Մատչելիության հղումներ

Լարված իրավիճակ՝ ԱԳՆ շենքի մոտ. կան տասնյակ բերման ենթարկվածներ


Լարված իրավիճակ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների և ոստիկանների միջև՝ ԱԳՆ շենքի դիմաց, 31-ը մայիսի, 2024թ.
Լարված իրավիճակ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների և ոստիկանների միջև՝ ԱԳՆ շենքի դիմաց, 31-ը մայիսի, 2024թ.

16:52

Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը «Ազատությանը» հայտնեց, որ այս պահին բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 29 մասնակից:

16:51

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց՝ սարկավագներից մեկն այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ վնասվածք է ստացել՝ նշելով. - «Ամբողջ պատասխանատվությունն Արարատ Միրզոյանի վրա է»:

Բագրատ սրբազանը հաստատեց, որ երեկ կտրող գործիքով վնասել են իրար և հավելեց՝ «սադրիչներ են եղել»։

16:32

Արտգործնախարարության շենքի մոտից բերման ենթարկվածների թիվը հասավ 26-ի, հայտնում է Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

16:03

Ոստիկանությունը ԱԳՆ շենքի մոտից բերման է ենթարկել 16 անձի, «Ազատությանը» հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

15։30

ԱԳՆ շենքի առջև լարված իրավիճակ է։ Ոստիկանությունը փորձում է բացել դեպի նախարարություն տանող մուտքը։

15։11

Բագրատ սրբազանը կոչով դիմեց ՆԳՆ Վահե Ղազարյանին՝ հորդորելով չարգելել իրենց մուտքը Արտգործնախարարություն։

«Դիմում եմ Վահե Ղազարյանին։ Հրահանգ տվեք ոստիկաններին, որ բացեն ճանապարհը և ուղեկցեն մեզ։ Մենք պետք է ստանանք մեր հարցերի պատասխանները։ Այս պատասխանատվության տակ չմտնես, մենք գնալու ենք վերև, և ոչ ոք իրավունք չունի մեր ճանապարհը խոչընդոտելու», - ասաց նա։

Ոստիկանությունից կրկին հիշեցրին, որ Արտաքին գործերի նախարարությունը անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է։

Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը կրկին մոտեցավ և զրուցում է արքեպիսկոպոսի հետ։

14։33

Ոստիկանությունից հայտնում են, որ Արտաքին գործերի նախարարությունը անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է, հետևապես ցանկացած մուտք ենթադրում է ռեժիմի պահպանում։

«Հորդորում ենք ձեռնպահ մնալ ռեժիմի խախտման որևէ գործողությունից», - ասված է հայտարարության մեջ։

14։31

Բագրատ սրբազանը շարժման մասնակիցներին հորդորեց բոլոր կողմերից շրջափակել ԱԳ նախարարության շենքի մուտքերը, որ որևէ աշխատակից չկարողանա դուրս գալ։

13:53

ԱԳՆ մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Ոստիկանությունը հայտնեց, որ արտաքին քաղաքական գերատեսչությունից ասում են, որ այս պահին ակցիայի մասնակիցներին ընդունել հնարավոր չէ։ Ոստիկանությունը հորդորեց բախման չգնալ՝ ասելով, որ այդ դեպքում կկիրառեն անհրաժեշտ միջոցներ։ Բագրատ սրբազանը հակադարձեց, ապա կրկնեց իր պահանջը. - «Բախման դուք եք գնում։

Կա՛մ իջնում եք, կա՛մ բարձրանում ենք»։

13:39

Ոստիկանների մեծ մասն էլ ԱԳՆ հարակից տարածքում է։

13:21

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը 30 րոպե տվեց, որ ԱԳՆ-ից իջնեն և պատասխաններ տան։

«Եթե ոչ ոք չիջնի, բարձրանում ենք շենք», - հայտարարեց նա։

Կարմիր ու սև բերետավորների թիվն ավելացավ։ Բագրատ սրբազանն ասաց, որ եթե խոչընդոտեն, պատասխանատվությունը նրանց վրա է մնալու։

12։48

Բագրատ սրբազանն Արտգործնախարարության աշխատակիցներին հորդորեց իջնել, պատասխան տալ բոլոր նվաստացումների համար, հակառակ դեպքում, պնդեց, նրանք «Ադրբեջանի ու Թուրքիայի գործակալներ են»։

«Եթե չիջնեք, մենք ենք բարձրանալու», - հայտարարեց նա։

12։20

Ներքին գործերի նախարարության ոստիկանությունն ակցիայի մասնակիցներին կոչ է անում չխախտել օրենքն ու ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին։

12։18

Արտգործնախարարության դիմաց՝ ոստիկանական պատի առջև կանգնելով՝ Բագրատ Գալստանյանը հիշեցրեց Ադրբեջանի նախագահի հայտարարությունները՝ ասելով, որ դրանք նվաստացնում են հայ ժողովրդին և մեղադրելով իշխանություններին դրանց համարժեք պատասխան չտալու մեջ։

11։50

Գլխավոր դատախազության շենքի դիմաց Բագրատ սրբազանը հայտարարեց՝ կառույցը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը «ծառայություն մատուցող ծառայություն է»։

Ընդդիմադիր շարժման առաջնորդն ընդգծեց՝ մինչև այսօր որևէ գործ, սկսած շարժման մասնակիցներին գործակալներ պիտակավորելուց, մինչ «Հայաքվե»-ի կողմից ապօրինի սահմանազատման հետ կապված հաղորդումը, Գլխավոր դատախազությունը չի հարուցել։

«Կարող ենք փաստել, որ այս պահին դատախազություն գոյություն չունի, նա միայն զեկույցներ է ներկայացնում ստախոսին ու կատարում նրա քմահաճույքները», - հայտարարեց նա։

11։30

Շարժման մասնակիցները 11։30-ի դրությամբ հասել են Հանրապետության հրապարակ։ Ապա անցան Գլխավոր դատախազության, ԱԳՆ-ի շենքերի մոտ, որտեղ ոստիկանական մեծաթիվ ուժեր են տեղակայված։

10։44

Վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քայլերթ է անում Երևանում։ Այն սկսվեց սուրբ Աննա եկեղեցու մոտից դեպի Հարավ-արևմտյան թաղամաս կամ Քանաքեռ։

Թե որն է քայլերթի վերջնակետը, շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը չնշեց։

Ընդդիմադիր շարժումը երեկ առավոտից ավելի քան վեց ժամ բողոքի ակցիա էր իրականացնում Կառավարության շենքի շուրջ:

Իշխող ուժը ներքաղաքական լարվածություն չի տեսնում։ Խմբակցության քարտուղարը «Ազատության»-ը նախօրեին ասել էր, որ որոշ բարձրաստիճան հոգևորականներ եկեղեցու դեմ արշավ են սկսել։

XS
SM
MD
LG