Բաղրամյան պողոտայում երեկ ոստիկանական գործողությունների հետևանքով տասնյակ լրագրողներ են տուժել, մարմնական վնասվածքներ են ստացել, վնասվել է նաև մի քանիսի տեխնիկան։ Լուսաձայնային նռնակի պայթյունից կոտրվել է News.am-ի օպերատոր Վազգեն Եթումյանի ոտքը։
Առաջին բուժօգնություն քաղաքացիներն են ցույց տվել, ապա նրան հիվանդանոց են են տեղափոխել։
«Ինձ անմիջապես հարակից տարածքում՝ կողքս, շատ մոտ ցուցարար էլ չկար այդ պահին, ու մի քանի պայթուցիկ նյութերը հենց անմիջապես իմ կողքն են պայթում», - «Ազատության»-ը պատմեց մեկ էլ լրատվամիջոցի՝ Civilnet-ի օպերատոր Նարեկ Հայրյանը, որը ոստիկանական գործողության ընթացքում երեք սալջարդ է ստացել։
«Աչքերիս առջև այդ պահին սևացավ, ինքնազգացողությունս վատացավ։ Ընթացքում իմ ոտքն է վնասվել, ես ընկել եմ, երեք տեղից սալջարդ ունեմ՝ ոտքիս վրա ուռած, կապտած հետքերով», - ասաց նա։
Օպերատորի ինքնազգացողությունը հիմա էլ լավ չէ։
Վնասվել է նաև Armlur.am-ի օպերատոր Հովսեփ Հովսեփյանի ոտքը։
Բաղրամյանում երեկ ամբողջ օրն էր լարված. հատուկ միջոցներ կիրառելուց առաջ՝ ժամը 18-ի սահմաններում ևս հրմշտոց եղավ։ Դրա ընթացքում նույնպես լրագրողներ են տուժել։
Mediahub-ի լրագրող Նարե Գևորգյանը հենց այդ հատվածում է վնասվել, հայտնվել է հրմշտոցի արանքում, ստամոքսի հատվածում ցավ է զգացել:
«Չէի կարողանում շնչել», - պատմում է նա։
Գործընկերներն են Գևորգյանին հիվանդանոց տեղափոխել, բուժննում է անցել, պարզվել է՝ սալջարդ ունի։
Նույն պահին տուժել են ABC media-ի լրագրող Նանե Հայրապետյանն ու օպերատոր Արման Ղարիբյանը, բժիշկները երկուսի դեպքում էլ ուղեղի ցնցում են կասկածում։
«Ոստիկանները, հաշվի չառնելով այն, որ ես հագել էի press գրությամբ շապիկ, մեջքիս նույնպես գրված էր ABC media, ու ակնհայտ էր, որ ես լրատվամիջոցի ներկայացուցիչ եմ, օպերատորս էլի կրում էր բեյջ, ձեռքին կար տեսախցիկ, ու իմ ձեռքին էլ կար բարձրախոս, ոստիկաններն անցան մեր վրայով բառիս ամենաբուն իմաստով։ Ոտքերս ամբողջությամբ վնասվել են, ոտքերիս վրայով են անցել, օպերատորիս գլուխն, աչքն են վնասել, ճակատային մասին են հարվածներ հասցրել», - ասաց լրագրողը։
ABC media-ի այս խմբին փոխարինած մյուս լրագրողն ու օպերատորը քիչ ուշ արդեն լուսաձայնային նռնակների պայթյունից են տուժել։
Լրատվամիջոցի ներկայացուցիչներին երեկ քննիչներն են մոտեցել, պատմել են կատարվածը, Նանե Հայրապետյանի պատռված շապիկն են առգրավել, դատաբժշկական փորձաքննության են հրավիրել։ Այլ մանրամասներ լրագրողին առայժմ հայտնի չեն:
Քննչական կոմիտեն երեկվա իրադարձությունների հետքերով առայժմ մեկ՝ «զանգվածային անկարգությունների» քրեական վարույթի մասին է հաղորդել, լրագրողների մասին ոչ մի խոսք առայժմ չկա։
Լրագրողների նկատմամբ բռնությունը դատապարտող հայտարարություն Ժուռնալիստների միությունն է արել։ Իշխանություններից պահանջում են անհապաղ բացահայտել ու լրագրողների նկատմամբ նման վերաբերմունքի համար պատասխանատուներին քրեաիրավական գնահատականի արժանացնել։ Մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ ևս հայտարարություն են պատրաստել, բայց այն դեռ չի հրապարակվել։ Լրագրողների նկատմամբ բռնություններին առայժմ չեն արձագանքել իշխանությունները։