու կես ժամ Ազգային անվտանգության ծառայության շենքում մնալուց հետո, ասացին, որ իրենց ընդունել է կառույցի այլ ներկայացուցիչ։

Նրանք հանդիպման արդյունքներից գոհ չէին, որովհետև իրենց բարձրացրած հարցերը, թե որտեղ են իրենց զավակները, ինչո՞ւ պետություն ջանք չի գործադրում նրանց գտնվելու վայրը իմանալու և նրանց հայրենիք վերադարձնելու համար, այդպես էլ անպատասխան մնացին։

«Եթե արդեն էրկու տարի ութ ամիս ա, հըլը դեռ էսօր էթանք, վաղը գանք... Բիշարյանից հարցնենք, քննչականից... տանել-բերելով... Գոհ չենք, իհարկե գոհ չենք», - ասաց ծնողներից մեկը։

«Մենք փաստերով ներկայացնում ենք, որ էսի մեր էրեխեքն են, էսի տեսանյութն ա, ասում ա՝ դե ասում ենք, բա որ չեն հաստատում, ի՞նչ անենք։ Ես ոչ մեկին չեմ վստահում, ոչ մեկին։ Որովհետև կա կառույց, չկա աշխատանք», - ասում է անհետ կորած համարվող 27-ամյա Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը։

Նա լրագրողների հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց իշխանության անգործությունից։

Նկատենք նաև, որ այս առնչությամբ հարուցված դատական գործը ընթացքի մեջ է, և ծնողները դժգոհում են նաև դատավարությունից։ Որպես մեղադրյալ ներգրավված է Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, ով իր մեղքը չի ընդունում։

Ըստ մեղադրանքի, նրա և երկու հրամանատարների պատճառով են ավելի քան վաթսուն զինվորականները հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ Զանգելանում։ 62 զինվորականներից միայն 20-ին է հաջողվել դուրս գալ ադրբեջանական շրջափակումից, մյուսների մի մասը մահացել են, 23-ը համարվում են անհետ կորած։

Պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում ավելի քան 200 մարդ։

XS
SM
MD
LG