Մատչելիության հղումներ

Արագածի լանջին մեծ ներդրում առաջարկած ու մերժված ընկերությունը կասկածում է մրցույթի անաչառությանը


Էկոնոմիկայի նախարարությունը մրցույթում պարտված ֆրանսիական ընկերություններին առաջարկ է արել

Արագածի լանջին լեռնադահուկային հանգստավայր ու ֆերմաներ կառուցելու «Ռիդ» ընկերության նախագծի հաստատումից հետո Էկոնոմիկայի նախարարությունից կապվել են «Ռիդ»-ի հետ մրցակցությունում պարտված «Արագեյթի» գործընկեր ֆրանսիական երկու խոշոր ընկերությունների հետ ու առաջարկել համագործակցել «Ռիդի» հետ։ Ընդ որում, կապ հաստատել է ոչ թե հաղթող ընկերությունը, այլ՝ Էկոնոմիկայի նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչները։

«2 տարի սպասելուց հետո նրանք ողջ նախագիծը տվեցին այլ ընկերության։ Ես ներկայացնում եմ մի ընկերություն, որ դահուկի հանգստավայր կառուցելու ու կառավարելու 70 տարվա փորձ ունի։ Ցանկանում էի հասկանալ՝ ինչու մեզ չընտրեցին։ Գիտեք՝ ես սպորտսմեն եմ, տարիներ շարունակ դահուկորդ եմ եղել։ Երբ տեսնում եմ, որ որևէ մեկը ինչ-որ բան ինձնից լավ է անում, փորձում եմ սովորել նրանցից։ Այստեղ սովորելու ոչինչ չկա, անհավանական պատմություն է», - «Ազատությանն» ասաց ֆրանսիական Société des 3 Vallées-ի (Սոսիետե դե թղուա վալեն) տնօրեն Պասկալ դը Տիերսանթը։ Այս ընկերությունը պետք է իրականացներ «Արագեյթ» ընկերության նախագիծը։

Տնօրենը պատմում է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպել է, երբ Ֆրանսիայի իշխանությունների խորհրդով իրենց ներկայացրած ներդրումային ծրագրի մերժման անորոշ հիմքերի մասին նամակ է գրել Հայաստանի արտգործնախարարին։

Դրանից հետո նրա հետ կապվել են Էկոնոմիկայի նախարարությունից ու խնդրել հանդիպել նախարար Վահան Քորբյանի հետ, վերջինս էլ դը Տիերսանթին առաջարկել է գալ ու կառուցել «Ռիդ» ՍՊԸ-ի համար լեռնադահուկային հանգստավայր։ Համագործակցության առաջարկի մասին պատասխան տալուց առաջ ֆրանսիացի մասնագետը որոշել է աչքի անցկացնել հաղթած նախագիծը։

«Զարմացա, երբ տեսա լեռնադահուկային հատվածի նախագիծը, ընդամենը մի թղթի կտոր էր»

«Հանդիպեցի ընկերության ներկայացուցիչներին, ու պատկերացրեք՝ ինչպես զարմացա, երբ տեսա լեռնադահուկային հատվածի նախագիծը, ընդամենը մի թղթի կտոր էր` միայն մեկ ութ կիլոմետրանոց ճոպանուղով։ Իսկ սահելու լանջերը սխալ էին ընտրված, դրանք շատ հարթ էին, այդտեղ անհնար կլիներ կառուցել որևէ բան», - նշում է նա՝, հավելելով. - «Ես երեք անգամ Հայաստանում եմ եղել ու դահուկներով սահել եմ լեռան լանջերին, բարձրացել եմ տարբեր կողմերից, բայց մարդիկ, որոնք գծել էին այդ նախագիծը, հավանաբար կյանքում Արագածում էլ չէին եղել, հնարավոր է՝ երբևէ անգամ լեռնադահուկային հանգստավայրում չէին եղել»։

Մրցույթում հաղթած ու Արագածի մոտ բնակավայրերում, այդ թվում՝ Ապարանում մեծ հողատարածքներ, նաև գերակա շահի միջոցով ձեռք բերելու հնարավորություն ստացած «Ռիդը» գործում է ռուսական «ՌՈՒՑՈԳ-ԻՆՎԵՍՏ» շինարարական հոլդինգի կազմում, որի հիմնադիրը ռուսաստանաբնակ հայ Ռուբեն Գրիգորյանն է։ Հայաստանում գրանցված «Ռիդի» գլխավոր բաժնետեր նա դարձել է 2019 թվականին, ինչից 1 տարի անց՝ 2020-ի մարտին, համագործակցության հուշագրեր է ստորագրել Էկոնոմիկայի և Տարածքային կառավարման նախարարությունների հետ «Արագած» անունը ստացած ներդրումային ծրագիրն իրականացնելու մասին։ Սրանից մի քանի ամիս առաջ՝ հունվարին, «Արագեյթ» ընկերությունն էր Քաղաքաշինության կոմիտեի հետ նման մի հուշագիր ստորագրել կրկին Արագածի փեշերին դահուկային հանգստավայր կառուցելու համար։

