Այսօրվանից աղետի գոտու բոլոր մայրուղիներն անցանելի են, բայց ոչ ծանրաքաշ մեքենաների համար։ Դեռևս ժամանակավոր լուծումներ են գտել՝ հող լցրել փլուզված հատվածներում, որոշ վայրերում երթևեկությունը դեռ միակողմանի է, այսօր ասուլիսում ասաց տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը։
Փլուզված 20 կամուրջների դեպքում հիմնականում կան շրջանցող, այլընտրանքային ճանապարհներ, մինչդեռ Ախթալան ու հարակից 6 գյուղերն իրենց ավելի քան 6000 բնակիչներով մեկուսացված են՝ այլընտրանքային 5 կիլոմետրանոց ճանապարհը՝ անանցանելի։
«Վաղվանից կսկսի գործել, այսպես ասած, տրանսպորտային մի համակարգ, որն այդ բնակավայրերից մարդկանց կբերի կամրջի մի ափ ու կամրջի մյուս ափին կսպասի միկրոավտոբուս, որը մարդկանց կտեղափոխի Ալավերդի: Երևի օրվա մեջ 2 անգամ այդ ուղղությունները կաշխատացնենք այն պատճառով, որ մարդիկ, ովքեր մեքենա չունեն կամ վառելիքի հետ խնդիր ունեն, օգտվեն այդ տրանսպորտից անվճար», - ասաց Սանոսյանը:
Մայրուղուց կտրված այս բնակավայրերում գյուղմթերքը հասունացել է, գյուղացիներն արտադրանքը շուկա հասցնելու ճար չունեն։ Իսկ ամբողջովին հեղեղված Քարկոփում բերքը տիղմի տակ է մնացել։
Վանաձորից մինչև Բագրատաշեն ամենամեծ վնասված հատվածը թունելից հետո՝ «Թուֆենկյան» հյուրանոցի հարակից մասն է, որտեղ Ձորագետ ու Փամբակ գետերն են միախառնվում ու Դեբեդ դառնում: Այստեղ ամենաշատն էր վարարել գետն ու ամբողջովին փլուզել ճանապարհի տասնյակ մետրեր։ Առաջիկա մեկ-երկու օրերին այն ևս երթևեկելի կդառնա, խոստացավ նախարարը: Այստեղ շինարարներ են աշխատում, բայց մեքենաները դեռ շրջանցում են փլուզված հատվածը, անցնում «Թուֆենկյան» հյուրանոցի բակով միայն, ինչը չափազանց նեղ է բեռնատարների համար։
Ակտիվ աշխատում են նաև երկաթգծի շինարարները։ «Հարավկովկասյան երկաթուղու» գծերը 8 տեղում վնասվել են՝ 2.5 կիլոմետր երկայնքով, տասնյակ էլեկտրակայաններ ու սյուներ է գետը քշել։ Վառելիքը Հայաստան հասցնելու և հանքաքարն արտահանելու համար գնացքները գործարկելը հրատապ խնդիրներից են։ Պատասխանատուներն ասում են՝ ամեն ինչ անում են՝ նախատեսվածից շուտ վնասված ռելսերն ու հենապատերը վերականգնելու համար:
Քաղաքաշինության կոմիտեն ու տարբեր պետական կառույցեր դեռ հաշվառում են բնակիչների, շենք-շինությունների վնասները։ Գույքագրումը չի ավարտվել։ Աղետի գոտու բնակիչների կրած վնասի փոխհատուցման մեխանիզմներ դեռ չկան:
Հեղեղից մեկ շաբաթ անց տուժած բնակիչներն առայժմ հրատապ օգնություն են ստանում՝ սնունդ, հագուստ, առաջին անհրաժեշտության տնտեսական ապրանքներ: