Մատչելիության հղումներ

Թրամփն ուզում է Գրենլանդիան, Պանամայի ջրանցքն ու Կանադան․ ինչո՞ւ


Թրամփն ուզում է առնել աշխարհի ամենամեծ կղզի Գրենլանդիան, վերցնել Պանամայի ջրանցքն ու Կանադան ԱՄՆ-ի նահանգ դարձնել։

Ի՞նչ է սա՝ քաղաքական հայտարարություն, թե սպառնալիք՝ դաշնակիցների հետ բանակցություններում ավելին ստանալու համար։

Սկսենք Գրենլանդիայից․ ԱՄՆ-ի ընտրված նախագահն առաջինը չէ, ու առաջին անգամ չէ, որ այս կղզին գնել է ուզում․ Ամերիկան պարբերաբար նման առաջարկներ է անում 19-րդ դարի սկզբից ։

Գրենլանդիան 1953-ից դանիական տարածք է, բայց դա կարծես Թրամփի համար այնքան էլ միանշանակ չէ։ Նա ասում է՝ կղզին պետք է Ամերիկային ազգային անվտանգության ու ազատ աշխարհի համար։

Հիմա այս ինքնավար տարածքում 57 հազար մարդ է ապրում, նրանց մեծ մասը Դանիայի քաղաքացիություն՝ հետևապես ԵՄ անձնագիր ունի։

Դանիան ու ԱՄՆ-ն ՆԱՏՕ անդամ են, այսինքն՝ նույն ռազմաքաղաքական դաշինքում են։ Դանիայից արդեն պաշտոնապես են ասել՝ կղզին չի վաճառվում, իսկ թագավորը փոխել է գերբը՝ ընդգծելով Գրենլանդիայի դերը։ Եվրամիությունը նույնպես արձագանքել է, ասել՝ ոչ մեկի թույլ չեն տա ներխուժել մեր տարածք։

Գրենլանդիայի վաճառքի տարբերակը չի դիտարկվում, բայց կղզու վարչապետն այս աղմուկի ֆոնին՝ անկախանալու օգտին արդեն խոսել է։ Բայց այստեղ շատ հարցեր կան, մեկը՝ տնտեսական մեծ կախվածությունը Դանիայից։

Իսկ Թրամփի ինչի՞ն է պետք սառցոտ Գրենլանդիան․ այս կզղին շատ հարուստ է հանածոներով, այդ թվում՝ նավթով ու գազով, այստեղ նաև ամերիկյան ռազմաբազա կա։ Ընդհանրապես, Գրենլանդիայի աշխարհագրական դիրքը հրաշալի է վերևից նայելու դեպքում։

Գրենլանդիան Հյուսիսային Ամերիկան Եվրապային կապող ամենակարճ ճամփան է առաջարկում: Սա ոչ միայն ռազմավարական, այլ նաև ռազմական նշանակություն ունեցող տարածք է․ ԱՄՆ-ը ուզում է մեծացնել իր ռազմական ներկայությունն այստեղ, ռադարներ տեղադրել Գրենլանդիան, Իսլանդիան ու Միացյալ Թագավորությունն իրար կապող ջրերում ու տեղում հետևել չինական ու ռուսական նավերին։

Թրամփը նաև Պանամայի ջրանցքն է ուզում․ ի դեպ, այն հենց ԱՄՆ-ն է կառուցել ու Պանամա պետությանը փոխանցել ոչ շատ հեռավոր անցյալում՝ 1999-ին։ ԱՄՆ ընտրված նախագահն ասում է՝ Պանաման ջրանցքով անցուդարձի համար անտանելի բարձր հարկեր է սահմանել, իսկ Չինաստանը վերահսկում է այդ անցուդարձը։ Պանամայից էլ Թրամփին ասել են՝ իրենց տարածքային ամբողջականությունը չի քննարկվում։

Շարունակությունը՝ տեսանյութում.

XS
SM
MD
LG