Հայաստանն ուզում է ամրապնդել և ուժեղացնել իր ինքնիշխանությունը, անկախությունը, պետականությունը, և այս ճանապարհին, շատ բարձր է գնահատում Ֆրանսիայի աջակցությունն, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդունելով Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեին։
Հայաստանի գործադիրի ղեկավարը կարևորել է Ֆրանսիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը, այդ թվում՝ անվտանգության ու տնտեսության ոլորտներում:
Վարչապետն ընդգծել է նաև ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման գործում աջակցություն ցուցաբերելու Ֆրանսիայի պատրաստակամությունը:
«Ֆրանսիան շարունակելու է իր աջակցությունը հայ ժողովրդին»
Ստեֆան Սեժուրնեն, իր հերթին, շեշտել է Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացման կարևորությունն անվտանգության ու տնտեսության բնագավառներում:
«Ֆրանսիան Հայաստանի կողքին է և շարունակելու է իր աջակցությունը հայ ժողովրդին, մենք նաև բոլոր ջանքերը գործադրել ենք, որպեսզի ամրապնդվեն հարաբերությունները մեր երկու ժողովուրդների միջև», - ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի՝ նշել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը:
Փաշինյանն ու Սեժուրնեն քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր, կարևորել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ինչպես նաև Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցելու որոշման ընդունումը:
Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի արտգործնախարարն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:
Ֆրանսիայի արտգործնախարարը երեկ է ժամանել Հայաստան
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ նա երեկ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ապա եղել է Վեդիի ջրամբարում, որը կառուցվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և կառավարության համաֆինանսավորմամբ։
Այսօր կայացել է Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարների պաշտոնական հանդիպումը։ Միրզոյանն ու Սեժուրնեն նախ առանձնազրույց են ունեցել, ապա հնադիպումը շարունակվել է ընդլայնված կազմով։
Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ քննարկվել է հարցերի լայն շրջանակ. Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններ, ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգ, տարածաշրջանային կայունության ու անվտանգության հարցեր։ Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Ստեֆան Սեժուրնեն հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։