Մատչելիության հղումներ

Փարիզը հուսով է, որ Բաքուն նախքան COP 29-ը կապացուցի, որ ցանկանում է հասնել խաղաղության


«Պետք է կարողանանք առաջ գնալ այս թեմայի շուրջ շատ արագ». Սեժուրնեն՝ խաղաղության պայմանագրից

Մինչ Երևանը վերահաստատում է խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված կետերը ստորագրելու պատրաստակամությունը, Փարիզը հույս է հայտնում, որ Բաքուն նախքան նոյեմբերին կայանալիք COP 29-ը կապացուցի, որ ցանկանում է հասնել խաղաղության։

«Հայաստանը ցանկանում է խաղաղություն, Ֆրանսիան ցանկանում է խաղաղություն, միջազգային հանրությունը ցանկանում է խաղաղություն, և քանի որ Ադրբեջանը շուտով կհյուրընկալի COP 29-ը, նրա պատասխանատվությունն է ցույց տալ, որ անկեղծորեն ցանկանում է հասնել այդ խաղաղությանը նախքան COP 29-ը։ Կարծում եմ, որ պետք է կարողանանք առաջ գնալ այս թեմայի շուրջ շատ արագ», - հայտարարեց երեկվանից Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։

Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի աջակցությունը. Փաշինյան

Նա այսօր առանձնազրույցներ է ունեցել նախ Հայաստանի արտգործնախարարի, ապա վարչապետի հետ։ Ըստ կառավարության հաղորդագրության` Սեժուրնեի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է ամրապնդել իր ինքնիշխանությունը, անկախությունն ու պետականությունը և այդ ճանապարհին բարձր է գնահատում Ֆրանսիայի աջակցությունը։

Մինչ այդ ֆրանսիացի նախարարը Արտգործնախարարության ճեպազրույցում վերհաստատեց՝ Փարիզն աջակցում է Երևանի ու Բաքվի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը կհաստատի արդար ու կայուն խաղաղություն։ Նույն սկզբունքները, ըստ Սեժուրնեի, պետք է լինեն նաև դելիմիտացիայի գործընթացի հիմքում։

«Պայմանագիր, որ կհարգի սուվերենությունը, երկու երկրների տարածքային ամբողջականությունը։ Սա Ալմա-Աթայում 1991 թվականին ստորագրված փաստաթղթի ամբողջ իմաստն է, և Պրահայում 2022 թվականին քաղաքական հանրությանն այս նույն գաղափարն է ներկայացվել», - հավելեց նա։

Օր առաջ պատրաստ ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրը. Միրզոյան

Հայաստանի վարչապետն ու արտգործնախարարը վերջին օրերին իրար հաջորդելով արդեն 5 անգամ հայտարարել են՝ Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրն արդեն համաձայնեցված կետերով։ Միրզոյանն այսօր էլ վերահաստատեց՝ չնայած Բաքվից շարունակ հնչող պատասխանին, որ դա Ադրբեջանն անհնար է համարում։ Բաքուն նաև պնդում է, որ անհնար է ստորագրել խաղաղության պայմանագիր մինչև Հայաստանը չփոխի իր Սահմանադրությունը։

«Տեղյակ եք, որ փոխանցել ենք մեր հերթական խմբագրական առաջարկները, որում Հայաստանի և Ադրբեջանի միջև բացառապես փոխհամաձայնեցված տեքստ է։ Կրկին մենք օր առաջ պատրաստ ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրը՝ այն տեքստը, որն արդեն համաձայնեցված է Ադրբեջանի և Հայաստանի միջև, համաձայնագիր, որն, ըստ էության, երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը կճանաչեն, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա՝ մի փաստաթուղթ, որը սահմանում է ի թիվս այլ բաների, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններն այն սահմաններն են, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության շրջանում՝ դրա փլուզման պահին երկու երկրների միջև», - հայտարարեց Արարատ Միրզոյանը։

Չնայած Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ակնհայտ թշնամանքին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. նախարար

Արտգործնախարարի պաշտոնում առաջին անգամ Երևան ժամանած Սեժուրնեն իր հերթին ընդգծեց՝ Փարիզն աջակցում է Երևանին նաև ազատության ու ժողովրդավարության գործընթացում, ընդ որում՝ նրա խոսքով՝ Հայաստանի հետ բարեկամությունը Ֆրանսիայում այն քիչ թեմաներից է, որի շուրջ համաձայնություն կա քաղաքական տարբեր բևեռներում։

«Այցելելով Երևան այսօր՝ ես նաև եկել եմ արտահայտելու Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին Ֆրանսիայի բարեկամությունը, համերաշխությունը և աջակցությունը՝ չնայած սպառնալիքին և վախեցնելու փորձերին, չնայած Ռուսաստանի բացահայտ թշնամանքին, չնայած այդ ամենին՝ Հայաստանը շարունակում իր ուղին դեպի ազատություն, դեպի ժողովրդավարություն, առաջ է գնում փուլ առ փուլ», - ընդգծեց ֆրանսիացի պաշտոնյան։

Փարիզն աջակցում է Երևանին նաև պաշտպանության ոլորտում

Փարիզն աջակցում է Երևանին նաև պաշտպանության ոլորտում. Սեժուրնեն շեշտեց, որ Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքային ամբողջականությունն ու բնակչությանը. - «Բարեկամների միջև բնական է համագործակցությունը նաև այս բնագավառում, և մենք դա անում ենք՝ հարգելով սուվերենությունը և առանց որևէ էսկալացիայի կամքի»։

Սեժուրնեն հայտնեց, որ իր ղեկավարած նախարարությունում նոր պաշտոն են ստեղծել, որը համակարգում է Հայաստանի ու Ֆրանսիայի միջև համագործակցության ծրագրերը։

Ե՛վ Միրզոյանի, և՛ Փաշինյանի հետ բանակցություններում կողմերը կարևորեցին Երևանի ու Բրյուսելի միջև սկսված վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը և Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցելու որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG