Արագածի լանջին լեռնադահուկային հանգստավայր կառուցելու՝ 80 միլիարդ դրամ արժողությամբ ծրագիրը Վարդենուտ գյուղի բնակիչներին դատարան է հասցրել:
Գյուղի արոտավայրերի, վարելահողերի մի հատվածում հանգստավայր կառուցել խոստացող «ՌԻԴ» ընկերությունը վարդենուտցիներից պահանջում է 345 դրամով օտարել սեփական տարածքները, որոնք հանրային գերակա շահ են ճանաչվել այս ծրագրի համար։
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ «ՌԻԴ»-ն ավելի քան 250 հայց է ներկայացրել վարդենուտցիների դեմ։
«Ստիպված, պարտավորված գնում ենք դատի», - ասաց Վարդենուտի բնակիչ Մանվել Առաքելյանը:
Պատճառն այն է, որ վարդենուտցիները դեմ են սեփական վարելահողերը, արոտավայրերը առաջարկվող 345 դրամով վաճառել։ Մինչև 2 անգամ ավելի բարձր է իրենց հողերի կադաստրային արժեքը, Կադաստրի կոմիտեի փաստաթղթերին է հղում անում վարդենուտցի Մանվել Առաքելյանը։ Երիտասարդ տղամարդու ընտանիքն ավելի քան 2 հեկտար հող ունի գերակա շահ ճանաչված տարածքում։
«Մեկ քառակուսի մետր հողատարածքի կադաստրային արժեքը կազմում է 792 ՀՀ դրամ», - նշեց նա:
Բնակիչը վստահ է՝ իրենց հողերի շուկայական արժեքն էլ մի քանի անգամ ավելի բարձր է։ Գյուղացիները 1 քմ-ը 2000 դրամ են գնահատել, պնդում են՝ դեռ անկախ գնահատողը անգամ մինչև 3100 դրամ է գնահատել իրենց 1 քմ հողը։ Գյուղում հանգստավայր կառուցել ծրագրող ընկերության հետ համաձայնության չգալու պատճառով վարդենուտցիները մի քանի անգամ փակեցին Երևան-Ապարան մայրուղին, որ կառավարությանը հասնի իրենց բողոքը, վերջին անգամ նրանք ճանապարհին կանգնեցրին վարչապետի ավտոշարասյունը, որ անձամբ Նիկոլ Փաշինյանին իրենց խնդիրը ներկայացնեն։
«Էս խնդրի մեջ ամենակարևոր բանը ճիշտ բալանսը պահելն է», - ասել էր Փաշինյանը:
Գյուղացիներն ասում են՝ վարչապետի առաջարկած բալանասը պահել ու հիմա ոսկե միջին գին են առաջարկում՝ 1000 դրամ մեկ քմ-ի դիմաց։ Լեռնադահուկային հանգստավայրի ծրագիրը հաստատած գործադիրից պատասխան դեռ չունեն: Համոզված են՝ շատերը իրենց հողերը չնչին գնով կկորցնեն, եթե կառավարությունն արագ չարձագանքի։ Դատարանի առաջ ասում են՝ մենակ են մնացել, իրենց շահերը պաշտպանելու համար ոչ բոլորն են ի վիճակի պաշտպան վարձել։
Դեռ հույսով սպասում են՝ գործադիրից կարձագանքեն, վարչապետի հետ ևս մեկ հանդիպում են ակնկալում։
«Եթե ունեն ուրիշ գնահատական շուկայական գնից, թող բերեն և դնեն սեղանին». «ՌԻԴ» ընկերության սեփականատեր
Իսկ «ՌԻԴ» ընկերությունից գյուղացիների առաջարկությունը ապօրինի հարստանալու փորձ են որակում։ Ռուսական «Ռուցոգ-ինվեստ» հոլդինգի կազմում գործող «ՌԻԴ» ընկերության սեփականատեր Ռուբեն Գրիգորյանը պնդում է՝ Վարդենուտի հողերի կադաստրային արժեքը 90 դրամ է, իրենք գյուղացիներին մի քանի անգամ ավելի բարձ գին են առաջարկում։ Ըստ գործարարի՝ գյուղում իրենց առաջարկած փոխհատուցմանը մի քանի տասնյակ մարդ է դեմ։
«Ես չեմ կարող գին ասել, ոչ էլ իրենք կարող են գին ասել, գինը պետք է ասի գնահատողը: Շուկայական գինը գնահատում են, և այդ շուկայական գնով վերցնում ենք: Եթե իրենք ունեն ուրիշ գնահատական շուկայական գնից, թող բերեն և դնեն սեղանին», - ասաց Գրիգորյանը:
Ռուսաստանահայ գործարարը նեղսրտած է՝ ինչո՞ւ են վարդենուտցիներն ընդվզում իր խոշոր ներդրմանը։ Պնդում է՝ հանգստավայրի ծրագիրը Վարդենուտը զբոսաշրջային կենտրոն է դարձնելու, գյուղ հազարավոր զբոսաշրջիկներ բերելու, հարյուրավոր աշխատատեղեր է ստեղծելու։ Գրիգորյանն ասում է, եթե գյուղացիների մի մասը շարունակի բարձր գին պահանջել, կհրաժարվի այդ հատվածներից։ Վարդենուտի հողերի մոտ 110 հեկտարն են նախատեսում օգտագործել, իսկ ընդհանուր հանգստավայրը 4000 հեկտար տարածք է զբաղեցնելու։
«Ես պրոբլեմ չունեմ, այդ մարդկանցից ես խոստանում եմ չառնել այդ փողերը, թող մնա իրենց, թող օգտագործեն իրենց անասունների համար: Ես չեմ ուզում որևէ մեկի հողը վերցնել», - ընդգծեց նա:
Գրիգորյանը չհստակեցրեց՝ արդյոք պատրաստվո՞ւմ են ընդդեմ վարդենուտցիների ներկայացրած դատական հայցերին մինչև վերջ հետամուտ լինել։
Ռուսաստանաբնակ գործարարը Արագածի լանջին 7 տարում է նախատեսում հանգստավայրը կառուցել՝ լեռնադահուկային 50 սահուղիներով, ճոպանուղիներով, բարձրակարգ հյուրանոցներով։ Գյուղացիներից ոմանք անգամ կասկածում են, թե «ՌԻԴ»-ը նման մաշտաբի ծրագիր կիրականացնի: Իսկ ընկերության տնօրենը պնդում է, թե արդեն սկսել են շինարարական աշխատանքները: