Մատչելիության հղումներ

Զելենսկին, ըստ էության, բացառել է ռուսական գազը ադրբեջանականի անվան տակ Եվրոպա առաքելու սխեմաները


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի օրը հայտարարել է, որ թույլ չի տա Ռուսաստանին օգուտ քաղել Ուկրաինայի տարածքով գազի տարանցումից՝ բացառելով նաև այդ գազը ադրբեջանականի անվան տակ Եվրոպա առաքելու առաջարկվող սխեմաները։ Չնայած պատերազմին, Մոսկվան շարունակում է Ուկրաինայով գազ մատակարարել դեպի Եվրոպա՝ 2019 թվականին կնքված պայմանագրի շրջանակներում:

Կիևն արդեն հայտարարել է, որ չի երկարաձգելու այդ համաձայնագիրը, երբ այն ավարտվի 2024 թվականի վերջին։ Բայց քանի որ ԵՄ մի քանի երկրներ դեռ ռուսական գազ են ստանում, վերջին ամիսներին առաջարկներ են ի հայտ եկել նույն ենթակառուցվածքներով Ադրբեջանի կողմից գազի հնարավոր վաճառքի կամ առաքման վերաբերյալ: Առաջարկի համաձայն՝ Բաքուն գազ կգնի Ռուսաստանից, այնուհետև Ուկրաինայի տարածքով կառաքի դեպի Եվրամիություն:

Առանց ուղղակիորեն երկրի անունը տալու՝ Զելենսկին հինգշաբթի օրը բացառեց նման սխեման։ «Մենք խաղեր չենք խաղում: Եթե մի երկիր գազ է ստանում Ռուսաստանից, ապա այն առաքում, դա նույն բանն է»,- ասել է Զելենսկին,- «Մենք չենք պատրաստվում շարունակել ռուսական գազի տարանցումը: Մենք թույլ չենք տա, որ նրանք շարունակեն միլիարդներ վաստակել մեր արյան վրա»։

Մինչ այդ եվրոպական որոշ երկրներ դեռ կախված են ռուսական գազից։ Եվրամիությունը նշում է, որ 2023 թվականին Սլովակիան իր գազի 69 տոոկսը, իսկ Ավստրիան 60 տոկոսը ստացել են Ռուսաստանից:

XS
SM
MD
LG