Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում համաձայնել է 30 օրով դադարեցնել հարվածները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին և բանակցություններ սկսել Սև ծովի անվտանգության և ծովում կրակը դադարեցնելու հարցով։
Պուտինը նաև Թրամփին փոխանցել է, որ վաղը տեղի կունենա գերիների փոխանակում՝ 175-ը 175-ի դիմաց սկզբունքով։
Կրեմլի և Սպիտակ տան հաղորդագրությունների համաձայն՝ երկուսուկես ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում նախագահներ Թրամփն ու Պուտինը վերահաստատել են՝ հավատարիմ են Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ջանքերին։
ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդները քննարկել են նաև Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերությունները։ Ամերիկյան կողմի փոխանցմամբ՝ այդ հարաբերությունների բարելավումը զգալի հեռանկարներ է բացում ապագա տնտեսական համագործակցության և խաղաղության հաստատումից հետո աշխարհաքաղաքական կայունության ապահովման համար։