«Արագեյթ»-ի սեփականատերը Ֆրանսիայում բնակվող, ռուսաստանահայ գործարար Նիկոլայ Սարկիսովն է, որը խոստացել էր մոտ 300 միլիոն դոլարի ներդրում անել ֆրանսիական խոշոր ընկերությունների հետ համագործակցությամբ։

Վահան Քերոբյանը վստահեցնում է՝ «Ռիդն» ընտրվել է ազնիվ պայքարում

Էկոնոմիկայի նախարարությունից «Ազատությանը» հայտնել են, որ հատուկ միջգերատեսչական հանձնաժողով են ստեղծել, որը գնահատել է երկու առաջարկներն ու ընտրել «Ռիդինը»։ Դեռ 2021-ին այդ նախագծին հավանություն տալուց հետո էկոնոմիկայի նախարարը լրագրողներին ասել էր, որ մեկ ամսվա ընթացքում կընդունվի կառավարության որոշում, ու ծրագիրը կմեկնարկի, սակայն կառավարության որոշումն ընդունվեց միայն այս տարվա մարտին՝ «Արագեյթ»-ի կողմից մշակված ծրագիրը ներկայացնելուց 2 տարի անց. պարտված ընկերությունը մանրակրկիտ հետազոտություններով ու հաշվարկներով իր նախագիծը տեղադրել էր edraft-ում։

«Եթե մեզ հաղթած ընկերությունը այդ նախագիծն է ներկայացրել Էկոնոմիկայի նախարարությանը, ապա ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող էին նրանց ընտրել», - հարցնում է Պասկալ դը Տիերսանթը։

Նախարար Վահան Քերոբյանը «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց՝ «Ռիդն» ընտրվել է ազնիվ պայքարում. - «Ռուսական տարբերակ չէ, հայկական տարբերակ է, որովհետև ներդրողը Հայաստանի քաղաքացի է, և կարող եմ ասել, որ ընտրվել է թափանցիկ ընթացակարգով։ Գիտեք, եղել է մրցութային հանձնաժողով, քննարկվել են ծրագրերը, ընտրվել է ծրագիրը, և այն հիմա իրականացման փուլում է»։

Ի՞նչ ծրագիր է առաջարկել «Ռիդը», որն արժանացել է Էկոնոմիկայի նախարարության հատուկ հանձնաժողովի հավանությանը, ու մերժվել է ֆրանսիական ընկերությունների ու «Արագեյթ»-ի առաջարկը։

«Ռիդը» կոնտակտային տվյալներ համացանցում չուներ, «Ազատությունն» այցելեց իռեգիստրում գրանցված՝ Երևանի կենտրոնում գտնվող գործունեության հասցե, որը չհաջողվեց գտնել։

Ընկերության ներկայացրած նախագիծը, սակայն, կցված է կառավարության որոշմանը, որից պարզ է դառնում՝ ծրագրի նպատակը օրգանական գյուղմթերքի արտադրությունն է և լեռնադահուկային սպորտային և ամառային առողջարանային ենթակառուցվածքների ստեղծումը։ «Արագած» անունը ստացած նախագծի հիմնավորումներում գրված է, որ «օրգանական գյուղատնեսությունը համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական միտումներից է, Հայաստանում կստեղծվի մոտ 300 փոքր ֆերմա»։ Ապա շարունակում են, որ «ծրագրի հաջորդ բաղադրիչը լեռնային զբոսաշրջությունն է, ինչի համար անհրաժեշտ է ունենալ միջազգային ստանդարտներին համապասխան մի քանի ավաններ, որոնք կկառուցվեն տարածքում»։

«Ես կասկածում եմ, որ այդ ընկերությունը կառուցելու է լեռնադահուկային հանգստի գոտի»

«Ես կասկածում եմ, որ այդ ընկերությունը կառուցելու է լեռնադահուկային հանգստի գոտի այդ տարածքում։ Կարծիքս այն է, որ կփորձեն նախագիծ ստեղծել, մի փոքր ճոպանուղի կառուցել ու դրա հաշվին բարձրացնել տարածքի արժեքը ու վաճառել անշարժ գույք, իսկ լեռնադահուկային հանգստավայրի դեպքում 10-20 տարի է հարկավոր, մինչև այն դառնա շահութաբեր», - նկատեց նա։

Կառավարության որոշման հավելվածներում նշված է՝ պատրաստվում են կատարել մոտ 190 միլիոն դոլարի ներդրում, միևնույն ժամանակ պարզ է, որ չի իրականացվել Արագածի եղանակային պայմանների վերաբերյալ սեփական հետազոտություն, և լեռնադահուկային հանգստավայր կառուցելու առաջարկ են արել՝ հիմնվելով 2010 թվականին տպագրված մի աշխարհագրական ատլասի վրա։ Փոխարենը, հավելվածներում կադաստրային հասցեներով մանրամասն նշված են այն հողատարածքները, որոնք ձեռք են բերվելու գերակա շահի միջոցով՝ մոտ 162 հեկտար։

