Մատչելիության հղումներ

Բայդենը, Հարիսը շնորհավորեցին Թրամփին. ԱՄՆ գործող և նորընտիր նախագահները կհանդիպեն Սպիտակ տանը


ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդեն, 45-րդ և 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդեն, 45-րդ և 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Նախագահական և Կոնգրեսի ընտրություններում դեմոկրատների ջախջախիչ պարտությունից հետո Ամերիկայի առաջնորդ Ջո Բայդենը մի քանի ժամից պատրաստվում է ուղերձով դիմել ամերիկացիներին՝ խոստանալու իշխանության խաղաղ փոխանցում Դոնալդ Թրամփին։

Նորրընտիր նախագահը 75 օր ունի իշխանությունը ստանալու համար, նրա երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին:

Մինչ այդ Թրամփը պետք է կազմավորի իր նոր վարչակազմը՝ ընտրելով առանցքային պաշտոնների թեկնածուներին՝ պետքարտուղարից մինչև խորհրդականներ։ Հարյուրավոր թեկնածուներ պետք է հաստատվեն Սենատի կողմից, որտեղ արդեն մեծամասնություն են կազմում Թրամփի կուսակիցները։

Ամերիկայի 45-րդ նախագահը Սպիտակ տուն է վերադառնում՝ ստանալով քաղաքացիների և Ընտրիչների կոլեգիայի քվեների բացարձակ մեծամասնությունը, դառնալով ԱՄՆ պատմության մեջ երկրորդ նախագահը, որը վերընտրվեց քառամյա դադարից հետո։ Այդ ճանապարհին Թրամփին չխանգարեցին անհաղթահարելի թվացող խոչընդոտները՝ իր դեմ հարուցված բազմաթիվ գործերը, մահափորձերը, քրեական հանցագործության համար դատապարտված լինելը, ոչ էլ այն հանգամանքը, որ նա պաշտոնավարման առաջին ժամկետն ավարտեց որպես Նահանգների առաջին նախագահ, որը երկու անգամ իմփիչմենթի է ենթարկվել:

Թրամփի համոզիչ հաղթանակը երեկ շտապեց շնորհավորել նախագահ Բայդենը, Սպիտակ տան մամլո ծառայության փոխանցմամբ՝ հանրապետական թեկնածուի հետ հեռախոսազրույցի ընթացքում նախագահը «վերահաստատել է իր հանձնառությունը՝ ապահովելու իշխանության սահուն փոխանցում, ընդգծել երկիրը միավորելու ուղղությամբ աշխատելու կարևորությունը»:

Չնայած երկու գործիչների միջև երկարամյա քաղաքական թշնամանքին՝ հեռացող նախագահը Թրամփին նաև Սպիտակ տանը հանդիպելու առաջարկ է արել։ Հանրապետական առաջնորդի նախընտրական շտաբի խոսնակ Սթիվեն Չյունգի փոխանցմամբ՝ Թրամփն «անհամբերությամբ է սպասում հանդիպմանը և բարձր է գնահատել» Բայդենի զանգը։

Ժողովրդական արժեքների համար Հարիսի պայքարը չի ավարտվել

Թրամփը շնորհավորանքներ է ստացել նաև իր մրցակից Քամալա Հարիսից, որը երեկ՝ ցավոտ պարտությունից հետո իր առաջին ելույթում, աջակիցներին հորդորում էր չվհատվել՝ հայտարարելով, որ ժողովրդական արժեքների համար իր պայքարը չի ավարտվել։

«Այս ընտրությունների ելքն այն չէ, ինչ մենք ցանկանում էինք, ինչի համար պայքարում էինք, ինչի համար քվեարկել ենք։ Բայց... Ամերիկայի խոստման լույսը միշտ վառ կլինի, քանի դեռ մենք չենք հանձնվել», - ասում էր Հարիսը:

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը ելույթ է ունենում Հովարդի համալսարանի շենքի դիմաց, Վաշինգտոն, 6-ը նոյեմբերի, 2024թ.
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը ելույթ է ունենում Հովարդի համալսարանի շենքի դիմաց, Վաշինգտոն, 6-ը նոյեմբերի, 2024թ.

