Մատչելիության հղումներ

Մոսկվան Կիևին մեղադրում է ահաբեկչական գործողություններ կատարելու մեջ


Քննչական աշխատանքներ դեպքի վայրում, Մոսկվա, Ռուսաստան, 17-ը դեկտեմբերի, 2024թ.
Քննչական աշխատանքներ դեպքի վայրում, Մոսկվա, Ռուսաստան, 17-ը դեկտեմբերի, 2024թ.

Ռուսաստանն Ուկրաինային մեղադրել է իր տարածքում ահաբեկչական գործողություններ կատարելու մեջ: Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Ճառագայթային, կենսաբանական և քիմիական պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի և նրա օգնականի՝ երեկ տեղի ունեցած սպանությանը, ասել է, որ Ուկրաինան ահաբեկչական մեթոդներ է կիրառում:

«Այժմ ակնհայտ է, թե ովքեր են այս ահաբեկչությունը հրահրողները, ովքեր են կազմակերպիչները։ Եվս մեկ անգամ հաստատվում է, որ Կիևի ռեժիմը չի խուսափում ահաբեկչական մեթոդներ կիրառելուց։ Մենք հստակ հասկանում ենք, թե ով է մեր թշնամին, ինչի է ընդունակ, և սա ևս մեկ անգամ արդարացնում է մեր գործողությունները ռազմական հատուկ գործողության ժամանակ», - ասել է Պեսկովը։

Մինչ Կիևը պաշտոնապես չի ստանձնել այս պայթյունի պատասխանատվությունը, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն իր հերթին Տելեգրամում արած գրառմամբ ՆԱՏՕ-ին և Ուկրաինայի արևմտյան դաշնակիցներին մեղադրել է՝ Կիևին աջակցելու համար:

Նա, մասնավորապես, գրել է. «ՆԱՏՕ-ի բոլոր պաշտոնյաները, որոնք որոշում են կայացրել բանդերովյան Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ, մասնակցում են Ռուսաստանի դեմ հիբրիդային կամ սովորական պատերազմին ... Բոլոր այդ անձինք կարող են և պետք է համարվեն ռուսական պետության օրինական ռազմական թիրախ»:

ՆԱՏՕ-ից դեռ չեն արձագանքել Մեդվեդևի մեղադրանքներին:

Սպանության կասկածանքով ՌԴ իրավապահները ձերբակալել են Ուզբեկստանի քաղաքացու

Գեներալ Կիրիլովի և նրա օգնականի սպանության կասկածանքով այսօր Ռուսաստանի իրավապահները ձերբակալել են Ուզբեկստանի քաղաքացու՝ Ահմադ Կուրբանովին: Ըստ Անվտանգության դաշնային ծառայության՝ նա խոստովանել է հանցանքը և նշել, որ իրեն հավաքագրել են ուկրաինական հատուկ ծառայությունները։

«Նրանց հանձնարարությամբ նա ժամանել է Մոսկվա, ստացել է մեծ հզորության ինքնաշեն պայթուցիկ սարք և տեղադրել այն էլեկտրական ինքնագլորում, որը կայանել է Իգոր Կիրիլովի տան մուտքի մոտ։ Զինծառայողի բնակության հասցեին հետևելու համար նա վարձակալել է ավտոմեքենա և տեղադրել Wi-Fi տեսախցիկ, որի նկարահանած կադրերը ուղիղ հեռարձակվել են Դնեպրում գտնվող կազմակերպիչներին: Մուտքից դուրս եկող սպաների մասին տեսաազդանշան ստանալուց հետո ինքնաշեն պայթուցիկ սարքը գործի է դրվել հեռավար», - ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ Անվտանգության դաշնային ծառայության՝ 29-ամյա երիտասարդին ուկրաինական հատուկ ծառայությունները խոստացել են 100 հազար ԱՄՆ դոլար պարգևատրում և Եվրամիության երկրներից մեկում ապրելու հնարավորություն: Նրան սպառնում է մինչև ցմահ ազատազրկում:

Ռուսական «Կոմերսանտ» թերթի տվյալներով՝ կասկածյային հայտնաբերել են ավտովարձույթի ծառայության միջոցով: Կուրբանովը պատմել է, թե ուկրաինական հատուկ ծառայության աշխատակիցներն իրեն կանխավճար են տվել, որն ստանալուց հետո նրանց ցուցումով Տաշքենդից եկել է Մոսկվա: Այնտեղ արդեն պայթուցիկ սարքը վերցրել է հատուկ պահոցից և ռումբ պատրաստել։

Կրեմլին դա նյարդայնացնում է, քանզի տեղի է ունենում Մոսկվայում. քաղաքագետ

Ռուս քաղաքագետ Դմիտրի Օրեշկինն «Ազատության» «Նաստոյաշեե Վրեմյա» հեռուստաալիքին ասել է, որ պատերազմի ժամանակ բնականաբար նման սպանություններ կլինեն, նույն կերպ վարվում էին խորհրդային հետախույզները՝ գործելով հակառակորդի թիկունքում: Սակայն Կրեմլում նյարդայնացած են, քանզի դա տեղի է ունեցել հենց Մոսկվայում:

«Վերացվում են Ուկրաինայում մարտական գործողությունների կազմակերպմանը ներգրավված մարդիկ: Յուրաքանչյուր զինվորական պետք է գիտակցի, որ հակառակորդ ուժերի ուշադրության կենտրոնում է: Ոչ մի զարմանալի բան չկա դրանում: Կրեմլին դա նյարդայնացնում է, քանզի դա տեղի է ունենում Մոսկվայում: Սա նշանակում է, որ վնաս է հասցվել իշխանության հեղինակությանը, և ամեն ինչ չէ վերահսկողության տակ», - հավելել է Դմիտրի Օրեշկինը:

Երեկ տեղի ունեցած սպանությունից մեկ օր առաջ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Կիրիլովի նկատմամբ քրեական գործ էր հարուցել՝ նշելով, որ պատերազմի ընթացքում Ուկրաինայում նրա հրամանով բազմիցս քիմիական զենք է կիրառվել։

Կիրիլովի ղեկավարման տակ էր գործում Մոսկվային մոտ գտնվող ռազմական հետազոտական գաղտնի կենտրոնը, որն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո էապես ընդլայնվել է: Այս տարվա սկզբին Կիրիլովն ու այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեսչական ստուգում էին անցկացրել կենտրոնում: Հրապարակած կադրերում երևում էին սարքավորումներ, որոնք, ըստ փորձագետների, կիրառվում են կենսաբանական լաբորատորիաներում՝ նախատեսված ամենավտանգավոր պաթոգենների հետ աշխատելու համար:

XS
SM
MD
LG