Ռուսական ուժերի երեկվա հարվածների հետևանքով Կիևում վիրավորվել է 37-ամյա բնակիչ, վնասվել են առանձնատներ, հրդեհ է բռնկվել արդյունաբերական ձեռնարկությունում, հայտնում են Ուկրաինայի պաշտոնական աղբյուրները։
Զապորոժիեի իշխանությունները ևս հաղորդում են մեկ վիրավորի մասին՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով, վնասվել են նաև մի քանի շինություններ։
Խարկովի մարզում կիրակի երեկոյան անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով հրդեհ է բռնկվել Կուպյանսկի շրջանի գյուղատնտեսական ձեռնարկության տարածքում։
Ռուսական կողմն էլ Ուկրաինայի զինված ուժերին է մեղադրել դրոնների հարձակման մեջ։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ խոցվել է 28 անօդաչու թռչող սարք՝ մի քանի շրջանների, այդ թվում՝ բռնակցված Ղրիմի և Ազովի ծովի օդային տարածքներում։