Վաշինգտոնի Հովարդի համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ հավաքված հետևորդներին դիմելով փոխնախագահ Հարիսը վերահաստատեց՝ ընդունում է ընտրությունների արդյունքները, իր հերթին խոստանալով «իշխանության խաղաղ փոխանցում» ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին։ Ընդ որում, այդ մասին հայտարարելիս նա հատուկ առոգանությամբ հնչեցրեց բառերը՝ ակնհայտորեն ցանկանալով ընդգծել և իրեն հակադրել 45-րդ նախագահին, որը 2020 թվականի պարտությունն այդպես էլ չընդունեց՝ միաժամանակ չներկայացնելով ընտրությունների կեղծման հստակ փաստեր:

Հարիսը, այդուհանդերձ, չհստակեցրեց՝ ինչպես է շարունակելու պայքարը, արդյոք նախագահական ընտրություններում իր ծանր պարտությունից հետո մտադիր է երկրորդ անգամ պայքարել Ամերիկայի առաջին կին նախագահը դառնալու համար։

Փոխարենը, նա հպանցիկ խոսեց անհաջողությունների բախված Դեմոկրատական կուսակցությունը մոբիլիզացնելու մասին, որը Թրամփի ըստ ամենայնի միահեծան քառամյա պաշտոնավորումը դիմավորում է առանց հստակ առաջնորդի և, ինչպես ընդդիմախոսներն են նկատում, առանց հստակ պլանի։

Ներկայացուցիչների պալատի ընտրությունների քվեների հաշվարկն այս պահին էլ դեռ շարունակվում է, և հանրապետականների հաղթանակի դեպքում Թրամփը կունենա միահեծան իշխանություն։

«Թևաթափ լինելու ժամանակը չէ, այժմ ժամանակն է կազմակերպվել, մոբիլիզացվել և ներգրավված մնալ հանուն ազատության, արդարության և ապագայի, որը, ինչպես բոլորս գիտենք, կարող ենք միասին կառուցել», - ասաց ԱՄՆ գործող փոխնախագահը:

Թրամփի հաղթանակը Հարիսի համար անսպասելի էր

Ամերիկյան մամուլը նկատում է, որ Թրամփի հաղթանակը դեմոկրատ թեկնածուի համար բավական անսպասելի էր, քանի որ քարոզարշավի ընթացքում բոլոր հարցումները հակառակի մասին էին փաստում։ Ուշագրավ է սակայն, որ դեմոկրատները պարտվել են նույնիսկ այսպես կոչված կապույտ նահանգներում, որտեղ նախկինում առավելություն ունեին․ օրինակ՝ համալսարանական խոշոր քաղաքներում փոխնախագահ Հարիսը 2-3 տոկոսով պակաս քվեներ է ստացել, քան Բայդենը չորս տարի առաջ։ Ընդ որում, հանրապետական առաջնորդը ոչ միայն գյուղաբնակ ամերիկացիների, այլև էթնիկ փոքրամասնությունների՝ այդ թվում աֆրոամերիկացիների աջակցությունն է ստացել, որոնք տասնամյակներով համարվում էին դեմոկրատների ամենահավատարիմ ընտրողները:

Հարիսն ու նրա կուսակիցները հիմնականում փորձում էին «կարմիր հոսքը» կասեցնել «ժողովրդավարության համար Թրամփի սպառնալիքի» մասին նախազգուշացումներով, մինչդեռ Թրամփն առանց հոգնելու հնչեցնում էր իրեն հաջողություն բերած 2016 թվականի նախընտրական խոստումները՝ շեշտը դնելով մարդկանց հուզող ամենօրյա խնդիրների լուծման վրա՝ տնտեսական բարեկեցություն, երկրի սահմանների անվտանգություն։

Հանրապետականներին հարող ամերիկյան առաջատար պարբերականներից մեկը՝ The Wall Street Journal-ը նշում է, որ Թրամփի հաղթանակը հնարավոր է դարձել նաև Բայդենի վարչակազմի ու Կոնգրեսում դեմոկրատների տապալված քաղաքականության շնորհիվ, որոնք հակառակ իրենց խոստումների չեն միավորել ամերիկացիներին և չեն ապահովել տնտեսական բարգավաճում։

Դեմոկրատական կուսակցությունը «երես է թեքել բանվոր դասակարգից»

Դեմոկրատ սենատոր Բերնի Սանդերսը երեկ հրապարակած հայտարարությունում պնդում է, որ իր կուսակցությունը երես է թեքել բանվոր դասակարգից:

«Նախ սպիտակամորթ բանվոր դասակարգից, այժմ նաև լատինամերիկյան և սևամորթ բանվորներից։ Մինչ դեմոկրատների ղեկավարությունը պաշտպանում է ստատուս քվոն, ամերիկացի ժողովուրդը, զայրացած, փոփոխություններ է ցանկանում։ Եվ ճիշտ է անում», - հայտարարել է Սանդերսը՝ կարծիք հայտնելով, որ կուսակցությունը չի կարողանա դասեր քաղել այս ընտրարշավից։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG