Մատչելիության հղումներ

ՌԴ-ԱՄՆ պատվիրակություններն այսօր կհանդիպեն Էր-Ռիյադում


ԱՄՆ-ՌԴ բանակացություններ Էր-Ռիյադում, 18-ը փետրվարի, 2025թ․
ԱՄՆ-ՌԴ բանակացություններ Էր-Ռիյադում, 18-ը փետրվարի, 2025թ․

Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն այսօր Ուկրաինայի հարցով բանակցություններ կունենան Էր-Ռիյադում, փոխանցում է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը։

Նշվում է, որ ռուսական պատվիրակությունը կգլխավորեն Ռուսատանի նախկին փոխարտգործնախարար, Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը և Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան։

Ակնկալվում է, որ ԱՄՆ պատվիրակության կազմում կլինեն Պետդեպարտամենտի քաղաքականության պլանավորման տնօրեն Մայքլ Էնթոնը, ինչպես նաև Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի օգնականները և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը:

Ռուսական պատվիրակությունն Էր-Ռիյադ է ժամանել երեկ երեկոյան։ «Բանակցությունները կսկսվեն մարտի 24-ի առավոտյան», - ասել է Կարասինը։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ օրակարգում սևծովյան հացահատիկի գործարքի վերսկսումն է։ Նման պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը՝ վերջին հեռախոսազրույցի ժամանակ։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հաստատել է, որ պատվիրակությունները կենտրոնանալու են Սև ծովում ռազմական գործողությունների դադարեցման վրա, իսկ բանակցությունների հաջորդ փուլում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը քննարկելու են հրադադարի հաստատման, խաղաղապահների, տարածքների պատկանելիության հարցեր։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է Սաուդյան Արաբիայում «իրական առաջընթացի» հասնել։

«Կարծում եմ, որ երկուշաբթի օրը Սաուդյան Արաբիայում իրական առաջընթաց կլինի, մասնավորապես՝ Սև ծովում հրադադարի շուրջ», - ասել է նա՝ շեշտելով, որ «դրանից հետո, բնականաբար, ընացքը կլինի դեպի ամբողջական զինադադար»։

Նախօրեին Էր-Ռիյադում բանակցել են ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները։

XS
SM
MD
LG