Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Էմանյուել Մակրոնը Վաշինգտոնում քննարկել են տարածաշրջանային հարցեր։
Ըստ Ելիսեյան պալատի՝ Մակրոնը վերահաստատել է Փարիզի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող երկխոսությանն՝ ուղղված խաղաղության պայմանագրին հնարավորինս շուտ հասնելուն, որը, Ֆրանսիայի նախագահի համոզմամբ, կարող է նոր էջ բացել տարածաշրջանի համար:
Վաշինգտոնում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած իր երեկվա մամուլի ասուլիսում Էրդողանը նշել էր, որ Անկարան, բնականաբար, ցանկանում է համաձայնագրի ստորագրում և խաղաղության հաստատում Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ շեշտելով՝ Փաշինյանից այս ուղղությամբ դրական քայլեր են տեսնում։
«Մենք ցանկանում ենք տեսնել այս հաշտությունը որքան հնարավոր է շուտ։ Հայաստանի վարչապետի հետ հանդիպումներում տեսնում ենք, որ այս ուղղությամբ դրական քայլեր են արվում։ Եղբայրս՝ Իլհամն, ինձ հետ հանդիպումներում ասել է, որ ինքն էլ է դրական քայլերի կողմնակից», - ասել էր Թուրքիայի նախագահը։
Էրդողանի հետ հանդիպմանը Մակրոնը նաև ընդգծել է Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ զարգացնելու Թուրքիայի հետ երկկողմ օրակարգը։
Թուրքական Anadolu գործակալությունն էլ նշում է, որ Էրդողանն, իր հերթին, ընդգծել է Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ամրապնդման կարևորությունը բոլոր ոլորտներում։
Երկու երկրների նախագահների հանդիպման օրակարգում նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի, Իսրայելի և Պաղեստինի համակարտության հարցեր էին։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ Վաշինգտոնում կայացավ Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպումը։ Բլինքենը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են հասնելու վերջնական համաձայնության, թեև եռակողմ հանդիպումից հետո ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածության կամ արդյունքի վերաբերյալ այդպես էլ որևէ հայտարարություն չի հնչել։
Երևանն առաջարկել է Բաքվին մեկ ամսում ամբողջացնել ու ստորագրել հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, իսկ Ադրբեջանի արտգործնախարարը Վաշինգտոն մեկնելուց առաջ կրկին հիշեցրել է խաղաղության պայմանագրի ստորագրման համար Բաքվի գլխավոր նախապայմանը՝ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի։
Վերջին շրջանում Բաքուն խաղաղության պայմանագիրը ստորագրելու նախապայման է համարում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը՝ խնդրահարույց համարելով, որ Մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագրում խոսվում է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին։
Երևանը պարբերաբար հայտարարում է, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է և Ադրբեջանը չի կարող պահանջ ներկայացնել Հայաստանին՝ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի ստորագրման հետ փոխկապակցելով։