Մատչելիության հղումներ

Մասնագետների նախնական եզրակացությամբ Սանահին կայարանի շենքերի սեյսմիկ վիճակը նորմալ է. բնակիչների արձագանքը


Ջրհեղեղի հետևանքները աղետի գոտում, Լոռու մարզ, 26-ը մայիսի, 2024թ.
Ջրհեղեղի հետևանքները աղետի գոտում, Լոռու մարզ, 26-ը մայիսի, 2024թ.

Ջրհեղեղից տուժած տները դատարկելուց, տիղմից ազատելուց ու գույքը հանելուց հետո բնակարաններ մտած ջրի հետքն ավելի տեսանելի է՝ մարդու հասակից կես մետր էլ վերև։ Պատերն ու հատակը տեղ-տեղ իրարից հեռացել են։

«Տները մեկ էլ մի տարի հետո խելքի կգան։ Պատերից հետ խոնավացած, պիտի քերեն, մաքրեն, չորանա, ամիսներ պիտի տևի», - ասում են աղետի գոտու բնակիչները։

Տարածքում շենքերի սեյսմիկ վիճակն ստուգող մասնագետներ արդեն երևացել են, Ալավերդու ավագանու անդամ Հայկ Հովակիմյանն ասաց։ Նախնական եզրակացություն են հայտնել տեղացիներին Սանահին կայարանի 4 ողողված երկհարկանիների մասին։ Ասել են՝ նորմալ է։

«Մի հատ էլ էլի մասնագետները լրացուցիչ կգան, բնակությունից առաջ կնայեն ու վերջ երևի։ Սկզբանական գնահատական տվել են՝ նորմալ վիճակ։ Դե 88-ին ճաքի համար վթարային են հանել, ու 88-ից սկսել են ապրել մինչև այսօր՝ ջրհեղեղը, այդ նույն վթարայինում ապրել են, իսկ այս ջրհեղեղը սրան ոչ մի վնաս չի տվել, նայել են տակերը, հիմքերը, ասել են՝ նորմալ է», - ասաց նա։

Մինչդեռ բնակիչները ցույց են տալիս դեռ նախկինում եղած ճաքերը։ Հիշեցնում՝ տարիներ առաջ են իրենց զգուշացրել շենքերի վթարային լինելու մասին։

«Հարյուր տարվա շենք է սա, մնացել են ուղղակի քարերը», - նշեց բնակիչներից մյուսը։

Շենքերի սեյսմիկ վիճակի մասին դեռ պաշտոնական եզրակացություն չկա։ Այսօր տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանն «Ազատության»-ն ասել է՝ դեռ վաղ է տուժած շենքերի մասին վերջնական եզրակացության համար։ Հատուկ հանձնաժողով են ստեղծել, որ վերջին խոսքը կասի՝ Սանահին կայարանի 100 տարեկան շենքերը հետագա բնակության համար պիտանի են՞, թե ոչ։ Արդեն երկու այց են կատարել, բայց կշարունակեն՝ գնահատելու շենքերի վնասվածության աստիճանը, ամրացման կարիք կա, ու արդյոք փոխվել է շենքերի վթարայնության աստիճանը։

«Բայց, հիմա նույն այդ շենքերի շուրջ և շենքերի տակ գտնվող գրունտային շերտը բավական գերխոնավ ու գերհագեցած է, որոշակի ժամանակ հետո, երբ որ այդ գրունտը չորանա, կարող է շենքի նոր նստվածքներ և նոր խնդիրներ ի հայտ գան, դրա համար հիմա ասել՝ շենքը ինչ չափի է վնասված, որ վնասվածության աստիճան է, նորը կառուցելու, թե նորոգելու կարիք կլինի, որոշակի ժամանակ կպահանջվի», - ասաց նախարարը։

Ջրհեղեղից հետո մի քանի օր պետք եղավ, որ մարդկանց տներից գետի ահռելի քանակի ջուրը հետ քաշվի։ Դեռ երկար ժամանակ էլ պետք կլինի, որ շենքերի խոնավացած պատերը չորանան, հիմքերն էլ հուսալի դառնան, եթե անգամ դրանք վթարային չլինեն։

«Ակնհայտ է, որ բավական ժամանակ առաջին հարկի ապրողները չեն կարողանա վերադառնալ, պատրաստ ենք իրենց աջակցել կացարանի հարցերով, մինչև հիմնական որոշումները կլինեն վերանորոգումների, վերականգնումների հետ կապված», - նշել է նախարարը։

Սանահին կայարան մասնագետներ են եկել նաև հեղեղված թաղամասի կոյուղու հարցը լուծելու համար։ Նոր կոյուղագիծ են անցկացնելու, հինը վերականգնել չի լինի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG