Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը հաստատել է՝ Թրամփ կրտսերը կայցելի Գրենլանդիա


Դոնալդ Թրամփի որդին
Դոնալդ Թրամփի որդին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է՝ իր որդին՝ Թրամփ կրտսերը կայցելի Գրենլանդիա։

Գրեթե երկու շաբաթ առաջ Թրամփը հայտարարեց, թե դանիական այս ինքնավար տարածքը ԱՄՆ-ի վերահսկողությանը հանձնելն «անհրաժեշտություն» է։

«Իմ որդին՝ Դոնալդ կրտսերը, և իմ թիմի անդամները կուղևորվեն այնտեղ՝ այցելելու ամենահիասքանչ տարածքներ և տեսարժան վայրեր», - գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ չնշելով այցի հստակ օրը․ - «Գրենլանդիայի բնակիչները հսկայական օգուտ կստանան, եթե և երբ այն դառնա մեր երկրի մի մասը: Մենք կպաշտպանենք այն շատ դաժան արտաքին աշխարհից»։

Դանիայի արտգործնախարարությունն արձագանքելով Թրամփ կրտսերի այցի մասին տեղեկություններին, մասնավորապես, նշել է․ - «Քանի որ սա ոչ պաշտոնական այց է, Դանիայի ԱԳՆ-ն մեկնաբանություն չունի»։

Կղզու կառավարությունը վերահաստատել է տարիներ առաջվա իր հայտարարությունը՝ Գրենլանդիան չի վաճառվում։

Թրամփը դեռ 2019-ին՝ իր նախագահության առաջին շրջանում էր Գրենլանդիան գնելու մտադրություն հայտնել։ Այն ժամանակ երկու երկրների առաջնորդներն այս հարցով փոխադարձ կշտամբանքներ էին հնչեցրել և թեժ բանավիճել։ «Գրենլանդիան չի վաճառվում, դա թերևս ապրիլմեկյան կատակ էր», - հայտարարել էր Դանիայի վարչապետը Մետտե Ֆրեդերիկսենը:

Հյուսիսային Սառուցյալ և Ատլանտյան օվկիանոսներում ընկած ինքնավար կղզին գերտերությունների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնում է վաղուց: Հենց այս տարածքով է անցնում Եվրոպայից Հյուսիսային Ամերիկա տանող ամենակարճ ճանապարհը: Սառը պատերազմի օրերից դեռ Միացյալ Նահանգները համաձայնագիր է կնքել Դանիայի հետ, որը հնարավորոթյուն է տալիս ամերիկացի զինվորականներին օգտվել Գրենլանդիայի հյուսիսում գտնվող ռազմակայանից: Պենտագոնը չի թաքցնում, որ ուզում է է՛լ ավելի ընդարձակել իր ներկայությունը ռազմավարական նշանակություն ունեցող Արկտիկայում՝ Չինաստանից ու Ռուսաստանից սպառնացող մարտահրավերներին դիմակակելու համար: Հենց այդ հաշվարկներով էլ նախագահ Գարի Թրումանը, դեռ 1946-ին՝ Երկրորդ համաշխահայինից հետո դանիացիներին 100 միլիոն դոլար էր առաջարկել Գրենլանդիայի համար, որն այն ժամանակ թագավորության գաղութներից մեկն էր: Գործարքը, սակայն, չէր կայացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG