Մատչելիության հղումներ

«Շատ եմ հիասթափվել». Ալեքսանյանը մրցավարական անարդարության մասին է հայտարարում


Օլիմպիական խաղերի եզրափակիչում պարտվելուց հետո 97 կիլոգրամ քաշային Արթուր Ալեքսանյանն իր առաջին մեկնաբանությունում մրցավարական անարդարության մասին է հայտարարել՝ չթաքցնելով հիասթափությունը։

«Այս անարդարություններից շատ եմ հիասթափվել, շատ-շատ, բայց դեռ մնալու եմ ըմբշամարտում», - ասել է նա։

Եզրափակիչ գոտեմարտն ավարտվել էր 4-1 հաշվով հօգուտ իրանցի ըմբիշի։ Ալեքսանյանը հենց պարգևատրման արարողության ընթացքում ցույց տվեց դժգոհությունը՝ կրծքից հանելով արծաթե մեդալը։

Գոտեմարտի վճռորոշ հատվածում, երբ իրանցի ըմբիշը հաշվի մեջ առաջ անցավ, Ալեքսանյանը նկատել է՝ մրցակիցը երկու ոտքով գորգի սահմաններից դուրս է եկել։ Մարզիկը պնդում է՝ սրա համար իրեն պետք է մեկ միավոր տային, սակայն հակառակը եղավ. - «Ես այդ պահը նկատեցի, ու ես մեր մարզիչներին ասացի, որ բողոքարկեն, որովհետև երկու ոտքով եթե դուրս ես գալիս, ուրեմն մեկ միավոր ինձ պիտի տային, բայց այդ միավորի տեղը երկու միավոր տվեցին պարսիկ ըմբիշին ու մի հատ էլ մեկ ավելացրին բողոքարկելու համար։ Բոլորը հարցնում են՝ ինչի համար եմ հանել մեդալը, դրա համար, որովհետև թե տեսանյութով ու թե նկարներով կա։ Ես վստահ եմ, որ այդտեղ մեկ միավորին իմն էր, ու հաշիվը պետք է լիներ 2։1 հօգուտ ինձ»։

Աշխարհի քառակի չեմպիոնը դեռ հույսը չի կորցրել՝ թիմը բողոքարկում է եզրափակիչ գոտեմարտի արդյունքը։ Սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը վստահեցնում է՝ փորձելու են վերականգնել արդարությունը։

Փոխնախարարի խոսքով՝ բողոքարկման գործընթացին Հայաստանի կառավարությունն էլ կմիանա, թղթաբանական հարցերը լուծելուց հետո կդիմեն համապատասխան ատյաններ։

Ալեքսանյանն ու Գիլոյանը բողոքարկման մասին հայտարարեցին Փարիզում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում։

Օլիմպիական հավաքականից եկել էին նաև բրոնզե մեդալ նվաճած ըմբիշ Մալխաս Ամոյանն ու վազորդ Երվանդ Մկրտչյանը։ Վերջինս թեև պայքարում առաջ անցնել չկարողացավ, բայց 800 մետր տարածությունում Հայաստանի ռեկորդ գրանցեց։

Ամոյանի համար սա առաջին օլիմպիական մեդալն էր, նա արդեն հաջորդ խաղերի մասին է մտածում։ Ասում է՝ ամեն ինչ կանի հաջողությունը զարգացնելու համար։

Հայաստանի հավաքականն այս պահին 3 մեդալ ունի, ավելի վաղ մարմնամարզիկ Արթուր Դավթյանն էր արծաթ նվաճել։ Փարիզ 24-ում պայքարը սկսեցին նաև հայ ծանրորդները, այսօր մրցահարթակ դուրս եկավ 89 կիլոգրամ քաշային Անդրանիկ Կարապետյանը, նա զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։

XS
SM
MD
LG