Լոռու և Տավուշի մարզերում մայիսի լույս 26-ի գիշերը տեղի ունեցած հեղեղների հետևանքով Սանահին կայարանից մինչև Այրում կայարան երկաթուղու ութ ավերված հատվածներից երկուսը վերականգնվել են, տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։
Ըստ հաղորդման՝ երթևեկությունը դեռևս սահմանափակ է արագությամբ և շարժակազմի տեսակով։
Ընկերությունը նշում է, որ ներկայումս իրականացվում է Ալավերդի-Հաղպատ ճանապարհի փլուզված հատվածի մաքրում։
Ախթալա կայարանում վերականգնվել են 230 մետր երկարությամբ էլեկտրահաղորդման գծերն, ինչպես նաև 400 մետր երկարությամբ կապի հենարաններն ու մալուխները: Կայանի արտաքին սարքավորումները կեղտից մաքրվել են, վնասված ավտոմատացման սարքերն՝ ապամոնտաժվել։
Ըստ ՀԿԵ-ի՝ Այրում կայարանի բազայի հիման վրա նախատեսվում է կկազմակերպել Հայաստան բեռների ներկրման ժամանակավոր սխեմա։
Ընկերությունը միևնույն ժամանակ տեղեկացնում է, որ մանևրային ջերմաքարշը շարունակում է տեխնիկա և մարդկանց տեղափոխել ճանապարհներից կտրված Քարկոփ, Ճոճկան, Մեծ Այրում և Փոքր Այրում բնակավայրեր:
Չորս մահված պատճառ դարձած ջրհեղեղը դեպի Վրաստան տանող ճանապարհների ավելի քան 40 հատվածներ քարուքանդ է արել, 17 կամուրջ փլուզել, տներ, անասուններ ու այգիներ քշել տարել։ Աղետից 10 օր անց բնակավայրերի հետ կապող դեռ երթևեկելի կամուրջ չկա, դրա փոխարեն ժամանակավոր հետիոտնային կամրջակ է գործում։
Աղետի գոտու բոլոր մայրուղիները երեկվանից անցանելի են, բայց ոչ ծանրաքաշ մեքենաների համար․ դեռևս ժամանակավոր լուծումներ են գտել՝ հող լցրել փլուզված հատվածներում։
Բնակիչների, շենք-շինությունների վնասները դեռ հաշվառվում են, գույքագրումը չի ավարտվել։ Աղետի գոտու բնակիչների կրած վնասի փոխհատուցման մեխանիզմներ էլ դեռ չկան: