Մատչելիության հղումներ

Նախագահական երկրորդ ժամկետում Թրամփը նախադեպեր է ստեղծում


ԱՄՆ 45-րդ ու 47-րդ նախագահը

Նոյեմբերի 5-ի ընտրություններում հաղթելով՝ Դոնալդ Թրամփը հաղթահարեց և՛ Հանրապետական կուսակցության ներսում տարաձայնությունները, և՛ իր առաջին պաշտոնավարման հետ կապված իրավական խնդիրները, և՛ իր դեմ մահափորձը։

78 -ամյա Թրամփն ԱՄՆ նախագահ ընտրված ամենատարեց թեկնածուն է, 2020-ին Թրամփին հաղթելիս Ջո Բայդենը 77 տարեկան էր։

Հունվարի 20-ին՝ երդմնակալությունից, հետո Թրամփը կկարողանա իրեն ԱՄՆ 45-րդ ու 47-րդ նախագահ կոչել։ Մինչ սա ավելի քան 130 տարի առաջ միայն Գրովեր Քլիվլենդին է հաջողվել ընդմիջումով երկու անգամ նախագահ ընտրվել։

Թրամփն առաջինն է մի շարք հարցերով, նա միակ նախագահն է, որ երկու անգամ իմպիչմենթի է ենթարկվել, առաջինն է, որը դատապարտվել է հանցագործության համար։

Թրամփն իրեն ներկայացնում էր որպես Ամերիկայում իրավիճակը շտկելու ամենահարմար թեկնածու

Չնայած այս ամենին՝ Թրամփն իր արդեն 4-րդ նախագահական ընտրապայքարին աջակցության պակաս չուներ։ Հավատարիմ շատ աջակիցներ էին ողջունում նրա կոշտ հռետորաբանությունը քաղաքական մրցակիցների դեմ։

Թրամփը հաճախ էր գլխավորում հարցումները, երբ ընտրողներից հետաքրքրվում էին, թե թեկնածուներից ում են ավելի շատ վստահում ներգաղթի ու թանկացումների հարցերը լուծելու համար։

Քարոզարշավի ընթացքում Թրամփն իրեն ներկայացնում էր որպես Ամերիկայում իրավիճակը շտկելու ամենահարմար թեկնածու, պնդում, թե երկիրը լցված է «անօրինական ներգաղթյալներով», «կառավարվում է ստվերային պաշտոնյաների ու բյուրոկրատների կողմից», ներսում լճացում է, դրսում՝ անհաջողություններ։

2016-ին, չունենալով քաղաքական փորձառություն, նա հաղթեց "Make America Great Again" («Դարձյալ հզորացնենք Ամերիկան») կարգախոսով՝ խոստանալով մեծացնել ռազմական բյուջեն, խթանել առևտուրը, շահավետ պայմաններ ստեղծել ամերիկյան արտադրողների համար։ Թրամփին նաև օգնեց միլիարդատիրոջ ու անշարժ գույքի մագնատի իր կարգավիճակը։ Նրա ազգանունով էլիտար երկնաքերեր կան աշխարհի տարբեր կողմերում։

Այս ընտրություններում նա արդեն քաղաքական դաշտի համար օտար մեկը չէր, այլ առաջնորդ, որ դիմակայել է անկանխատեսելի մարտահրավերներին ու ապացուցել՝ խիստ ղեկավար է։ Յոթ տատանվող նահանգներում, որոնք, ի վերջո, որոշեցին ընտրությունների արդյունքը, Թրամփն ընտրողների ճնշող մեծամասնությամբ համարվում էր լավագույն առաջնորդ, որ կարող է ղեկավարել Ամերիկան Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում պատերազմների ֆոնին:

Առաջին պաշտոնավարման աղմկահարույց քայլերը

Առաջին պաշտոնավարման ժամանակ Թրամփն ԱՄՆ-ն դուրս բերեց Իրանի միջուկային համաձայնագրից ու առևտրային պատերազմ սկսեց տնտեսական մրցակից Չինաստանի հետ։ Նա նաև ճնշում գործադրեց ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա՝ պահանջեով մեծացնել պաշտպանական ծախսերը։

Թրամփի վարչակազմի ամենահակասական գործարքներից մեկը «Թալիբան»-ի հետ համաձայնությունն էր՝ 2021 -ին Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին։ Ըստ Թրամփի ընդդիմախոսների՝ հենց այս գործարքը հող նախապատրաստեց, որ «Թալիբան»-ը զավթի իշխանությունը։ Թրամփը, սակայն, մեղադրանքը չի ընդունում։ Ավելին, Բայդենին ու Հարիսին է մեղադրում, թե արտաքին քաղաքականությունն այնքան սխալ էին կառավարել, որ Ռուսաստանը համարձակվեց 2022-ին Ուկրաինա ներխուժել։

Առաջին պաշտոնավարման ընթացքում Թրամփը փորձեց վերափոխել Վաշինգտոնի հարաբերությունները Մոսկվայի հետ․ նա մի կողմից սերտացրեց կապերը նախագահ Պուտինի հետ, մյուս կողմից՝ Մոսկվայի դեմ սահմանեց որոշ խիստ պատժամիջոցներ։ Հիմա էլ նա խոստանում է այդ կերպ ու նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերությունների օգնությամբ դադարեցնել պատերազմն Ուկրաինայի դեմ։

XS
SM
MD
LG