Ի՞նչն է կառավարությունը համարել «Արագած» ծրագրի առավելությունը. եթե դա էկոգյուղատնտեսական բաղադրիչն է, ապա հնարավոր չէ՞ր արդյոք այն իրականացնել այլ վայրում, իսկ եթե լեռնադահուկային հանգստավայրն է, ապա ինչպե՞ս է ընկերությունը այն կառուցելու, եթե հիմա դիմում է պարտված մրցակցի գործընկեր ֆրանսիական ընկերություններին ու մեկը մյուսի հետևից մերժումներ ստանում։ «Ազատությանը» չի հաջողվել այս մասին հարցեր ուղղել հենց «Ռիդին»։

«Բացառված չէ, որ համագործակցություն կլինի նաև ֆրանսիական հայտնի ընկերությունների հետ», - նկատեց նախարար Քերոբյանը։

Ֆրանսիական Société des 3 Vallées-ի ղեկավարը, սակայն, բացառեց այդ հնարավորությունը։ Պասկալ դը Տիերսանթն ասաց, որ ցանկության դեպքում էլ չէին կարող, քանի հետազոտել են ու պարզել, որ հնարավոր է պատժամիջոցների տակ հայտնվեին համագործակցելով «Ռուցոգ ինվեստի» «Ռիդ» ընկերության հետ։ «Արագեյթ»-ի պարտության պատճառների մասին այդպես էլ պաշտոնապես չտեղեկացված ֆրանսիական կողմին մնում է միայն անարդար մրցույթի վերաբերյալ իրենց ունեցած կասկածների մասին հայտնել ֆրանսիական կառավարությանը. - «Գիտեք, ֆրանսիական կառավարությունը սատարում է ֆրանսիական ընկերություններին նաև արտերկրում»։

Ֆրանսիական հանրահայտ Courchevel-ի օրինակով կառուցվելիք նախագծի մասին Ֆրանսիայի նախկին դեսպանը՝ Ջոնաթան Լաքոտը Հայաստանից գնալուց առաջ գրառում էր արել, թե կառուցվելիք հանգստավայրը ֆրանսիական ամենամեծ ներդրումն է լինելու բարեկամ Հայաստանում։ Նախագիծն արժանացել էր նաև հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության խմբի հավանությանը։

Պարզաբանում. Այս հրապարակումից հետո մեզ հետ կապ են հաստատել «Ռիդ» ընկերությունից և հայտնել, թե որտեղ է գտնվում իրենց գրասնեյակը (այդ հասցեն նշված չէր eregister կայքում, ինչպես նաև առկա չէ «Սփյուռ» համակարգում)։

Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ համաձայն չեն ֆրանսիական «Սոսիետե դե թղուա վալե» ընկերության ներկայացուցիչ Պասկալ դը Տիերսանթի գնահատականների հետ իրենց նախագծի վերաբերյալ, և այդ «գնահատականները համարում են իրենց բարի համբավը արատավորող», ավելին, կարծում են, որ «Արագեյթ» ընկերությունը կրկնօրինակել է իրենց նախագիծը։

Էկոնոմիկայի նախարարության հայտարարած մրցույթում շահած «Ռիդ» ընկերությունը «Ազատությանը» տրամադրել է նաև գրավոր տեքստ, որտեղ շարադրել են, թե իրենց կարծիքով, ինչու է «Ռիդը» շահել մրցույթում։ Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ իրենց առաջարկի առավելությունն այն է, որ ծրագրում ներառված չէ Քարի լճի տարածքը, իսկ մրցակից ընկերության նախագծում «ներառված են եղել արգելավայրի որոշ հարվածներ», բացի այդ իրենք պարտավորվել են կառուցել ջրամբար, որը կունենա գյուղատնտեսական նշանակություն, ինչպես նաև համարում են, որ իրենց ծրագիրն ունի սոցիալական ուղղվածություն, քանի որ ստեղծելու են 1000-ից ավելի աշխատատեղ։

«Ազատությունը» խնդրել է «Ռիդ» ընկերությանը ներկայացնել կամ հրապարակել իրենց մշակած այն նախագիծը, որը շահել է մրցույթում, այդ թվում՝ լեռնադահուկային հանգստավայրին վերաբերող հատվածը և ուսումնասիրությունները, ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ հեղինակային իրավունքներին առնչվող մտահոգություններից ելնելով, չեն հրապարակել նախագիծը կամ տեղադրել e-draft համակարգում, սակայն ավելի ուշ պատրաստվում են դա անել ներկայացման միջոցառման ընթացքում, թե երբ, առայժմ պարզ չէ։

XS
SM
MD
LG