Մատչելիության հղումներ

Հայաստանի ու Ադրբեջանի միջև չլուծված հարցերը բարդ են, սակայն կա նաև լուրջ հնարավորություն խաղաղության համար․ Փաուեր


Հայաստանի ու Ադրբեջանի միջև չլուծված հարցերը բարդ են ու զգայուն, սակայն կա նաև լուրջ հնարվորություն խաղաղության համար, Վաշինգտոնը հույս ունի, որ կողմերը կունենան այդ գիտակցումը՝ բաց չթողնելու այս կարևոր հնարավորությունը, Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը։

«Եռակողմ հանդիպման ընթացքում պետքարտուղար Բլինքենի ուղերձը հետևյալն է. կողմերը շատ մոտ են խաղաղությանը, անցել են զգալի ճանապարհ, եթե համեմատենք անգամ 1 տարի առաջվա հետ։ Թե խաղաղության համաձայնագիրը ինչ հնարավորություններ կտա երկու երկրների ժողովուրդներին, իսկապես ցնցող է, եթե հարցին նայենք հաղորդակցության ուղիների, տրանսպորտի և ի վերջո հենց առանձին ընտանիքների տեսանկյունից՝ ավելի լավ կենսապայմանների, աշխատանքային հնարավորությունների ու տնտեսական շարունակական աճի առումով։ Հայաստանի տնտեսությունն արդեն դրական հետագծով է ընթանում, բայց որպեսզի հայ ժողովուրդը կապանքներից ազատվի, պետք է կարողանա ավելի շատ առևտուր անել տարածաշրջանում, սահմանները պետք է բաց լինեն մարդկանց ու ապրանքների համար, դա մեծ հնարվորություն ու մեկ քայլ առաջ կլինի», - նշել է Փաուերը։

Փաուեր․ ԱՄՆ-ը շարունակում է կոչ անել վերականգնել արցախցիների ապահով կերպով իրենց տներ վերադառնալու իրավունքը

Սպիտակ տան ազդեցիկ պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը կենտրոնացած է Արցախից տեղահանված մարդկանց բարեկեցության ապահովան վրա տարբեր սոցիալական, ինչպես նաև նրանց աշխատաշուկայում ներգրավելու ծրագրերի միջոցով։ Իր հերթին ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունն է տարբեր ծրագրեր իրականացնում արցախցիների համար, սակայն Փաուերի խոսքով՝ Միացյալ Նահանգները միջազգային համայնքի շատ երկրների հետ, շարունակում է կոչ անել վերականգնել արցախցիների ապահով կերպով իրենց տներ վերադառնալու իրավունքը։

«Մինչև այս պահը մարդկանց վերադառնալու դեպքեր չեն եղել։ Մենք շարունակելու ենք այս հարցի լուծումն առաջ մղել, որպեսզի մարդիկ վերադառնան անվտանգ պայմաններում, ինչը պահանջում է, որ գետնի վրա իրողություններ փոխվեն», - ընդգծել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար։

Հարցին, թե արդյոք Վաշինգտոնը Արցախից տեղահանվածներին համարո՞ւմ է բռնի տեղահանվածներ, Սամանթա Փաուերը պատասխանեց. - «Տեղի ունեցածի իրավական գնահատականի մասին կոնկրետ հարցը Պետդեպարտամենտի տիրույթում է, որը հետաքննություն է անցկացնում դրա վերաբերյալ»։

Վաշինգտոնից ժամանած պաշտոնյան Երևանում հանդիպել է արցախցիների հետ, քաղաքացիական հասարակության, բիզնեսի ներկայացուցիչների հետ։

Նրան այսօր ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հաղորդում են կառավարությունից Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնք միտված են ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը:

«Տեխնիկական քննարկումները, թե ինչպես պետք է ստեղծվի միջուկային էներգիան, դեռ ընթացքի մեջ են»

Ասուլիսի ընթացքում Փաուերը կիսվեց հանդիպումից իր տպավորություններով․ - «Հանդիպման ընթացքում գլխավոր շեշտադրումը Հայաստանի անկախությունն ու դիմակայությունն էր։ Մենք խոսեցինք սննդի անվտանգության, էներգետիկայի թեմաների մասին, ընդգծեցինք էներգետիկայի ոլորտում ռազմավարական խոցելիությունից խուսափելու անհրաժեշտությունը։ Երեկ ժամանակ անցկացրեցի նաև Պոլիտեխնիկում, կարողացա ավելին հասկանալ Հայաստանի կառավարության էներգետիկ ռազմավարությունից, որը ձգտում է ավելի շատ արտադրել վերականգնվող էներգիա, հենվել կայուն միջուկային էներգետիկայի վրա։ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել ինչպես տնտեսությունը, այնպես էլ էներգետիկայի ոլորտը։ Հայաստանում ձգտում են փոքրացնել երկրի խոցելիությունը ցնցումների դեպքում՝ լինի դա գործընկերոջ կամ որևէ մատակարարման շղթայի փոփոխությունից»։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը օրեր առաջ հայտարարել էր, որ Երևանը Վաշինգտոնի հետ քննարկում է միջուկային էներգետիկայի ոլորտում իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցեր։ Փաուերն այսօր հարցերից մեկին պատասխանելիս անդրադարձավ միջուկային էներգետիկայի ոլորտին՝ նշելով, որ Հայաստանը ձգտում է նվազեցնել կախումը ներկրումներից ու ուժեղացնել միջուկային ու արևային էներգետիկայի արտադրությունը, և այս հարցում Վաշինգտոնը սատարում է Երևանին։

«Տեխնիկական քննարկումները, թե ինչպես պետք է ստեղծվի միջուկային էներգիան, դեռ ընթացքի մեջ են, այդ պատճառով ես կխուսափեմ կոնկրետ ժամկետներ նշելուց, բայց ինչպես հասկանում եմ, Հայաստանի կառավարության ծրագիրն է մինչև 2030-ը կրկնապատկել վերականգնվող էներգետիկայի արտադրությունը, ԱՄՆ ՄԶԳ-ն ևս աջակցում է այս հարցում», - ասել է ԱՄՆ պաշտոնյան։

Ազդեցիկ դիվանագետը խոսեց նաև 2020 թվականից ի վեր եռապատկված Հայաստան - ԱՄՆ առևտրաշրջանառությունից, ներկայացրեց ԱՄՆ ՄԶԳ-ի ծրագրերը Հայաստանում, որոնք մեծապես ուղղված են Հայաստանի դիմակայունության բարձրացմանը՝ սննդի անվտանգությունից մինչև բնական աղետների կառավարում, ուշադրության կենտրոնում նաև տեխնոլոգիական ոլորտում համագործակցությունն է։

XS
SM
MD
LG