Մատչելիության հղումներ

Զելենսկին ընդունել է անվերապահ հրադադարի և էներգետիկ ենթակառուցվածքներին 30 օր չհարվածելու առաջարկը


Ուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը, արխիվ
Ուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը, արխիվ

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Զելենսկին երեկ հեռախոսով մոտ մեկ ժամ խոսել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու մասին: Ուկրաինայի նախագահն ընդունել է անվերապահ հրադադարի և էներգետիկ ենթակառուցվածքներին 30 օր չհարվածելու առաջարկը:

Նախագահները նաև քննարկել են այս նպատակներին հասնելուն ուղղված քայլերն ու ամերիկյան առաջնորդության ներքո տևական խաղաղության հասնելու ուղիները:

ԱՄՆ նախագահը սոցցանցում գրել է, որ հեռախոսազրույցը «շատ լավ» է անցել. - «Քննարկման մեծ մասը հիմնված էր նախագահ Պուտինի հետ նախօրեին տեղի ունեցած հեռախոսազանգի վրա, որպեսզի համաձայնեցվեն Ռուսաստանի և Ուկրաինայի պահանջներն ու կարիքները: Մենք ճիշտ ուղու վրա ենք»:

Ավելի ուշ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել են, որ առաջնորդները «ֆանտաստիկ» զրույց են ունեցել և պայմանավորվել են շարունակել աշխատել՝ պատերազմին վերջ դնելու համար, նաև համաձայնել, որ Թրամփի առաջնորդությամբ հնարավոր է հասնել կայուն խաղաղության:

Պետքարտուղարության հրապարակած հայտարարությունում նշվում է, որ ղեկավարները համաձայնության են եկել էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու շուրջ, Զելենսկին նաև վերահաստատել է պատրաստակամությունը լիակատար հրադադարի հարցում։

«Առաջիկա օրերին տեխնիկական թիմերը կհանդիպեն Սաուդյան Արաբիայում՝ քննարկելու հրադադարի ընդլայնումը դեպի Սև ծով՝ ամբողջական հրադադարի հասնելու ճանապարհին։ Նրանք համաձայնել են, որ սա կարող է լինել պատերազմը վերջնականապես ավարտելու և անվտանգության ապահովմանն ուղղված առաջին քայլը:

Քննարկվել է նաև Ուկրաինայի էլեկտրամատակարարման և ատոմակայանների հարցը։ Թրամփն ասել է՝ ԱՄՆ-ն իր փորձով կարող է շատ օգտակար լինել այդ կայաններն աշխատեցնելու հարցում, իսկ եթե դրանք դառնան ամերիկյան սեփականություն, ապա դա կլինի այդ ենթակառուցվածքի լավագույն պաշտպանությունը: Պարզ չէ՝ սակայն, Զելենսկին այս հարցում համաձայնություն տվե՞լ է:

Ուկրաինայի նախագահը նաև Patriot տեսակի հակաօդային պաշտպանության հավելյալ համակարգեր է խնդրել: Սպիտակ տան ղեկավարը համաձայնել է գտնել այն, ինչ հասանելի է, հատկապես Եվրոպայում:

Նախագահ Զելենսկին իր հերթին սոցցանցում գրել է, թե հավատում են, որ Թրամփի առաջնորդության ներքո հնարավոր կլինի կայուն խաղաղության հասնել արդեն այս տարի: Հաստատել է, որ համաձայնել է ինչպես լիակատար հրադադարի, այնպես էլ էներգետիկ ենթակառուցվածքներին չհարվածելու առաջարկին:

«Ուկրաինան հաստատեց, որ մենք պատրաստ ենք իրագործել այն։ Մեր թիմերն այս քայլը քննարկել են Ջիդդայում։ Ամերիկյան կողմը նաև առաջնագծում անվերապահ զինադադարի առաջարկ է արել, Ուկրաինան ընդունել է նաև այս առաջարկը», - ընդգծել է Վլադիմիր Զելենսկին։

Եվրամիության երկրները խոստանում են շարունակել ռազմական աջակցությունը Կիևին

Հրադադարի շուրջ ընթացող բանակցությունների ֆոնին Եվրամիության երկրները խոստանում են շարունակել ռազմական աջակցությունը Կիևին: Դաշինքի առաջնորդներն այսօր և վաղը կհանդիպեն Բրյուսելում և ակնկալվում է, որ կվերահաստատեն մոտեցումը, որ Ուկրաինան պետք է լինի ուժեղ, որպեսզի ուժի դիրքերից բանակցի:

Հանդիպումն ամփոփող հայտարարության նախագծում, որը հայտնվել է «Ազատության» տրամադրության տակ, նաև ասվում է, որ դաշինքը շարունակում է հավատարիմ մնալ Ուկրաինային և նրա ժողովրդին հետագայում համապարփակ աջակցություն ցուցաբերելու հանձնառությանը, որպեսզի այն կարողանա պաշտպանվել ռուսական ագրեսիայի դեմ: Զելենսկին նույնպես կմասնակցի հանդիպմանը և ելույթ կունենա:

Նախագահ Զելենսկին այսօր հաստատել է, որ արևմտյան գործընկերներից ստացել են ամերիկյան ևս մի քանի F-16 կործանիչներ:

Այս ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են հարվածել միմյանց: Ուկրաինական անօդաչուի հարվածից ռուսական Էնգելսում գտնվող նավթի բազայում հրդեհ է բռնկվել: Ռուսական անօդաչուների հարվածից ուկրաինական Կիրովոգրադի շրջանում ութ մարդ է տուժել, Դոնեցկում մեկ մարդ է սպանվել անօդաչուի հարվածից, անօդաչուներով հարձակման է ենթարկվել ուկրաինական Կրոպիվնիցկի քաղաքը, որն ըստ տեղական իշխանությունների, ամենազանգվածային հարձակումն է քաղաքի վրա պատերազմի սկսվելուց ի վեր:



XS
SM
MD
LG