Բագրատ սրբազանը մտահոգ է՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ երեկ տեղի ունեցած հանդիպումից հետո իրավապահները գուցե նրա հետևից էլ գնան, ինչպես որ, ըստ սրբազանի, կալանավորել են իրեն աջակցող գործարար Հայկ Շահնազարյանին։
«Հիմա ես մտահոգ եմ, որ կարող է նորից գնան պարոն Ծառուկյանի հետևից», - ասաց նա։
Գագիկ Ծառուկյանն արդեն իսկ մեղադրյալ է 2017-ին ընտրակաշառք բաժանելը կազմակերպելու, ինչպես նաև ապօրինի հարստացման գործերով, իսկ Հայկ Շահնազարյանը օրերս մեղադրվեց փողերի լվացման և հարկեր թաքցնելու համար։
«Պարզ մարդկանց բարև եմ տալիս, հաջորդ օրը տանում են», - ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Բայց արդյոք աջակցո՞ւմ է Ծառուկյանը վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը։ Այս հարցին ուղիղ չեն պատասխանում ո՛չ ԲՀԿ առաջնորդը և ո՛չ էլ արքեպիսկոպոսը։ Ամեն դեպքում, Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը հերքել է տեղեկություներն այն մասին, թե երեկ երեկոյան Գագիկ Ծառուկյանի տանը տեղի ունեցած հանդիպման ընթացքում ԲՀԿ առաջնորդը մերժել է շարժմանը միանալու սրբազանի խնդրանքը։
«Ընտանեկան օջախում հյուրընկալության ժամանակ ընդունված չէ քննարկել քաղաքական հարցեր»,- գրել է խոսնակը՝ պնդելով, թե քննարկվել է հեղեղված բնակավայրերին օգնելու հարցը։
«Աջակցության-ջակացության մասին խոսք չի եղել ընդհանրապես։ Ներկա են եղել մայրը, զավակները, հարս, թոռնիկ, ամբողջ մի մեծ ընտանիք», - ասաց Բագրատ սրբազանը։
Բայց քաղաքական հարցեր, այնուամենայնիվ, քննարկվել են։ Հանրապետության հրապարակում այսօր բողոքի ակցիայի ժամանակ անդրադառնալով Ծառուկյանի հետ հանդիպմանը՝ Բագրատ սրբազանն ասաց, թե ինքը ԲՀԿ առաջնորդին է ներկայացրել երկրում տեղի ունեցող գործընթացները։
«Եթե ես ասեմ՝ չի եղել, դուք կնայեք իմ աչքերին ու կասեք՝ սուտ ես ասում, սրա նման ես, կասեք։ Եղել է, բա ի՞նչ է արել։ Ես նկարագրել եմ, թե ինչ է տեղի ունենում, ինչպես, և բնականաբար պիտի նկարագրեի։ Նախ՝ և քաղաքական ուժ են, և՛ մեր երկրում ներդրողներ են, բարեգործ մարդիկ են՝ ընտանիքով հանդերձ։ Կարծում եմ՝ իրավունք ունեին իմանալու, թե ինչ է տեղի ունենում, մեր մտածումներն ինչ են, չէ՞, ի վերջո երկրում գործընթացներ են տեղի ունենում», - նշեց նա։
«Ազատության» հարցին, թե արդոք Գագիկ Ծառուկյանը որևէ կերպ արձագանքել է տեղի ունեցող գործընթացներին, սրբազանն ասաց, թե Ծառուկյանը մտահոգություններ ուներ՝ առանց փակագծեր բացելու. - «Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի որևէ ձևով հասկանալու, իրավիճակը գնահատելու։ Մտահոգություններ ուներ, բնականաբար»։
Ըստ Ծառուկյանի խոսնակի՝ օրերս Բագրատ սրբազանը ԲՀԿ առաջնորդին է դիմել բնական աղետից տուժած շրջանների բնակիչներին օգնելու խնդրանքով, ինչին, ըստ Իվետա Տոնոյանի, Ծառուկյանն անմիջապես դրական է արձագանքել։ Արդեն այսօր տարածված տեսանյութում ԲՀԿ առաջնորդը «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին հանձնարարում է ուսումնասիրել մարդկանց կարիքներն ու անհատական օգնություն տրամադրել։ Ընդ որում, Ծառուկյանը հորդորում է համագործակցել նաև եկեղեցականների հետ։
«Գնում եք այդ տարածքներում, հիմնական տարածի ղեկավարության և եկեղեցականների հետ նայում եք, ընդհանուր բան չլինի, անհատական մարդիկ, ինչ խնդիր ունեն, քանի հոգի են, ինչ պրոբլեմներ ունեն», - ասում է ԲՀԿ առաջնորդը։