Մոտեցել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների պահը. Ֆինլանդիայի նախագահ
Ֆինլանդիայի նախագահը ֆրանսիական Le Monde-ին (Լըմոնդ) տված հարցազրույցում հայտարարել է, թե մոտեցել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների պահը։
«Ուկրաինան և Զելենսկին շատ ավելի ուժեղ վիճակում են, քան երկու ամիս առաջ: Նրանք ապահովված են անհրաժեշտ սարքավորումներով և բյուջեով իրենց դիրքերը պահպանելու համար: Մենք այլևս այն իրավիճակում չենք, որում գտնվում էինք գարնանը, երբ ամերիկյան օգնությունը արգելափակվեց, իսկ Եվրոպան դժվարություններ ուներ։ Այսօր չկա նաև ռուսական բանակի բեկում», - ասել է Ալեքսանդր Ստուբը։
Ըստ նրա՝ բանակցությունների մեկնարկն անպայմանորեն չի նշանակում զիջումների գնալու պատրաստակամություն, սակայն Ֆինլանդիայի նախագահը նաև շեշտել է, թե չպետք է ռուսների հետ երկխոսությունն սկսելու պայման դնել՝ ռուսական զորքերը 1991 թվականի սահմաններից դուրս հանելու պահանջ։
Կիևն ու Մոսկվան արդեն մի քանի ամիս է՝ գրեթե ամեն օր խոսում են բանակցություններ սկսելու պատրաստակամությունից։ Մոսկվայից, սակայն, հայտարարում են, թե պետք է հաշվի առնել այն իրավիճակը, որ ստեղծվել է ճակատում, իսկ ճակատում նրանք շարունակում են առաջ գնալ, չնայած որ Ուկրաինան շարունակում է ստանալ արևմտյան և առաջին հերթին ամերիկյան ռազմական օգնություն։
ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթների մասին
Նախօրեին Միացյալ Նահանգները Ուկրաինային ռազմական օգնության երկու նոր՝ 200 միլիոնի և 1,5 մլրդ դոլարի փաթեթների մասին է հայտարարել։ Առաջին փաթեթի մասին տեղեկացրել է Սպիտակ տան ազգային անվտանգության հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին:
«Այն ներառում է հակաօդային պաշտպանության համակարգեր, HIMARS զինամթերք, ականանետային արկեր և Javelin հակատանկային հրթիռներ։ Այս ամենն ապահովված է սպառազինությունների կրճատման նախագահական լիազորությունների շրջանակներում, ինչը նշանակում է, որ այն Ուկրաինա կգնա անմիջապես ամերիկյան բանակի պահեստներից», - նշել է նա։
Երկրորդ՝ ավելի թանկ փաթեթի մասին էլ պաշտպանության նախարարությունն է տեղակացրել։ Այս մեկը ևս ներառում է հակաօդային պաշտպանության միջոցներ ու հրթիռներ, նախկինում տրամադրված սարքավորումների պահպանման միջոցներ, HIMARS և NASAMS համակարգերի զինամթերք, բարձր ճշգրտության ավիացիոն զինամթերք, հրետանային արկեր և ականանետային ականներ։ Ընդհանուր առմամբ, պատերազմի սկզբից ի վեր Վաշինգտոնը Կիևին հատկացրել է ավելի քան 55 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։
«Մենք լրացուցիչ պահանջները գնահատել ենք 12-15 միլիարդ դոլար». Ուկրաինայի ֆինանսների նախարար
Պաշտոնական Կիևի գնահատմամբ՝ շարունակվող պատերազմի պայմաններում Ուկրաինային ևս 12-15 միլիարդ դոլար է պետք, այս մասին խոսել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն՝ հավելելով, թե կանխատեսումը, որ պատերազմի ակտիվ փուլը կտևի մինչև 2024 թվականի կեսերը, չիրականացավ, այն կշարունակվի մինչև 2025 թվականը. - «Մենք այժմ անընդհատ քննարկում ենք մեր գործընկերների հետ, որ մեզ անհրաժեշտ է լրացուցիչ ֆինանսական հավաստիացում, և մենք լրացուցիչ պահանջները գնահատել ենք 12-15 միլիարդ դոլար»։
Իրավիճակը ռազմաճակատում
Մինչ ամերիկյան նոր օգնությունը տեղ կհասնի, ռուսները մոտենում են Դոնեցկի մարզի Պոկրովսկի մերձակայքում Ուկրաինայի զինված ուժերի ռազմավարական երթուղուն։
Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ վերջին 24 ժամում ռուսական զորքերն ավելի քան հիսուն գրոհ են ձեռնարկել Պոկրովսկի ուղղությամբ։ Reuters-ի փոխանցմամբ՝ Պոկրովսկը դարձել է Չասով Յար և Կոնստանտինովկա գյուղերի մոտ ուկրաինական զորքերի առաջապահ դիրքերի մատակարարման կարևոր ուղի։ Պոկրովսկի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Դոբրյակի խոսքով՝ ռազմաճակատի գիծն այժմ քաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա է։
Պոկրովսկի շատ բնակիչներ, ըստ Դոբրյակի, դժկամությամբ են տարհանվում։ Վարչակազմի ղեկավարն ասում է՝ այնտեղ դեռ 60 հազար մարդ է ապրում։
Արդեն մի քանի ամիս մշտական հրատակոծության տակ գտնվող և ավերակների վերածված Չասով Յար քաղաքում նույնպես դեռ խաղաղ բնակիչներ կան։ «Ազատության» Настоящее время հեռուստալիքի լրագրողները տեղից հայտնում են, որ այստեղ առնվազն 500 բնակիչ է մնացել։
«Ազատության» թղթակցի փոխանցմամբ՝ Չասով Յարի բնակիչները շատ զգույշ են խոսում, չգիտեն, թե վաղը ում է պատկանելու քաղաքը։
Իսկ ռուսները պատերազմը կանգնեցնելու մտադրություն, կարծես թե, չունեն, թեև խոսում են բանակցությունների պատրաստակամության մասին։ Նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կրկին պնդել է, թե կասկած չկա, որ ռուսները հասնելու են «ռազմական հատուկ օպերացիայի» (այսպես է Ռուսաստանն անվանում իր ներխուժումն Ուկրաինա) բոլոր նպատակներին։
Պաշտոնական Մոսկվայի հռետորաբանությունը պատերազմի 2.5 տարում գրեթե չի փոխվել, չնայած որ ռուսական տարածքները, հատկապես սահմանակից մարզերը ուկրաինական անօդաչուների և հրթիռների թիրախում են։ Ուկրաինայի բանակը երեկ հայտնել էր, որ հարվածել է Կուրսկի շրջանում գտնվող չորս էլեկտրական ենթակայաններին: Գլխավոր շտաբը շեշտում է, որ պատերազմի համար աշխատող ռուսական արդյունաբերությունն օրինական թիրախ է ուկրաինական հարվածների համար։