Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։
Ըստ հայկական կողմի՝ Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում Փաշինյանին դիմավորել է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև քննարկումները կշարունակվեն ընդլայնված կազմով:
Քննարկումների արդյունքներով Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան հայտարարություններով:
Վրաստանի վարչապետը մարտին էր այցելել Երևան, դա նրա կատարած առաջին պաշտոնական այցն էր։ Կոբախիձեն Վրաստանի խորհրդարանի կողմից վարչապետ ընտրվեց այս տարվա փետրվարին, ինչից օրեր առաջ Հայաստանի վարչապետ Փաշինյանի ու Վրաստանի նախորդ վարչապետ Ղարիբաշվիլի կողմից ստորագրվել էր ռազմավարական համագործակցության հռչակագիր։ Փաշինյանը հույս էր հայտնել, որ խորացող ռազմավարական գործընկերությունը կծառայի երկու պետությունների և տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը։
Երևան ժամանելուց մոտ մեկ շաբաթ առաջ Կոբախիձեն Բաքվում էր, որտեղ ևս շեշտել էր, որ խաղաղությունն ու կայունությունը հատուկ ուշադրության կարիք ունեն։ Թբիլիսին անցած տարիներին փորձել է նաև հյուրընկալել հակամարտող հարևաններին։
2021-ի ամռանն Ադրբեջանում պահվող 15 հայ գերիներն ազատ արձակվեցին նաև Թբիլիսիի միջնորդությամբ, հաղորդվում էր, որ գործընթացում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անձամբ էր ներգրավված եղել։
Երևանում «Ազատություն»-ը հարցրել էր Կոբախիձեին, թե արդյոք հիմա էլ Թբիլիսին փորձում է միջնորդել գերիների վերադարձի հարցում, Վրաստանի վարչապետը հարցն անպատասխան էր թողել։
Անցած դեկտեմբերին Ադրբեջանն ազատ արձակեց 32 հայ գերիների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցիների, որոնցից մեկը դատապարտվել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին սպանելու համար։
Օրերս հաղորդվեց, որ Ադրբեջանի հետ բանակցվող խաղաղության պայմանագրի նախագծում գերիների հարցը ներառված չէ, այն ընդգրկված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Սա 44-օրյա պատերազմից հետո համաձայնեցված միակ փաստաթուղթն է, որում հստակ ամրագրված է գերիների վերադարձը, բայց անգամ այս դեպքում հարցը լուծում չի ստացել:
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանի բանտերում 23 հայ գերի է պահվում, նրանց թվում Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ութ ներկայացուցիչները։
Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։