44-օրյա պատերազմից ավելի քան երկու տարի անց դեռևս որևէ սպա կամ բարձրաստիճան զինվորական մեղավոր չի ճանաչվել բանակի ձախողումների ու շուրջ հինգ հազար զոհերի համար։
Պատերազմական հանցագործության գործերը քննող Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը երեկ հաստատեց, որ դատավճիռներ չկան. - «Շուրջ յոթ տասնյակից ավելի մեղադրյալներ ունենք։ Դատավճիռներ, որքանով որ ես տեղյակ եմ, դեռ չկան»։
Քյարամյանը երեկ Հանրայինի եթերում նաև որոշ թվեր է հրապարակել՝ 1600 քրեական վարույթով առնվազն 17 հազար մարդ է հարցաքննվել։ Ըստ պաշտոնյայի, գործերը չեն ձգձգվում, ծավալն է մեծ, և իրենք անցած երկու տարում ահռելի աշխատանք են արել։
Իրենց որդիների մահվան համար սպայական կազմին մեղադրող ծնողներին, սակայն միայն մեղադրական դատավճիռների վիճակագրությունն է հուզում, որը չկա։
Սամվել Արամյանը պատասխանատուներին պարզելու հույսով Արտաշատի Արևշատ գյուղից Գորիս է հասնում։ Նրա 20 տարին չբոլորած որդին ծառայել էր Մարտունիում, նրանց ավելի քան 70 հոգանոց խմբից ոչ ոք չէր փրկվել։ Անցած երկու տարում դեռ երկու դատական նիստ է նշանակվել, երկուսն էլ անարդյունք։
«Գորիսից պետք ա տեղափոխվի Երևան։ Էս դատը, ինձ թվում ա, շատ կձգձգվի, ահագին մեծ գործ ա։ Ընդեղ էլ ամեն մի ստից բան կարան սարքեն պատճառ դատը երկարացնելու համար, ձգձգեն...» - «Ազատության» հետ զրույցում ասաց Արամյանը։
Ըստ մեղադրանքի, Մարտունիում տեղակայված գումարտակը անհասկանալի հանգամանքներում հայտնվել էր շուրջ 50 կիլոմետր հեռու Հադրութում՝ շրջափակման մեջ։
Գործով երկու ամբաստանյալ կա սպայական կազմից, երկուսն էլ մեղադրվում են անփութության համար։ Եվ եթե դատարանը մեղադրանքը հաստատի, կդատապարտվեն մինչև 8 տարվա ազատազրկման։ Որդեկորույս հայրը, սակայն, քննության ընթացքից մեծ ակնկալիքներ չունի. - «Դու ուղարկելուց առաջ չմտածե՞ս ուր ես ուղարկում... Բայց պաշտպանը մինչև վերջ ամեն ձև փորձում ա պաշտպանել։ Ինչ-որ տեղը ինքը դիմացինի անփորձության վրա կարա հենվի, դիմացինին խաբելով-մաբելով անցկացնի դատը ի օգուտ իրան»։
Քիմիկների զորամասի գործն էլ արդեն 8 ամիս է, դատարանում է։ Միայն օրեր առաջ գործը մտավ բուն՝ քննության փուլ։
«Էրկու տարին լրացել ա, հըլը ոչ մեկ պատասխան չի տալիս», - ասում է անհետ կորած զինվորներից մեկի մայրը՝ Կարինե Ներսիսյանը։
Այս գործով մեղադրյալի աթոռին է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը։ Ինչպես նա, այնպես էլ մյուս սպաները մեղքը չեն ընդունում։ Նրանց փաստաբանները պնդում են՝ նախաքննությամբ ապացույցներ ձեռք չեն բերվել։
Այնինչ Կարինե Ներսիսյանը բախտակից ծնողների հետ միասին պնդում է՝ հենց նրանք են պատճառ դարձել, որ պայմանագրային զինծառայողները շրջափակման մեջ ընկնեն. - «Իմ տղաս Զանգիլանից ա էղել։ Ինչի՞ համար, Աբգարյան Արսեն, դու չես իմացել քու խմբում Զանգիլանի ապրող տսա կա։ Հենց անփութությունը տեղից ա գալիս։ Ուղեկողը թող լիներ իմ տղան... Իսկ ուղեկցողը ուրիշ են էղել։ Ո՞նց էղավ, որ ուղեկցողը հետ էկավ, Աբգարյան Արսեն, քարտեզ ունեիր, քարտեզը մոտդ չէր, դու չգնացիր... քո Վիլիսի մեջ դու պըտի նստեիր։ Վիլիսը շոֆերով, զենքով թուրքը տարավ։ Ուղեկցողները հետ էկան, Աբգարյանը հետ էկավ, իսկ մեր էրէխեքը չեկան»։
Ըստ մեղադրանքի՝ 62 պայմանագրայինները Զանգելան մեկնելու առաջադրանք են ստացել հենց գեներալ-լեյտենանտ Մակարյանից։ Հասել են քաղաքի դպրոցի մոտ, երբ դրանից ժամեր առաջ արդեն ադրբեջանցիները նստել էին Զանգելանի բարձունքների վրա։
62 զինվորականներից միայն 22-ն են դուրս եկել շրջափակումից, մնացած 40-ի մի մասը սպանվել է, 23 հոգի մինչև այժմ անհետ կորած է համարվում։
Զինվորական անձնակազմից բացի, հարցաքննվել է նաև Հայաստանի վարչապետը՝ պաշտոնական լիազորությունների չարաշահման գործով։ Այս գործից շատ մանրամասներ հայտնի չեն, հաղորդվել է միայն, որ Փաշինյանը հարցաքննվել է իր ապրիլյան ելույթից հետո, երբ խորհրդարանում հայտարարել էր՝ «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք էս նույն վիճակն, իհարկե, առանց զոհերի»: Սրանից հետո զոհվաների հարազատները գլխավոր դատախազությունից պահանջեցին Փաշինյանին ներգրավել որպես մեղադրյալ։ Վարչապետը, սակայն, վկայի կարգավիճակով է հարցաքննվել։