Ռուսական զորքը գիշերը հրթիռներով հարվածել է Ուկրաինայի մայրաքաղաքին և Խերսոնին, ինչի հետևանքով առնվազն երկու մարդ է սպանվել, ևս ինը՝ վիրավորվել: Միայն Կիևին հարվածել է ութ, այդ թվում՝ գերձայնային «Կինժալ» և «Իսկանդեր-KN-23» բալիստիկ հրթիռ:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն տեղեկացրել է, որ մայրաքաղաքում վնասվել են շենք-շինություններ, ջեռուցման գիծ, առանց ջեռուցման է մնացել 630 բնակելի շենք, ավելի քան մեկ տասնյակ ուսումնական և բուժհաստատություններ: Կիևում պահեստներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել:
Այս հարձակումը հաջորդում է Ռուսաստանի նախագահի երեկվա մամուլի ասուլիսին, որի ընթացքում Վլադիմիր Պուտինն, անդրադառնալով ռուսական «Օրեշնիկ» գերձայնային հրթիռի խոցելիության վերաբերյալ կասկածներին, ասել էր, որ այն անխոցելի է և առաջարկել էր հրթիռային «մենամարտ» կազմակերպել դրանում համոզվելու համար:
Զելենսկին պնդում է՝ Պուտինն ադեկվատ չէ և վտանգավոր է բոլորի համար
Ուկրաինայի նախագահն, արձագանքելով Պուտինին, X-ում նրան հիմար է անվանել: Նույն օրը Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում տված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Պուտինն ադեկվատ չէ և վտանգավոր է բոլորի համար:
«Վտանգավոր է, քանզի նրա համար կարևոր չէ մարդկային կյանքը, ոչինչ։ Կարծում եմ՝ նա խելագար է, ես այդպես եմ կարծում: Իսկապես։ Կարծում եմ՝ ինքն էլ է մտածում, որ խելագար է։ Դա այդպես է: Նա սիրում է սպանել։ Կարծում եմ՝ շատ վտանգավոր է բոլորի համար», - նշել է Ուկրաինայի նախագահը:
Բրյուսելյան ասուլիսի ժամանակ, դիմելով եվրոպական երկրներին, Զելենսկին ասել է, թե կարևոր է, որ Եվրոպական միությունը միասնական մոտեցում ունենա Ուկրաինային այս փուլում աջակցելու հարցում:
«Մենք ձեզ հետ պետք է հասկանանք, որ չենք կարող ապրել սառեցված հակամարտության պայմաններում: Երբ խոսքը հրադադարի մասին է, ցանկացած պատերազմի դեպքում մարդիկ գիտեն, թե ինչ կլինի հետո, ինչպես կավարտվի այդ ամենը: Մենք պետք է իմանանք, թե ինչ է լինելու վաղը, որպեսզի այսօր զինադադար հաստատվի։ Եվ դրա համար Ուկրաինային անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ», - ընդգծել է նա:
Զելենսկին, սակայն, նշել էր, որ միայն եվրոպական երկրների անվտանգության երաշխիքները բավարար չեն լինի Ուկրաինայի համար: Կիևը պետք է փորձի ստանալ նաև Միացյալ Նահանգների նոր վարչակարգի և ՆԱՏՕ-ի աջակցությունը:
«Դա չի կարելի քննարկել միայն եվրոպացի առաջնորդների հետ, քանի որ մեզ համար իրական երաշխիքները, ամեն դեպքում, այսօր կամ ապագայում, ՆԱՏՕ-ն է… Կարծում եմ՝ նախագահ Թրամփն ուժեղ մարդ է, և շատ եմ ուզում, որ նա մեր կողքին լինի, ինձ համար շատ կարևոր է։ Ցանկանում եմ նրա հետ ավելի մանրամասն քննարկել այս պատերազմի հարցը… Շատ եմ ուզում, որ Թրամփն օգնի մեզ և ավարտի այս պատերազմը», - ասել է Վլադիմիր Զելենսկին։
ԵՄ-ը 2025-ին լրացուցիչ 30 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցություն կտրամադրի Ուկրաինային
Այսօր արդեն պարզ դարձավ, որ Եվրոպական միությունը 2025 թվականին լրացուցիչ 30 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցություն կտրամադրի Ուկրաինային: Եվրոպայի խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան այդ մասին այսօր հայտարարեց Բրյուսելում:
«Մենք կիրականացնենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը, որը հաստատել ենք այս շաբաթ: Այս փաթեթը փակում է բացերը և սահմանափակում դրանք շրջանցելու հնարավորությունը և հատկապես թիրախավորում է, այսպես կոչված, ստվերային նավատորմը: Երկրորդ՝ մենք Ուկրաինային արդեն տրամադրել ենք մոտ 130 միլիարդ եվրո ֆինանսական աջակցություն և 2025 թվականին կմատակարարենք լրացուցիչ 30 միլիարդ եվրո», - ներկայացրել է Անտոնիո Կոստան։
Մամուլի ասուլիսին մասնակցող Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն իր հերթին ասել է, որ Եվրոպական միությունը շարունակում է ուղեկցել Ուկրաինային միությանն անդամակցելու ճանապարհին:
«Եթե Ուկրաինան շարունակի լավ աշխատանքը, մենք պետք է պատրաստ լինենք հաջորդ տարվա սկզբին բացել անդամակցության բանակցությունների առաջին կլաստերը: Այդ տարվա ընթացքում դրան կարող են հետևել նաև մյուսները», - նշել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը: