Մատչելիության հղումներ

Զելենսկին արևմտյան առաջնորդներին է ներկայացնում խաղաղության Կիևի պլանը


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բեռլինում ընդունում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, 11-ը հոկտեմբերի, 2024թ.
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բեռլինում ընդունում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, 11-ը հոկտեմբերի, 2024թ.

«Հաղթանակի պլանը», որ չի գաղտնազերծվում, Ուկրաինայի նախագահը ներկայացնում է արևմտյան առաջնորդներին։ Լոնդոն, Փարիզ, Հռոմ, վերջին կանգառը Բեռլինն էր. եվրոպական այս շրջագայությունից առաջ էլ Վլադիմիր Զելենսկին Միացյալ Նահանգների ղեկավարության հետ էր քննարկել փաստաթուղթը։

Նա պնդում է՝ իր ծրագիրն այնքան իրատեսական է, որ անգամ առաջիկա ամիսներին հնարավոր կլինի կանգնեցնել պատերազմը։ «Եթե մենք մեր գործընկերների հետ իրականացնենք հաղթանակի ծրագիրը, Ռուսաստանը հարկադրված կլինի խաղաղության։ Մենք ցանկանում ենք պաշտպանել Ուկրաինայի անկախությունը», - Իտալիայի վարչապետի հետ բանակցություններից հետո հայտարարեց Զելենսկին։

Եվ մինչ նա կուղևորվեր Բեռլին, իտալական մամուլը վերլուծել է՝ Կիևն ինչի՞ դիմաց կհամաձայնի հրադադարի, հաշվի առնելով, որ դրությունը ռազմաճակատում իր օգտին չէ։

Իտալական ամենահեղինակավոր պարբերականներից՝ Corriere della Sera-ն գրում է, թե Զելենսկին երբեք չի հրաժարվի օկուպացված տարածքներից, սակայն հիմա, այնուամենայնիվ, պատրաստ է հրադադարի՝ շփման գծի այս երկայնքով և չճանաչելով այն որպես պաշտոնական նոր սահման։ Փոխարենը, ըստ իտալական մամուլի, Ուկրաինայի առաջնորդն Արևմուտքից պարտավորություններ է ակնկալում։ Առաջին հերթին՝ անվտանգության երաշխիքներ Միացյալ Նահանգներից, օրինակ՝ ինչպես Վաշինգտոնը դա ապահովել է Ճապոնիայի կամ Հարավային Կորեայի համար։ Իսկ Բեռլինից, Փարիզից ու Հռոմից, ըստ իտալական պարբերականի, Կիևն ակնկալում է Եվրամիությանն արագ անդամակցելու խոստում։

Հրապարակային ելույթներում, սակայն, Ուկրաինայի նախագահը, ճիշտ հակառակը, խոսում է իր երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին՝ բացառելով հրադադարը, քանի դեռ Ռուսաստանը հետ չի քաշել զորքերն օկուպացված տարածքներից։ Ավելին, արևմտյան մայրաքաղաքներում Կիևը ոչ դիվանագիտական լեզվով՝ ուղիղ բանակցում է ամերիկյան ու եվրոպական զենքով Ռուսաստանի խորքը հարվածելու թույլտվության համար։

Ուկրաինայի արտգործնախարարությունն այսօր իր հերթին հատուկ անդրադարձել է այս հրապարակումներին՝ անվանելով դրանք մանիպուլյատիվ։ «Ընդգծում ենք այդօրինակ զիջումների անթույլատրելիությունը։ Նման հայտարարություններն ագրեսորի կողմից ընկալվում են որպես թուլության նշան։ Խաղաղությունը հնարավոր է միայն Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնման դեպքում», - ասված է պաշտոնական Կիևի հաղորդագրությունում։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը տարակուսանքով է արձագանքում հարցադրմանը, թե գուցե Արևմուտքի՞ց էլ ճնշում կա Կիևի վրա՝ համաձայնել հրադադարին. - «Ես շատ պարզ հակընդդեմ հարց տամ։ Իսկ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը կհամաձայնի այս տարբերակին։ Նրանք կասեն, որ իրենց նպատակին չեն հասել, դեռ չեն գրավել բավարար տարածքներ, չեն լուծել այն խնդիրները, հանուն որոնց սկսեցին այս մեծ պատերազմը: Ու հիմա պիտի համաձայնե՞ն սկզբունքային հարցում, որ, օրինակ, Ուկրաինան ՆԱՏՕ մտնի»:

Բեռլինում Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում Զելենսկին առանց մանրամասների միայն ասաց, որ հաղթանակի պլանն է ներկայացրել գործընկերոջը, Գերմանիայի կանցլերը ազդարարեց Ուկրաինային ևս 1.4 միլիարդ եվրոյի ռազմական աջակցության եվրոպական փաթեթի մասին. - «Սա ուղերձ է Պուտինին, որ օգնությունը չի դադարեցվելու»:

Իսկ ռազմաճակատից այսօր հակասական լուրեր են ստացվում Կուրսկում ռուսական ուժերի հակագրոհի մասին։ Ուկրաինական բանակը տևական ժամանակ է մխրճվել է Ռուսաստանի մարզի խորքը։

XS
SM
MD
LG