Մատչելիության հղումներ

Օլիմպիական ոսկու ակնկալիքով Հայաստանում սպասում են Արթուր Ալեքսանյանի գոտեմարտին


Ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանն այսօր երեկոյան իրանցի մարզիկի հետ մրցագորգ դուրս կգա՝ պայքարելու օլիմպիական երկրորդ ոսկե մեդալի համար:

Հայաստանում թերևս բոլորն են շունչները պահած հետևելու մարտին, բայց ավելի շատ նրա հայրենի Գյումրիում, որտեղ դեռ երեկվանից մեծ էկրաններ են տեղադրել քաղաքի գլխավոր հրապարակում՝ հետևելու Արթուրի ու մյուս հայ ըմբիշների ելույթներին։

32 տարեկան գյումրեցին, որին մարզական աշխարհում «Սպիտակ արջ» անունով են կնքել խարտյաշ մազերի ու հաղթանդամ կազմվածքի համար, տիտղոսակիր մարզիկ է, Լոնդոնի օլիմպիական բրոնզից, Ռիոյի ոսկուց և Տոկիոյի արծաթից բացի աշխարհի ու Եվրոպայի բազմաթիվ առաջնություններ է նվաճել։

Տարիներ առաջ երբ նրան հարցրին, թե ինչո՞ւ է ըմբշամարտն ընտրել, Ալեքսանյանն անկեղծորեն պատասխանեց, թե այլ տարբերակ չկար, ընտանիքի բոլոր տղամարդիկ ըմբիշ են:

Երեկվա կիսաեզրափակիչում տարած հաղթանակից հետո Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գրեց՝ Արթուր Ալեքսանյանը նվաճեց իր չորրորդ օլիմպիական մեդալը։ Մնում է պատասխանել միակ հարցին՝ արծա՞թ կլինի, թե՞ ոսկի։

Այստեղ շատերի համար Արթուր Ալեքսանյանը բառիս բուն իմաստով կուռք է, պատանի ընբշամարտիկներն ուզում են նմանվել նրան, ոմանք էլ անցնել նրանից։ Ալեքսանյանը դեռ շարունակում է մարզվել այս մարզադպրոցում, եթե հավաքների չի լինում։ Ամեն անգամ չեմպիոնական որևէ տիտղոս նվաճելուց հետո օրակարգ էր գալիս մարզադպրոցի նորոգման հարցը, բայց գործն առաջ չէր գնում։ Առաջին անգամ աշխարհի չեմպիոն դառնալուց տասը տարի անց Արթուրի հարազատ մարզադպրոցում շատ բան չի փոխվել։

Դահլիճներից մեկում, որտեղ ֆիզիակական պարապմունքներն են անցկացնում, հատակ չկա, մարզագույքը հազիվ մի կերպ հարմարեցված է։ Պարապմունքների ժամանակ էլ փոշու պակաս չկա։ Մարզադպրոցի փոխտնօրեն Խաչիկ Բաղդասարյանն ասում է՝ միջազգային չափորոշիչներին մարզադպրոցը չի համապատասխանում։ Այդուհանդերձ մարզադպրոց հաճախող երեխաների պակաս չունեն նույնիսկ նման պայմաններում։

Այդուհանդերձ, Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզադպրոցի հեռանկարը կարծես որոշակիանում է։ 3 տարի առաջ է սկսվել այս շենքի կառուցումը։ Այն նախատեսվում է շահագործել 2026 թվականին։

Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG